HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

«Մանկավարժի վարքականոն». ուսուցիչը չպետք է ուտի մարդու միս, պետք է խմի այծի կաթ

Կրթության և գիտության նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ «Մանկավարժի վարքականոն»։ Այլ կերպ ասած՝ ԿԳՆ-ն ուսուցիչներին է ներկայացրել չգրված օրենքների մի փունջ, բարոյական պարտավորություններ, որոնց ուսուցիչը «պետք է, պարտավոր է» հետևել:

Եթե Աստվածաշունչը համեստորեն սահմանափակվել է տասը պատվիրանով, այս վարքականոնը հինգ բաժին ունի՝ յուրաքանչյուրը խրատների ու հորդորների բազմաթիվ ենթակետերով: Նախագծում նշված է Վարքականոնի նպատակներից մեկը՝ «նպաստել ուսուցիչների մասնագիտական վարկանիշը, աշխատանքի որակն ու մասնագիտական պատիվը բարձր պահելուն»:

Ինչին հետևում է 3.9 կետը՝ «Ուսուցչի կողմից իր սովորողին վճարովի կրթական ծառայությունների մատուցումն արգելվում է»: Այս փաստաթուղթը վկայում է, որ ԿԳՆ-ն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չի պատկերացնում պատճառահետևանքային կապը: Եթե ԿԳՆ չինովնիկները փորձեն պատասխանել իրենց իսկ կողմից հավանության արժանացրած շտեմարանների հարցերին, օրինակ՝ նշել դեդևել, հեթեթալ բառերի հոմանիշները, գուցե պատկերացնե՞ն՝ ինչու են աշակերտները ստիպված լինում դիմել կրկնուսույցներին:

Իսկ ուսուցիչների աշխատավարձի բլանկները կհուշեն, որ, մասնավորապես, սահմանամերձ գյուղերում 50 000-70 000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներն ինչու են ստիպված լինում դասից դուրս վճարովի աշխատանք կատարել սաների հետ: Ընդ որում, ուսուցիչների աշխատավարձի չափը պայմանավորված է աշակերտների թվով: Պատկերացրեք ուսուցիչների աշխատավարձերը այն համայնքներում, որտեղ դպրոցներում դասարաններ չեն հավաքվում… Ըստ վարքականոնի՝ «2.11. Ուսուցիչը պետք է հետևի իր արտաքին տեսքին և հագուստին՝ նախընտրելով ուսումնական գործընթացը չխանգարող պատշաճ ոճ և ձև»։

ԿԳՆ-ում, ենթադրաբար, տեղյակ են ուսուցիչներին տրվող աշխատավարձի չափի մասին, և այս հորդորը, թե «ուսուցիչը պետք է հետևի իր արտաքին տեսքին ու հագուստին» դաստիարակության, բարեկրթության տարրական նորմերի խախտում է: Հեռավոր, սահմանամերձ գյուղերում անգամ խմելու ջրի խնդիր ունեցող, կենցաղային տարրական պայմաններ չունեցող ուսուցիչները հաջողում են արժանապատիվ ներկայանալ աշխատավայր:

Ընդ որում՝ առանց նման նվաստացուցիչ հորդորների: Եվ ողջ Վարքականոնում՝ ուսուցիչը պետք է, ուսուցիչը պարտավոր է … «Ուսուցիչը պարտավոր է պաշտպանելու ոչ միայն իր, այլև գործընկերոջ հեղինակությունը։ Սովորողների կամ այլ անձանց ներկայությամբ նա չպետք է նսեմացնի գործընկերներին։ Ուսուցիչը պետք է նվիրված լինի իր աշխատանքին, բարձր պահի մանկավարժի մասնագիտության վարկանիշը և մեծ պատասխանատվությամբ վերաբերվի իր մասնագիտական պարտականությունների կատարմանը։ Ուսուցիչը պետք է պահանջկոտ լինի սեփական անձի նկատմամբ, լինի բարեխիղճ ու պարտաճանաչ, շարունակ ձգտի ինքնակատարելագործման, իր գործունեությամբ լինի դրական օրինակ աշակերտների համար։

Ուսուցիչը պետք է հետևողականորեն զբաղվի ինքնակրթությամբ, աշխատի իր որակավորման բարձրացման ուղղությամբ և որոնի աշխատանքի ավելի արդյունավետ մեթոդներ։ Ուսուցիչը չպետք է որևէ կերպ ակնարկի նվեր ստանալու ցանկության մասին, ուղղակի ցանկություն հայտնի կամ համաձայնության գա այլ ուսուցիչների հետ՝ սովորողների կամ նրանց ծնողների միջոցով իրեն նվերներ մատուցելու հարցում:

Ուսուցիչը պետք է ունենա լեզվական բարձր մշակույթ, բացառի այլոց ինքնասիրությունն ու մարդկային արժանապատվությունը վիրավորող բառերի և արտահայտությունների կամ ժեստերի գործածությունը, զերծ մնա գռեհկաբանությունից և ժարգոնից»: Իսկ ի՞նչ պետք է անի կամ պարտավոր է անել կառավարությունը, այս դեպքում՝ ԿԳՆ-ն ուսուցչի մասնագիտական վարկանիշի բարձրացման ուղղությամբ: Վարքականոնով փորձել նպաստել դրան, նշանակում է իրականությունից կտրված լինել:

Ամենախոցելի այս խմբի՝ ուսուցիչների հետ պետությունն առանց ցերեմոնիաների է, անբռնազբոս և իրեն պարտավորված չի զգում գիտակցել, որ նախ՝ պետությունը պետք է լինի ուսուցչի մասնագիտական վարկանիշի բարձր լինելու երաշխավորը: Եվ որ վարքականոնի նման տեքստերն ուղղակի մակուլատուրա են: Այ, այլ են կաշառակեր դատավորները: Նրանց հանդեպ պետությունն իրեն նման զվարթ տեքստեր թույլ չի տա: Այս դեպքում, ամեն ինչ տրամաբանական է՝ աշխատավարձի հստակ բարձրացում: Վարչական դատարանի նախագահի, առաջին ատյանի դատարանի նախագահի, վերաքննիչ դատարանի դատավորի աշխատավարձը 727.540 դրամ է: Վերադառնանք «Մանկավարժի վարքականոնին»: «4.5 Ուսուցիչներն ու վարչական աշխատողները պարտավոր են խնայողաբար և արդյունավետորեն օգտագործել դպրոցի նյութական և այլ պաշարները: Նրանք չպետք է անձնական նպատակներով օգտագործեն կրթական հաստատության ունեցվածքը և իրենց աշխատաժամանակը»: Իսկ կարելի՞ է խնդրել կառավարության անդամներին, անձամբ՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին՝ պետության միջոցները տնտեսելու անձնական օրինակ ցույց տալ: Հեղափոխության ալիքով ԿԳ նախարար դարձած պարոն Հարությունյանն աշխատանքային առաջին օրը աշխատանքի գնաց մետրոյով՝ «ցնցելով համացանցը»:

Նախարարների աշխատավարձը 793.680 դրամ է: Գյուղական ուսուցչինը՝ 70 000 դրամ: Ուսուցիչների աշխատավարձերից գոյացող հարկերի միջոցներով է նախարարը տնից աշխատանքի գնում ծառայողական մեքենայով:

Վարքականոնի վերջում փաստաթղթում օգտագործված հիմնական հասկացությունների պարզաբանումներն են՝ ազնվություն, արժանապատվություն, երջանկություն… Կա նաև «բարոյական կոնֆլիկտ» հասկացության պարզաբանումը, որը ևս մեկ անգամ ընթերցելուց հետո Վարքականոնի հեղինակները թերևս այս փաստաթուղթը կհանեն շրջանառությունից՝ բարեկրթորեն ներողություն խնդրելով ուսուցիչներից: Բարոյական կոնֆլիկտ (բախում)– իրավիճակ, երբ նպատակների կենսագործման և բարոյական նորմերի պահպանման համար ծագում է հակամարտությունը հաղթահարելու և ընտրություն կատարելու անհրաժեշտություն:

Մեկնաբանություններ (1)

Վարշամ Ադամյան
Վերջին 10 տարվա ընթացքում իմ մոտ այն տպավորությունն է, որ թե ազգային ժողովի պատգամավորների, թե կրթության նախարարության աշխատակիցների մեծամասնությունը ժամանակին << աբիժնիկ>> են մնացել իրենց դպրոցների ուսուցիչներից, իսկ հիմա գալով իշխանության փորձում են ամեն կերպ վրեժխնդիր լինել դպրոցներից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter