HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

770 ջրառատցի ստորագրությամբ անվստահություն է հայտնել համայնքի ղեկավարին

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի 770 բնակիչ դեկտեմբերի 28-ին դիմել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ համայնքապետ Սամվել Գալստյանի լիազորությունները դադարեցնելու և արտահերթ ընտրություններ կազմակերպելու պահանջով: Ջրառատ համայնքի լարված մթնոլորտին «Հետք»-ը պարբերաբար անդրադարձել է: Բանը հասել էր նրան, որ նախորդ տարվա հուլիսի 4-ին Ջրառատ համայնքի ավագանին արտահերթ նիստով որոշել էր դադարեցնել համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի լիազորությունները: Այդ որոշմանը կողմ էր քվեարկել ավագանու 7 անդամից 5-ը:

«Հաշվի առնելով Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի (որը հանդիսանում է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ որդին) անբարեխիղճ, անտարբեր և ապօրինի աշխատանքը, անհարգալից վերաբերմունքը համայնքի ավագանու, աշխատակազմի և բնակիչների նկատմամբ, իր և իր թիմակիցների կողմից գյուղում ստեղծված գաղջ մթնոլորտը, մարզպետարանի մասնագիտական և իրավաբանական վերահսկողության կողմից հայտնաբերված շուրջ 90 կետ խախտումները, Ձեր կողմից պաշտոնապես արված հայտարարությունը, որոշեցինք կազմակերպել ստորագրահավաք՝ համայնքի ղեկավար Ս. Գալստյանի լիազորությունները դադարեցնելու և արտահերթ ընտրություններ կազմակերպելու պահանջով»,- նշված է հայտարարության մեջ, որին միացել է 770 ջրառատցի:

Նշենք, որ Սամվել Գալստյանը 2016թ. սեպտեմբերի 18-ին վերընտրվել է 647 քվեով, այժմ նրան դեմ է 770 ընտրող:

Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ իր դեմ իրականացված ստորագրահավաքից և չի կարծում, որ նման բան կարող է լինել: Համայնքապետի խոսքերով՝ չի պատրաստվում լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում ներկայացնել. «իսկ ի՞նչ պատասխան տամ այն մարդկանց, ովքեր ինձ ընտրել են»: Սամվել Գալստյանն ասում է, որ եթե արտահերթ ընտրություններ էլ նշանակվեն, ինքը դարձյալ կվերընտրվի:

«Թող բոլորը հանդարտվեն, նաև այն մարդիկ, ովքեր խոչընդոտում են գյուղապետարանի աշխատանքը: Կարծում եմ` սխալ դիրքորոշում են ընտրել, քանի որ օգտագործվում են 1-2 մարդու կողմից, ովքեր ցանկություն ունեն քրեական գործը այլ ճանապարհով տանելու: Ես անձամբ նպաստելու եմ, որ քրեական գործը մինչև վերջ, բոլոր մանրակրկիտ քայլերով բացահայտվի ու երբ բացահայտվի, իմ որոշումը կհայտնեմ»,- ասաց համայնքապետը:

Սամվել Գալստյանն ասաց, որ չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցված, քննություն է գնում, երբ ավարտվի, այդ ժամանակ կարող է մանրամասն տեղեկատվություն տրամադրել: Անդրադառնալով դժգոհություններին, համայնքապետը նշեց, որ դրանք ևս քրեական գործի շրջանակներում կուսումնասիրվեն, և այդ հարցերի պատասխանները կտրվեն:

«Ինձ թվում է այդ աղմուկի նպատակը մեկն է, բոլորը համայնքի ղեկավարի կռիվ են անում, մարդիկ ուզում են դառնալ համայնքի ղեկավար, տարիներ շարունակ չի ստացվել, երևի դա է պատճառը: Գյուղապետարանի աշխատակիցներն էլ այն մարդիկ են, ովքեր 30 տարի աշխատում են և տարբեր գործողություններով են զբաղվել, այսօր քրեական գործ է հարուցված և մի վայրկյան շուտ ուզում են Սամվելը հեռանա, բողոքում են, որ շատ բաներ չբացահայտվեն»,- ասում է Սամվել Գալստյանը:

Համայնքապետը նշեց, որ վերջին ժամանակներում բոյկոտների պատճառով ավագանու նիստերը չեն կայանում: Ասաց, որ չեն կարողացել նույնիսկ 2019թ. բյուջեն հաստատել: Համայնքապետն ասում է, որ ավագանու նիստեր չգումարելու պատճառով չեն կարողանում գյուղում ասֆալտապատման ծրագիր իրականացնել:

Ջրառատի ավագանու անդամ Վաղարշակ Սիմոնյանը զարմացած է, որ համայնքապետը տեղյակ չէ դեկտեմբերի վերջին հաստատված համայնքային բյուջեի մասին: Ասում է, երբ ավագանին նիստ է գումարել, համայնքապետը սենյակից դուրս է եկել, սակայն նիստը կայացել է, և բյուջեն հաստատել են: Վաղարշակ Սիմոնյանն ասում է, որ համայնքում հասունացած դժգոհությունների հիմնական պատճառը համայնքապետ Սամվել Գալստյանի անգործությունն է: Համայնքում գրեթե ոչ մի աշխատանք չի կատարվում, ներդրումներ չկան:

«Կարելի է ասել մեր համայնքը ծայրահեղ վիճակում է: Գյուղապետը չի ցանկանում ավագանու հետ աշխատել: Օրինակ, ամբողջ ամառ ասացինք, որ մանկապարտեզը գազիֆիկացնենք, որ ձմռան ամիսներին երեխաները տանը չմնան, ինքը ոչինչ չարեց: Եկավ դեկտեմբերի վերջ թղթի վրա գրված գումարի չափ ներկայացրեց, թե իբր այդքան գումար են պահանջում գազիֆիկացնելու համար, մենք էլ նախահաշիվ պահանջեցինք, ասաց, որ չկա, մենք էլ պատասխանեցինք, որ չենք կարող 3 մլն դրամ տրամադրել առանց նախահաշվի»,- ասում է ավագանու անդամը:

Վաղարշակ Սիմոնյանը նշեց, որ Սամվել Գալստյանը երկրորդ անգամ է ընտրվում, իսկ իրենք ավագանու անդամ են արդեն 2 տարի: Սիմոնյանի խոսքերով՝ այժմ համայնքապետն ամբողջ մեղքը բարդում է ավագանու վրա, մինչդեռ նախորդ 6 տարիների ընթացքում էլ ոչինչ չի արել: Հարց է տալիս՝ այն ժամանակ ի՞նչը կամ ո՞վ էր խանգարում: «Եթե ցույց կտա մի բան, որ այս 6 տարիների ընթացքում քարը քարի վրա դրել է և մինչև վերջ ավարտին հասցրել, ապա մենք պատրաստ ենք դիմում գրել ու հրաժարվել ավագանի լինելուց, կթողենք թող հանգիստ աշխատի»,- ասում է Վ. Սիմոնյանը:

Ավագանու մեկ այլ անդամ՝ Նարեկ Մկրտչյանն էլ ասաց, որ Ջրառատ համայնքում լարվածության հիմնական պատճառն այն է, որ համայնքապետի համար իր զբաղեցրած պաշտոնը ոչ թե աշխատանք է, այլ՝ բիզնես, որի մեջ տեսնում է միայն իր շահը: Բուժարանի շենքի կառուցման պատմությունը, ըստ ավագանու անդամի, արդեն բավարար է, որ համայնքապետը հրաժարական տա, քանի որ առանց պատշաճ թույլտվությունների շինարարություն է սկսել, և հիմա էլ գործը դատարանում է, շինարարն իր գումարն է պահանջում:

«Հիմա գիշերային լուսավորության համար՝ էլեկտրաէներգիայի դիմաց, ամսական վճարում ենք մոտ 200 հազար դրամ, դեռ 100 լույս էլ ավելացրել ենք, բայց 2012-2016 թթ. ամեն ամիս 800 հազարից 1 մլն դրամ փող է փոխանցվել, չգիտենք էլ, թե ուր է փոխանցվել, ինչի համար»,- նշում է Նարեկ Մկրտչյանը:

Ավագանու անդամն ասում է, որ առաջին անգամ է լսում, որ համայնքապետը ասֆալտապատման հարց է բարձրացրել և հիմա չի կարողանում կյանքի կոչել ավագանու պատճառով: Ըստ Նարեկի՝ ասֆալտապատման հարց երբևէ չի բարձրացվել:

Երբ համայնքապետարանում զրուցում էինք ավագանու անդամների հետ, համայնքապետարան եկան նաև մի խումբ ջրառատցիներ: Բնակիչների անունից դժգոհությունն արտահայտեց Տիգրան Խաչատրյանը: Վերջինիս խոսքերով՝ վատ վիճակում են գտնվում գյուղի ճանապարհները, մշակույթի տունը գրեթե չի գործում: Ծանրամարտի խմբակ կա, միայն դա է գործում, նրանք էլ իրենց ուժերով օդափոխության համակարգ են տեղադրել և այլն:

«Անկախությունից ի վեր գյուղում ոչ մի գլոբալ ներդրում չի արվել: Գյուղն արդեն դատարկվում է, բնակչության 40 %-ն արտագաղթում է: Վերջին 8-9 տարիների ընթացքում հասել ենք նրան, որ գյուղի տների 40 %-ը դատարկ է, և վաճառում են: Իսկ դրանից առաջ մի 2 տուն վաճառվեր, թե ոչ: Ամենաէժան տները մեր գյուղում են, քանի որ գնորդ չկա: Բանը հասել է նրան, որ 10.000 դոլարով 3 տարի մարման ժամկետով, այսինքն՝ փակովի, տուն են վաճառում: Սրանք ցուցանիշներ են, որոնք ինչ-որ բանի մասին խոսում են»,- ասում է Տիգրան Խաչատրյանը: Նա կարևորում է նաև գյուղի բարոյահոգեբանական մթնոլորտը, որը, ըստ զրուցակցիս, ավելի վատ է, քան վերը նշված պայմանների բացակայությունը:

Տիգրանն ասում է, որ առայժմ չեն ցանկանում ծայրահեղ քայլերի դիմել: Առաջարկներ կան փակել երկաթգիծը, ավտոճանապարհները: Առայժմ կսպասեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պատասխանին: Գյուղացիները նշում են, որ 2016թ. համայնքապետն ընտրվել է կարմիր բերետավորների ուղեկցությամբ: Այդ ժամանակ համայնքապետի մորեղբայր Լևոն Երանոսյանը ոստիկանական համակարգում էր, և հարցերը լուծվում էին ուժայինների միջամտությամբ: Իսկ այսօր չի կարող այդքան ձայն հավաքել, քանի որ վստահություն չունի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter