Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Նոր Արեշի վթարային հանրակացարանի բնակիչներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 35 փողոց 127/1 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչների լիազոր խմբի ներկայացուցիչներին: Բազմաբնակարան հանրակացարանային շենքը 2008 թ. կատարված մասնագիտական հետազոտության արդյունքում գնահատվել է 4 -րդ աստիճանի վնասվածության: Երևանի քաղաքապետի առաջարկությամբ շենքը ընդգրկվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված Երևան քաղաքի տարածքում վթարային 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգում:
«Մենք անհանգստացած ենք ոչ միայն այս, այլ նաև 4 րդ կարգի վթարայնություն ունեցող բոլոր այն շենքերի ճակատագրով, որոնք կան Երևան համայնքում: Հարցը միշտ օրակարգում է, քննարկվում են փուլային լուծման տարբերակներ»,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը լսել է հանրակացարանի լիազոր ներկայացուցիչների մտահոգությունները և առաջ քաշած հարցերը` տեղեկացնելով, որ թեև գործող օրենսդրության շրջանակում վթարային շենքերի վերաբնակեցումը ենթակա է իրականացման պետական բյուջեի միջոցներով, սակայն խնդրի լուծման հրատապությունից ելնելով` քաղաքապետարանը դիմել է համապատասխան գերատեսչություններին`ներկայացնելով համաֆինանսավորման միջոցով բնակելի ֆոնդի ստեղծման առաջարկ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև շարունակել քննարկումները` հարցին լուծումներ գտնելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել