Գագիկ Ծառուկյան. «Մեր քաղաքացիների ցավը տանեմ, եթե ես արհամարհեմ, պարապ լինեմ, չգամ, դա ուրիշ խնդիր է»
Նախորդ խորհրդարանի ամենաշատ բացակայություններ ունեցող Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի խոստանում հաճախակի չբացակայել իր աշխատանքի վայրից՝ խորհրդարանից: Խորհրդարանում երկրորդ ուժի խմբակցության ղեկավարը չի կարծում, որ խորհրդարան չգալով՝ անարգում է ԲՀԿ-ին ընտրած քաղաքացիներին:
«Մեր քաղաքացիների ցավը տանեմ, եթե ես արհամարհեմ, պարապ լինեմ, չգամ, դա ուրիշ խնդիր է, բայց դուք գիտեք, որ հազար ձևի գործերով զբաղված եմ և լիարժեք հասցնում եմ էդ բոլորը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին՝ չի՞ պատրաստվում մանդատից հրաժարվել, Ծառուկյանն արձագանքեց, որ եթե ինքը չղեկավարեր ԲՀԿ-ն, ժողովուրդն այդքան ձայն չէր տա ԲՀԿ-ին:
«ԲՀԿ-ն այսօր ժողովրդի ձայնն է խորհրդարանում, մենք հետևողական ենք լինելու, որ այն ծրագրերը, խոստումները, որ մեր ժողովրդին ներկայացվել է, ժողովուրդը սպասում է, մենք այդ հարցերը բարձրաձայնելու ենք, որը օգուտ է երկրին, ժողովրդին, կողմ ենք լինելու»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է գործարարին հարկավոր քաղաքականության մեջ լինել, Ծառուկյանը հիշեցրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ինքը սեփականատեր է:
Թե որն է Գագիկ Ծառուկյանի՝ «օլիգարխ» հասկացության սահմանումը, ԲՀԿ նախագահը մանրամասնեց.
«Օլիգարխը նա է, ով, պաշտոնի գալով, սեփական կատու չի ունեցել, պաշտոնի լինելով՝ դառել է միլիարդատեր»:
ԲՀԿ ղեկավարը չհամաձայնեց լրագրողի այն դիտարկման հետ, որ նախընտրական և հետընտրական շրջանում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ տարաձայնություն են ունեցել.
«Ինչ տարաձայնություն, բանավեճ է եղել, ասել է ինքը, ես պատասխանել եմ, ասել ենք, թեման փակվել է»:
Գագիկ Ծառուկյանի անվտանգության նախկին պետ Էդուարդ Բաբայանը ևս այժմ պատգամավոր է, հարցին, թե ինչու է իր անվտանգության պետին Ծառուկյանը ևս առաջադրել որպես պատգամավորի թեկնածու, վերջինս ասաց.
«Ես Էդուարդ Բաբայանին ոչ թե ցուցակ եմ գրել, Էդուարդ Բաբայանը իր անձի շուրջ ձայներ է հավաքել, որը ամենաշատ ձայներն են, ժողովուրդը վստահել, ձայն է տվել, պարոն Բաբայանը ժողովրդի սպասելիքները պետք է բարձրաձայնի, եթե ցուցակում գրած լինեի, կարող էիք այդ հարցը ինձ տալ, որ իմ հարազատին բերել եմ»:
Հարցին, թե արդյոք «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում հարցաքննության հրավիրվել է և արդյոք այդ գործով ասելիք չունի, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց.
«Աչիկ ջան, ես ինչ կապ ունեմ դրա հետ, գնացեք, բացեք «Հայկական ժամանակ» թերթը՝ Նիկոլ Փաշինյանի թերթը, որտեղ գրված էր՝ միակ մարդը, որ ժողովրդի կողքին է եղել, չի էլ մասնակցել, Գագիկ Ծառուկյանն է»:
Դիտարկմանը, որ ըստ փաստահավաք խմբի տվյալների՝ իր թիկնազորը ևս ներգրավված է եղել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ, Ծառուկյանն ասաց.
«Թիկնազորն ով է, մեկի անունը տվեք, ես պահանջում եմ՝ ով նման ցուցմունք տվել է, եթե ապացուցվի, թող ինձ կալանավորեն, չապացուցվի՝ ցուցմունք տվողին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել