HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Կլասիկ» բանավեճ ԱԺ փոխխոսնակների ընտրության ժամանակ. Մարուքյանի ելույթին արձագանքեց Ծառուկյանը

Խորհրդարանում շարունակվում է ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցը, ինչը բանավեճ առաջացրեց ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների՝ Էդմոն Մարուքյանի և Գագիկ Ծառուկյանի միջև:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ԲՀԿ-ականների՝ երեկ հնչեցված քննադատություններին: Մարուքյանը հիշեցրեց, որ իրենց ելույթները ԲՀԿ-ին չեն ուղղված եղել, այլ՝ իշխող ուժին:

«Մենք քաղաքական իմաստով կռիվ ենք տալիս, որպեսզի մեր թեկնածուին ներկայացնենք, էդ կռվի մեջ, հարգելի ԲՀԿ, դուք մտնում, մեզ հետ կռիվ եք տալիս: Ժողովուրդ ջան, եթե դրա կարիքը լինի, ես չեմ հապաղի հետ գնալ ու ինչ-որ բաներ ասել, օրինակ՝ մեր կուսակցությունից չեն չէ՞ մարդկանց փողոցում հեռացրել նախարարի պաշտոնից ու հայտարարել հակահեղափոխական, բայց դա մենք չենք ասել, հիմա ստիպում եք, որ ասենք, ես ձեզ խնդրում եմ՝ մի մտեք էս կռվի մեջ»,- ասաց ԼՀ խմբակցության ղեկավարը՝ դիմելով ԲՀԿ-ին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը տեղից խոսում էր, բայց նրա ձայնը լսելի չէր:

Մարուքյանն անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների հեգնանքին, թե չկա՞ արդյոք երրորդ ճանապարհ: Վերջինս ասաց. «Կա երրորդ ճանապարհ, միշտ, որ ձեզ պետք լինի, կասեմ, որ կա երրորդ ճանապարհ. առաջինը՝ ընտրել Մանե Թանդիլյանին, երկրորդ՝ ընտրել Վահե Էնֆիաջյանին, երրորդ՝ ազատ թողնել՝ ով ում ուզում է, ընտրի: Տեսաք, որ կա երրորդ ճանապարհ, միշտ կա երրորդ ճանապարհ»:

Մարուքյանը նաև ասաց, որ իշխող խմբակցության առաջադրած ԱԺ երկու փոխխոսնակների թեկնածուների՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի քվեարկության հարցում ԼՀ խմբակցությունը կքվեարկի ազատ:

Էդմոն Մարուքյանի ելույթից հետո առաջին անգամ իր խորհրդարանական գործունեության մեջ ելույթով հանդես եկավ 5 գումարման պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով Մարուքյանին:

«Ուզում եմ 2 բառ ասել պարոն Մարուքյանին՝ մեր կլասիկ պատգամավորին, որ բոլորդ էլ տեսել եք, որ ես ոչ մի խնդիր չունեմ «Լուսավոր Հայաստան»-ի հետ, ինքն է հարցը տվել, ես պատասխանել եմ, պատասխանից հետո ինքը մոտեցել է, ձեռը ջերմ սեղմել եմ, ամսի 10-ին էլ շնորհավորել եմ: Ասենք թե իրենք ասում են՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, որ չլիներ, մենք կլինեին երկրորդը, դե կարելի էր «Իմ քայլ»-ին էլ ասել, ինքը չմասնակցեր, կլինեիք առաջինը, ձեր ցավը տանեմ: Մինչև մեզ չվիրավորեն, մեզ չկպնեն, մենք ոչ մի բան ոչ մեկի չենք ասի, որևիցե մեկը, եթե փորձեց վիրավորել, դրա պատասխանը դոկումենտալ փաստաթղթով, տեսաժապավենով ներկայացնելու եմ»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որն անդրադարձավ երեկվա հնչած մտքերին:

«Քաղաքական այս բարձր ամբիոնից անթաքույց ակնարկ կատարվեց այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նկատմամբ ճնշում է գործադրվել կայացնելու քաղաքական որոշում: Մեզ համար անհասկանալի է և նաև վիրավորական այս մեղադրանքը: Այստեղ նստած մարդիկ, նաև ի դեմս ԱԺ փոխնախագահի թեկնածուներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի, ամիսներ առաջ վտանգել են իրենց, պատրաստ են եղել զրկվել ազատությունից հանուն արդարության և հանրային շահի: «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնում է թիմ, որը անհնարինը դարձել է հնարավոր, մի՞թե կարծում եք, որ ԱԺ պատերն իրենց պետք է կաշկանդեն, որ լինեն նույնքան սկզբունքային և ունակ լինեն որոշումներ կայացնելու»,- ասաց նա:

Մակունցի խոսքով՝ իշխող խմբակցության պատգամավորների շրջանում տեղի են ունեցել թեժ քննարկումներ, գաղափարների բախումներ, ինչը, ըստ Մակունցի, հպարտության մեծ առարկա է:

«Եւ նրանց տեսակետը ներկայացնել որպես կոճակ սեղմողների մոտեցում, մեղմ ասած, կոռեկտ չեմ համարում, այո, խմբակցությունում քննարկումների արդյունքում կայացվել է քաղաքական որոշում, և սա եղել է այդ բախումների արգասիքը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ որոշվել է նախապատվություն տալ ընդդիմադիր այն ուժին, որն առավել մեծ համամասնությամբ է ներկայացված խորհրդարանում:

Արտահերթ ելույթով հանդես եկավ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ տարբեր ենթատեքստերով փորձ եղավ հարցը ներկայացնել, չնայած այն չափազանց պարզ է:

«Եթե ես ընտրեի երկու թեկնածուների միջև այլ հավասար պայմաններում, ես կընտրեի կին թեկնածուին, նախապատվություն կտայի կին թեկնածուին: Եթե ստիպված լինեի ընտրել երկու ուժերի միջև՝ ԲՀԿ, թե ԼՀԿ, ես չէի ընտրի ոչ մեկին, որովհետև իմ քաղաքական ուժի ընտրությունը վաղուց արել եմ: Ես այս ընտրություններին մոտենում եմ բոլորովին այլ տրամաբանությամբ՝ քաղաքական դաշտում և խորհրդարանում դիրքավորվելու հարց է, մի դեպքում՝ կա հստակ սկզբունք, մի դեպքում չկա սկզբունք, շատ պարզ է՝ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է, որ իրեն իրավունք չի վերապահում փոխել ժողովրդի քվեարկությամբ հաստատված համամասնությունը»,- ասաց նա:

Հարցի քննարկումն ավարտվեց, այժմ փակ-գաղտնի քվեարկությամբ ընթանում է ԱԺ փոխխոսնակների ընտրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter