HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երիտասարդական խորհրդարանականները արդար ընտրությունների հույսեր ունեն

Քանի որ առջեւում ընտրություններ են, Երիտասարդական խորհրդարանի մի քանի անդամներից հետաքրքրվեցինք, թե ինչպես են պատկերացնում գալիք ընտրությունների անցկացումը եւ ինչպես են տեսնում երիտասարդների դերը ընտրություններում:

Մուշեղ Միդոյան, ԲՀԿ

Մուշեղ, այսօր տեսնու՞մ եք նախադրյալներ, որ գալիք ընտրություններն անցկացվելու են ազատ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

Ըստ Սահմանադրության՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իսկ ժողովրդավարության արտացոլումը ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններն են, որոնց արդյունքում ձեւավորված լեգիտիմ իշխանությունները կվայելեն ժողովրդի վստահությունն ու համակրանքը: Եթե հավատանք հանրապետության նախագահի խոսքերին, ապա որոշակի հույսեր կան, եթե ոչ ամբողջական, գոնե ժողովրդավարությանը մոտ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Անշուշտ, դրա անհրաժեշտությունը կա, բայց երբ իշխանություններն օգտագործեն պետական հիմնարկների աշխատողներին, բոլոր նրանց, ովքեր կախում ունեն պետական ապարատից, ճնշում գործադրեն, որպեսզի, ասենք, ՀՀԿ-ին ընտրեն, արդեն իսկ հօդս են ցնդում հավաստիացումները:

Քաղաքական գործընթացներից անմասն են մնում հատկապես մարզերի երիտասարդները, ինչպե՞ս եք պատկերացնում նրանց դերը գալիք ընտրություններում:

Սերնդափոխության տեմպերը եւ արդյունավետությունը կախված են այն բանից, թե որքան ակտիվ ու խորն են երիտասարդների ընդգրկվածությունը հասարակաքաղաքական կյանքում: Երիտասարդությունը հասարակության կարեւորագույն օղակն է, մեր վաղվա ապագայի կերտողը, բայց համեմատած Երեւանում ապրող երիտասարդների հետ, որտեղ հասարակական կյանքն ակտիվ է միշտ, մարզերում կարծես թե ընտրություններից ընտրություն է նկատվում աշխուժություն, ինչպես հասարակության մյուս շերտերի, այնպես էլ երիտասարդների շրջանում:  Ցավալի է, որ որոշ երիտասարդներ կարիերայի հետեւից ընկած գործիք են դառնում եւ զբաղվում են խամաճիկությամբ: Այս երեւույթը նկատելի է ամբողջ երկրում:

Հասարակական կյանքում երիտասարդության մեծ մասը պասիվ է: Ցավալի է, որ հասարակական կառույցները նույնպես կուսակցության վասալի կարգավիճակով են գործում: Միգուցե սա՞ է պատճառը, որ այն երիտասարդները, որոնք չեն ցանկանում կուսակցականացվել, հրաժարվում են մասնակցել հասարակական գործընթացներին: Կարծում եմ՝ ամեն ինչ կորած չէ եւ արդեն նկատվում է առաջընթաց: 

Խաչատուր Դավթյան, ՀՅԴ

Խաչատուր, հնարավո՞ր է Հայաստանում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել եւ ինչպե՞ս եք պատկերացնում ընտրություններում երիտասարդների դերը:

Հնարավորը հնարավոր է, պարզապես ցանկություն է պետք: Բոլորի անունից չեմ կարող ասել, միայն ասեմ, որ լինելով ՀՅԴ անդամ՝ ամեն ինչ անելու ենք, որ արդար լինի ընտրությունները: Ինձ թվում է, որ բոլոր երիտասարդներն էլ կցանկանան՝ ընտրություններն անցնեն մաքուր եւ արդար: Վերջիվերջո, պետք է գա այն ժամանակը, որ մեր երկրում էլ ամեն ինչ նորմալ լինի, եւ իմ կարծիքով՝ դա կամաց-կամաց լինելու է:

Ինչ վերաբերում է երիտասարդներին, ապա նրանց դերը մեծ է, որովհետեւ մեր երկրում հասունացել է մի երիտասարդություն, որն ունի մնայուն արժեքներ: Հենց այս երիտասարդներն են երկիրը տանողները, եւ վստահ կարող եմ ասել, որ մեր երկրում կան երիտասարդներ, որ մտահոգ են, ակտիվ են քաղաքական հարցերում եւ իրենց ներուժն են ներդնում, որ հաջողություններ արձանագրվեն՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:

Բայց հաճախ ընտրությունների ժամանակ երիտասարդների մի մասը կուսակցությունների համար դառնում են «գործիք» եւ հանդես են գալիս որպես ընտրակեղծարարներ: Այդպես չէ՞:

Հնարավոր է, չի բացառվում: Հնարավոր է, որ որոշ երիտասարդներ գիտակցաբար են գործիք դառնում՝ հետագայում առաջ գնալու համար, բայց ոչ բոլորն են այդպիսին: Շատ-շատ երիտասարդներ էլ փորձում են, ձգտում են, որ ամեն ինչ լավ լինի:

Մարինա Բաղդասարյան, ՕԵԿ

Ի՞նչ ակնկալիքներ ունեք գալիք ընտրություններից: Այս անգամ կարո՞ղ ենք արդար ընտրություններ ունենալ:

Քանի որ ես երիտասարդական խորհրդարանում ներկայացնում եմ «Օրինաց Երկիր» կուսակցությունը եւ միանգամից մեր կուսակցության անունից ասեմ, որ ինչպես մեր կուսակցությունն է օրենքի կուսակցություն, այնպես էլ մենք ընտրություններին գնալու ենք արդար, թափանցիկ, օրենքին համապատասխան:

Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում երիտասարդների դերն ու նրանց ներուժի օգտագործումը գալիք ընտրություններում:

ՕԵԿ-ի երիտասարդների կարգախոսն է՝ «Մեր վաղվա ապագան մենք ենք», եւ ասեմ, որ դա այդպես է. մեր վաղվա ապագան մենք ենք՝ երիտասարդներն են: Մեր ուժը շատ մեծ է եւ պետք է լինի կազմակերպված, այն օգտագործվի արդար: Ես չեմ ասում, որ արդարություն չկա, բայց պետք է ավելի շատ ձգտենք դրան եւ մեծերից էլ ստանանք, որ մենք էլ վաղը ճիշտ, արդար, ազնիվ ընտրություններ կազմակերպենք: Ես ասում եմ իմ կուսակցության անունից, թե կուսակցությունում ոնց եմ սովորել, մեզ ոնց են բացատրում, թե ինչպես գնանք ընտրություններին: Ես տեղյակ եմ, որ ընտրությունները լինելու են միայն անկեղծ ու արդար, ուրիշ ոչ մի ձեւով չեմ պատկերացնում, թե ոնց է հնարավոր:

2008թ. ընտրություններից հետո «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարները, մասնավորապես Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ եղել են խախտումներ, սակայն պաշտոն ստանալուց հետո լռեց: Հնարավոր չէ՞, որ այս ընտրությունների ժամանակ էլ այդպես կլինի:

Ես հիմա պարոն Բաղդասարյանի անունից չեմ կարող հարցին պատասխանել, բայց, այնուամենայնիվ, եթե ասել է, ուրիշ կուսակցության համար է ասել: Ես հիմա խոսում եմ իմ կուսակցության համար եւ չգիտեմ, թե ընտրությունների ժամանակ մյուս կուսակցություններն ինչ պետք է անեն: Չնայած՝ չեմ էլ պատկերացնում, որ այլ բան կլինի:

Ռոբերտ Կադարյան, «Ժառանգություն»

Ձեր կարծիքով գալիքը ընտրությունները հնարավո՞ր է անցկացնել առանց ընտրախախտումների:

Իմ կարծիքով՝ միշտ էլ հնարավոր է նորմալ ընտրություններ կազմակերպել, ուղղակի մի քանի գործոններ կան, որոնցով էլ պայմանավորված է ընտրությունների հաջող կամ անհաջող, ժողովրդավարական լինելու հանգամանքը: Նախ՝ առաջինը ընտրողների տրամադրվածությունն է ընտրություններին: Մի փոքր դժվար է ասել՝ ժողովուրդը հույս ունի՞ այս ընտրություններով մի բան փոխել, կամ ես որպես ընտրող հավատո՞ւմ եմ, որ իմ ձայնը ինչ-որ բան կփոխի: 

Հաջորդը՝ իշխանությունների գործոնն է, թե կունենա՞ն քաղաքական կամք ընտրությունները նորմալ անցկացնելու, քանի որ բոլոր լծակներն իշխանությանն են պատկանում:

Այսօր իշխանության մոտ տեսնո՞ւմ եք ընտրություններն արդար անցկացնելու ցանկություն:

Առաջին հերթին մեր քաղաքացիները պետք է տրամադրված լինեն, իսկ եթե իրենց սպասված արդյունքը չստանան, համապատասխան արձագանքեն:

Շատ են բարձրաձայնում, բայց որ ասեմ՝ այդ ցանկությունը տեսնում եմ, այդպես չէ: Լիարժեք չենք կարող կանխատեսել, պետք է ժամանակը ցույց տա, բայց իմ կարծիքով՝ այսօրվա դրությամբ ոչ մի նախադրյալ չկա, որ իշխանությունը նորմալ ընտրություններ կանցկացնի, որն էլ իր հերթին կտարբերվի նախորդ ընտրություններից:

Արմեն Մարտիրոսյան, ՀՀԿ

Արմեն, Ձեր կարծիքով այս անգամ հնարավո՞ր է արդար ընտրություններ անցկացնել:

Յուրաքանչյուր հայ քաղաքացու պարտականությունն է արդար ընտրություններ անցկացնելը, եւ պետք է հասնենք նրան, որ հնարավորինս դրանք լինեն արդար: Լինելով ՀՀԿ-ի երիտթեւի անդամ՝ մենք էլ մեր առջեւ ունենք այդ խնդիրը, եւ մեր կուսակցության գլխավոր նպատակներից մեկն է, որ ամեն ինչ լինի արդարության սահմաններում: Սա եւս մեկ անգամ եվրոպական դիտորդներին կապացուցի, որ Հայաստանը պատրաստ է դեպի Եվրոպա, եւ կարծում եմ՝ դա պետք է անել:

Նույն դիտորդները բազմիցս իրենց զեկույցներում ասել են, որ Հայաստանում մինչ օրս ոչ մի անգամ արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ չեն անցկացվել: Բացի այդ, որպես կանոն, ընտրակեղծիքներ անում են հիմնականում իշխանական թեւի ներկայացուցիչները: Այդպես չէ՞:

Չեմ ուզում խոսակցություններին անդրադառնալ, բայց Հանրապետական կուսակցության առաջնահերթ նպատակն այն է, որ ընտրությունները լինեն արդար: Եթե յուրաքանչյուր մարդ կատարի իր արդար ընտրությունը, բնականաբար, այստեղ այլ բանի մասին խոսք լինել չի կարող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter