Նվեր՝ Երևանի պատմության թանգարանին
Երևան քաղաքի պատմության թանգարանը համալրվել է Արևելյան մշակույթի հարուստ հավաքածուով, որը ներառում է նաև բացառիկ նմուշներ: Հավաքածուն իրանահայ, ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանի նվերն է թանգարանին, որը հանձնել է նվիրատուի եղբայրը՝ Զավեն Ոսկանյանը:
Թանկարժեք հավաքածուն թանգարանին հանձնելուն ներկա է գտնվել և նմուշներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 17-ից 19-րդ դարերում գործածված կրոնական ծիսակատարությունների և կենցաղային առարկաներ՝ հմայիլների տուփիկներ, հուռութներ, ճրագամաններ, կնիքներ, կողպեքներ, ջրի ծորակներ, արդուզարդ, անգամ Դարեհի ժամանակաշրջանի՝ 2500-ամյա մետաղադրամներ. հավաքածուն բաղկացած է 2000 ցուցանմուշից, որոնք նվիրատուն տարբեր տարիներին գնել է Իրան, Հնդկաստան, Պակիստան և արևելյան այլ երկրներ կատարած շրջագայությունների ժամանակ:
Փորձագետների խորհրդատվությունն ու 2000 ցուցանմուշների համար պատմական անձնագրեր կազմելը մի քանի ամիս կպահանջեն. Հետևաբար հավաքածուն թանգարանում առանձին ցուցադրության է պատրաստվելու տարեվերջին: Ցուցանմուշներին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը Զավեն Ոսկանյանին է հանձնել Ռոստոմ Ոսկանյանին ուղղված Երևանի քաղաքապետի շնորհակալագիրը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել