HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Կրքերի «թատրոն»՝ Խորեոգրաֆիայի պետական թատրոնում

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի՝ նախորդ տարեվերջին պաշտոնից ազատված տնօրեն Գայանե Կարապետյանը ներսից կողպել է թատրոնի դուռն ու պնդում է, որ այդ դուռն իր սեփականությունն է, իսկ տարածքում տարիներ շարունակ ներդրումներ է արել, եւ այն պետք է գոնե մի 10 տարի էլ մնա իր տիրապետման տակ։

Կարապետյանը Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2010 թվականից մինչեւ 2018 թվականի դեկտեմբեր։ Մշակույթի նախարարությունը հրաժարվել է երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը, եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բալետի պարուհի Լիլիթ Փալանջյանը։ Գայանե Կարապետյանը մեկնել է ԱՄՆ՝ իր հետ վերցնելով նաեւ թատրոնի կնիքը, իսկ Լիլիթ Փալանջյանն ու նրան անձնակազմին ներկայացնելու համար թատրոն այցելած փոխնախարար Նազենի Ղարիբյանը ստիպված են եղել դուռը բացել ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցների միջոցով: Թատրոնի դռան կողպեքը փոխվել է։

Gayane Karapetyan.JPG (5.81 MB)

Գայանե Կարապետյանը երեք օր առաջ վերադարձել է ԱՄՆ-ից, կրկին մտել է թատրոնի շենք, այս անգամ՝՝Պարարվեստի ուսումնարանի եւ թատրոնի միջակա մետաղական դռնով, որի բանալին, պարզվում է, նույնպես իր մոտ է։

Մշակույթի նախարարությունում համարում են, որ Գայանե Կարապետյանն անօրինական գործողությունների է դիմել։ Փոխնախարար Նազենի Ղարիբյանը Կարապետյանի պահվածքը որակում է որպես «ներխուժում»։

Ակտ առաջին․ Տնօրենից՝ անտրեպռեներ

Կարապետյանը չի հրաժարվում թատրոնի կնիքը հանձնել ժամանակավոր պաշտոնակատարին, բայցեւ պնդում է, որ Լիլիթ Փալանջյանի աշխատասենյակը չպետք է լինի այդ վիճահարույց տարածքում։ Կարապետյանի խոսքով՝թատրոնի մոտ 400 քմ մակերեսով տարածքում իր ընտանիքը մոտ 150 հազար ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել։ Նրա պատմածներից դատելով՝ Կարապետյանը նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանավոր պայմանավորվածություն է ունեցել տարածքը երկարաժամկետ տնօրինելու մասին, եւ առանց ավելորդ մտավախությունների՝ այնտեղ ներդրումներ է կատարել։ Նա վստահեցնում է, որ ներդրումները հաստատող փաստաթղթեր ունի, որտեղ նաեւ երեւում են ներդրողների անունները եւ թե ինչու են նրանք ապավինել իրեն ու բարեգործություն կատարել Խորեոգրաֆիայի թատրոնի զարգացման համար։

«Ես Լիլիթ Փալանջյանի հետ խնդիր չունեմ, սա պաշտոնի կռիվ չէ։ Բայց տարածքից դուրս չեմ գալու, մինչեւ չվերադարձնեն իմ ընտանիքի կատարած ներդրումները։ Երբ ես ընդունել եմ, թատրոնը որպես միավոր մեռած է եղել։ Կամ թող ինձ եւս 10 տարի այս տարածքը տնօրինելու հնարավորություն տան, որպեսզի ես կարողանամ հետ աշխատել այդ 150 հազար դոլարը։ Դուռը, որի կողպեքը փոխել են, իմ անձնական սեփականությունն է։ Հիմա իրենք ինչպե՞ս են պատկերացնում՝ առանց փաստաթղթի, առանց հանձնման-ընդունման ակտի ես էս ամբողջը հանձնեմ իրենց»,- ասաց Գայանե Կարապետյանը։

Հարցին՝ այն, ինչ պնդում եք, բանավո՞ր պայմանավորվածությունների հիման վրա է կատարվել, թե՞ ունեք տարածքը թատրոնից կամ նախարարությունից վարձակալելու պայմանագիր, Գայանե Կարապետյանը պատասխանեց․ «Ինչու՞ պիտի վարձակալեմ։ Պետական թատրոնն իմ անձնական գույքն օգտագործել ու գոյատեւել է տարիներ շարունակ։ Ես ասել եմ՝ եթե պետական միջոցներ չկան, թույլ տվեք ես իմ միջոցները ներդնեմ թատրոնում։ Եկել ենք բանավոր համաձայնության։ Եթե դա այդպես չէ, ինչպե՞ս է, որ 10 տարի ինձ ոչինչ չեն ասում, եւ մենք ներդրումներ ենք անում»։

Գայանե Կարապետյանը մտքում թատրոնն արդեն երկու մասի է բաժանել՝ «մեր թատրոն» եւ «իրենց թատրոն»։ Համենայնդեպս, այսպիսի ձեւակերպումներ է անում, երբ խոսում է իրեն հավատարիմ թատերախմբի, բարեկարգված տարածքի եւ այն տարածքի ու իրավունքների մասին, որ այս պահին պատրաստ է զիջել պետությանը։ Նա պահանջում է, որպեսզի իր եւ ամուսնու ջանքերով բարեկարգված հատվածն օգտագործման իրավունքով հատկացնեն իրենց՝ գործունեությունը շարունակելու համար, իսկ այսպես ասած Պետական թատրոնը գործի Պարարվեստի քոլեջի տարածքում։ Գայանե Կարապետյանը պնդում է, որ նոր տնօրենի աշխատասենյակը պետք է լինի քոլեջում։ Բանն այն է, որ 2010 թվականին, երբ Կարապետյանը նշանակվել է տնօրենի պաշտոնում, աշխատասենյակը եղել է հենց այնտեղ՝ Պարարվեստի ուսումնարանի հաշվապահի աշխատասենյակում։

Ակտ երկրորդ․ Թատերախումբը դեմ է

Թատերախումբը, կարծես թե, աջակցում է Գայանե Կարապետյանին։ Բեմադրող ռեժիսոր Տիգրան Ավետիսյանն ասում է․ «Թատրոնն առաջին հերթին թատերախումբն է։ Հեշտ բաժանվել այն ամեն ինչից, որ ստեղծել է այս թատրոնը՝ անձնակազմի համար անընդունելի է։ Եթե Գայանե Կարապետյանի կողմից առաջարկ լինի ստեղծել նոր թատերախումբ, մենք՝ որպես այս ընտանիքի մասը կազմող անձինք, կմիանանք նրա առաջարկին։ Եթե անձնակազմը դուրս գա, թատրոնն ուղղակի չի լինելու։ Մի քանի տարիների աշխատանքի արդյունքում ենք հաջողության հասել։ Չկա մարդը՝ չի լինելու թատրոնը»։

Tigran Avetisyan.JPG (4.96 MB)

Տիգրանն ասում է, որ սա չպետք է սաբոտաժ ընկալվի, այլ՝ ստեղծված իրավիճակում թատերախմբից յուրաքանչյուրի ազատ ընտրություն։

Մշակույթի նախարարությունում պնդում են՝ տարածքը պատկանում է Խորեոգրաֆիայի պետական թատրոնին։ Կարապետյանը չի նահանջում՝ համարելով, որ փոխնախարար Ղարիբյանի վերաբերմունքը իրավիճակին՝ ոտնձգություն է իր սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ։ Նա պատրաստվում է դիմել իրավապահներին։

Խորեոգրաֆիայի պետական թատրոնը Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ է։ Հիմնադրվել է 1997 թվականին։ Թատրոնի նպատակն է միջնաբեմ հանդիսանալ պարարվեստի ուսումնարանի սաների համար՝ դեպի Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոն: Գայանե Կարապետյանը պնդում է, որ ներկա պայմաններում դա հնարավոր չէ, եւ թատրոնը մյուզիքլային է, ոչ թե բալետային։

Առանց էպիլոգի. թատրոնը կարող է լուծարվել

Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Խորեոգրաֆիայի թատրոնը, ըստ կանոնադրության, բալետային է։ Եվ, ըստ էության, այն մյուզիքլային է դարձել նախկին տնօրեն Կարապետյանի գործունեության արդյունքում։

Լիլիթ Փալանջյանն այսօր աշխատանքի չի ներկայացել։ Սպասում է, մինչեւ կլուծվի փակ դռան հարցը։Այլ մուտք թատրոնը չունի։ «Ես մեկ անգամ գնացի թատրոն եւ հասկացա, որ իմաստ չունի գնալ, մինչեւ այս իրավիճակը չհանգուցալուծվի։ Սպասում եմ նախարարության որոշմանը։ Դեռ նույնիսկ հանձնում-ընդունում չի արվել»,-ասաց Փալանջյանը։

Նա որոշ հարցերի վերաբերյալ պատասխան չունի։ Այդ թվում՝ թե ինչ խնդիր է լուծելու իր պաշտոնավարման ընթացքում։ «Ներկա պահին պետք է հասկանանք՝ կարողանու՞մ ենք այդ թատրոնը ոտքի կանգնեցնել, թե ոչ։ Ինձ նախարարությունից ասացին՝ դու պետք է հասկանաս՝ հնարավո՞ր է թատրոնը ոտքի կանգնեցնել, որովհետեւ նախկին տնօրենից մնացել են ոչ միայն ստեղծագործական, այլեւ ադմինիստրատիվ, ֆինանսական խնդիրներ։ Ես դեռ պետք է ծանոթանամ փաստաթղթերին, դերասանների հետ ծանոթանամ, որից հետո կկարողանամ ձեր հարցերին պատասխանել»,-ասաց Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Եթե կարճ ժամանակահատվածում հնարավոր չլինի լուրջ եւ կտրուկ փոփոխությունների հասնել թատրոնում, ապա այս ՊՈԱԿ-ը կլուծարվի։ Համենայնդեպս, Մշակույթի նախարարությունում այս տարբերակը նույնպես դիտարկվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter