«Հայացք». Նորից թանկացումներ են
Խոշոր հարկատուները կհարկվեն... ժողովրդի հաշվին
Վերջին օրերին Հայաստանում դարձյալ թանկացումներ են գրանցվում: Մի քանի օր առաջ մոտ 20 դրամով թանկացավ բենզինը, իսկ երեկ գների բարձրացում արձանագրվեց կաթնամթերքի շուկայում: Մասնավորապես թանկացել է «Մարիաննա» ընկերության թթվասերն ու մածունը` շուրջ 20 դրամով: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը կաթնամթերի գների թանկացման վերաբերյալ երեկ արդեն մի շարք բողոքներ էր ստացել սպառողներից: Ըստ նրան` մարդիկ զանգում էին իրեն ու տրտնջում, թե էլի գները բարձրացան:
«Ոչ միայն կաթնամթերքի, այլև վերջին օրերին բենզինի ու ավտոմեքենայի յուղի գների բարձրացման վերաբերյալ էլ եմ ահազանգ ստանում: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում թանկացումները հաջորդում են միմյանց, իսկ բարձրացված գները հետո չեն իջնում»,- «Հայացք»-ի հետ զրույցում ընդգծեց նա: Արմեն Պողոսյանի խոսքով` այս թանկացումներն սպասելի էին, քանի որ հարկերի բարձրացմանը սովորաբար հաջորդում է գների բարձրացումը: «Այս տարի հարկերը 101 մլրդ դրամով ավելանում են: Դա դրական քայլ է ստվերի դեմ: Բայց ես կանխատեսում եմ` տնտեսավարողները, իմանալով, որ հարկային մեխանիզմը խստացվելու է, հիմիկվանից բարձրացնում են գները, որ կոմպենսացնեն»,- ընդգծեց Պողոսյանը:
Փաստորեն խոշոր հարկատուները հույս ունեն բարձրացված հարկերը մուծել... ժողովրդի հաշվին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել