
Մշակութային երկխոսություն` տարազի միջոցով
Նարինե Սարգսյան
«Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Նորաձևության ճանապարհ. երկխոսություն սահմանների խաչմերուկում» ցուցահանդեսը: Այն ներկայացնում էր հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորողների համատեղ աշխատանքի արդյունքը` 20 աշխատանքից բաղկացած նորարար հավաքածու:
Սա երկամյա նախագիծ է, որը ստեղծվել է Բրիտանական խորհրդի կողմից: Արդյունքում կազմվել են հինգ զույգ` բաղկացած մեկ հայ և մեկ եվրոպացի մոդելավորողից: Վերջիններս փոխայցելությունների միջոցով ծանոթացել են միմյանց երկրների մշակութային առանձնահատկություններին, պատմությանը, ավանդույթներին:
Մոդելավորողների աշխատանքների հիմքում ընկած է տարազը, որն արտացոլում է երկու երկրների մշակույթների համադրումը:
«Ծրագրի հիմնական գաղափարը եկել է տարազների հայկական գրքից: Զգեստը շատ բան կարող է ասել մարդու, պետության, երկրի ավանդույթների մասին: Առաջին անգամն է, որ աշխատում ենք նորաձևության ոլորտում և փորձում ենք եվրոպական մշակույթը ներկայացնել հայ հանրությանը, ինչպես նաև հայկական մշակույթը ներկայացնել եվրոպական հանրությանը նորաձևության միջոցով»,- ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Մոդելավորող Անի Իսկանդարյանն այս ծրագրի շրջանակներում այցելել է Դանիա, որի արդյունքում ստեղծված իր երկու աշխատանքներն իրենցից ներկայացնում են հայկական և դանիական տարազների համադրում: Անին իր աշխատանքներում օգտագործել է այնպիսի տարրեր, որոնք հատուկ են և հայկական, և դանիական տարազներին:
«Երկու երկրներում էլ տարազը եղել է մի քանի շերտանի, և դա փորձել եմ օգտագործել իմ հագուստներում: Առաջին հագուստի մեջ ներշնչանքը դանիական երկիրն է` իր գույներով և թեթևությամբ, և դա ցանկացել եմ ցույց տալ թեթև կտորներով` շիֆոնով: Օգտագործել եմ բրդյա գործվածքներ, մետաքս, օրգանզա: Հագուստներից մեկի մեջ ավելի շատ գերակշռում է դանիականը, մյուսում` հայկականը, որտեղ ավելի ընդգծված են հայկական նախշազարդերը: Օգտագործել եմ նաև ձեռնոցներ և գուլպաներ, որոնք արդի են և հայկական, և դանիական տարազներում»,- ասաց Անի Իսկանդարյանը` ներկայացնելով իր աշխատանքները:
Իսկ նկարիչ-մոդելավորող Արամ Նիկոլյանն իր ոգեշնչումը գտել է Ռումինիայում. «Ոգեշնչվել եմ ռումինական եկեղեցիների ճարտարապետությունից: Աշխատանքներում օգտագործվել են իրենց ազգային տարազից էլեմենտներ` դրանք հագուստների մետաղական մասն են, ինչպես նաև օգտագործվել են հայկական մշակույթից, ճարտարապետությունից եկող հարթաքանդակների ֆորմաները»:
Մոդելավորողների աշխատանքները կնարկայացվեն նաև Հայաստանի մարզրում, այնուհետև` մասնակից եվրոպացի մոդելավորողների երկրներում` Դանիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չեխիա և Ռումինիա:
Մեկնաբանել