HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարորդը պատասխանատվության է կանչել ԱՊՊԱ ընկերությանը՝ իր անձնական տվյալները տնօրինելու համար

Մի շարք վարորդներ հաճախ մտահոգվում են, որ զանգեր են ստանում տարբեր ապահովագրական ընկերություններից, որոնք առաջարկում են ավտոմեքենայի պարտադիր ապահովագրություն՝ հայտնելով իրենց և մեքենայի մասին տվյալները, թեև երբևէ չեն հանդիսացել այդ ընկերության հաճախորդ, այդ ընկերությանը երբևէ չեն հայտնել իրենց անձնական տվյալները:

Նման դեպք տեղի է ունեցել նաև Արամ Հովհաննիսյանի հետ, ով այլ ԱՊՊԱ ընկերության կողմից իր անձնական տվյալները ձեռք բերելու և օգտագործելու համար դիմել է ոստիկանություն:

Արամը տարբեր ԱՊՊԱ ընկերություններից հաճախ է ստացել ԱՊՊԱ պայմանագիրը վերակնքելու հեռախոսազանգեր, որոնց ընթացքում գործակալը Արամին հայտնել է նրա անձնական տվյալները:

Հերթական նման հեռախոսազանգ Արամը ստացել է նախորդ տարվա մայիսի 31-ին՝ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության աշխատակից Հասմիկից: Վերջինս Արամին առաջարկել է ԱՊՊԱ պայմանագիրը վերակնքել իրենց ընկերությունում: Արամն ասում է՝ մեկ այլ ընկերությունում այդ ժամանակ լրանում էր ավտոմեքենայի պարտադիր ապահովագրության պայմանագրի ժամկետը և հավանաբար իրեն զանգահարած գործակալը տեղյակ էր այդ մասին:

«Նաիրի ինշուրանս» ընկերության աշխատակիցը հստակ նշել է Արամի անուն-ազգանունն ու ավտոմեքենայի համարանիշը. «Իմ հարցին, թե որտեղից իրենց իմ հեռախոսահամարը, հստակ պատասխան չտվեց: Իմ շրջապատում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր նույնպես ստանում են նմանատիպ զանգեր իրենց ԱՊՊԱ-ի ժամկետը վերջանալուց առաջ»:

Արամին հետաքրքրում է, թե ինչպես է ԱՊՊԱ ընկերությունը ձեռք բերել իր անձնական տվյալները, քանի որ երբևէ նրանց հաճախորդը չի եղել:

Այդ զանգից հետո Արամը դիմել է ավտոմեքենան ապահովագրած ընկերություն: Հետաքրքվել է՝ արդյոք մեկ այլ ապահովագրական ընկերություն տեղյակ լինում է այլ ընկերությունների հաճախորդների տվյալներից, կամ կա՞ ԱՊՊԱ պայմանագրերի ընդհանուր բազա, որտեղ մուտք ունեն ապահովագրական բոլոր ընկերությունները: Ընկերությունից վստահեցրել են, որ նման բազա գոյություն չունի:

Արամի ունեցած տեղեկություններով՝ ԱՊՊԱ պայմանագրերի ընդհանուր բազա այնուամենայնիվ գոյություն ունի, սակայն չեն բարձրաձայնում այդ մասին, քանի որ այն անօրինական է: Մեկ այլ վարկածով՝ ապահովագրական ընկերությունների աշխատողները այլ աշխատանքի տեղափոխվելուց հետո իրենց հետ տանում են նախկին ընկերության հաճախորդների ցանկը, կամ վաճառում:

Այլ ընկերության կողմից իր անձնական տվյալները, հեռախոսահամարն ու ավտոմեքենայի համարանիշը ձեռք բերելու և օգտագործելու համար Արամը դիմել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որտեղից էլ դիմումը վերահասցեավորել են Կենտրոնական բանկ:

Կենտրոնական բանկից, Արամի գնահատմամբ, լղոզված պատասխան են տվել: Նրան ուղարկված նամակում գրված է՝ բոլոր այն դեպքերում, երբ սպառողներին զանգահարում և առաջարկում են ԱՊՊԱ պայմանագիր կնքել կամ վերակնքել այն ապահովագրական ընկերության անունից, ում հետ վերջիններս երբևէ չեն ունեցել կնքված պայմանագիր, ապա այդ սպառողները կարող են անձնական տվյալների ապօրինի օգտագործման կամ շրջանառման վերաբերյալ հաղորդում ներկայացնել համապատասխան իրավապահ մարմիններին:

Կենտրոնական բանկի պատասխանը ստանալուց հետո՝ դեկտեմբերին, Արամը դիմել է ոստիկանություն: Մեկ ամսից ավելի տևած քննությունից հետո Արամը երեկ ոստիկանությունից պատասխան է ստացել, որ հայտնաբերել են զանգի հեղինակին, որ «Նաիրի Ինշուրանս» ընկերության հետ համագործակցող ԱՁ է, վերջինս Ց. Հ-ն է, ով ներկայացել է իր համար նախընտրելի Հասմիկ անունով, ինչը իրենց ԱՁ-ում խախտում չի համարվում:

Ըստ ոստիկանության՝ գործակալը Արամի հեռախոսահամարը վերցրել է www.vuvu.am կայքից: «Ց. Հ-ն բացատրությամբ նշել է, որ հեռախոսահամարն ընտրել է պահատականության սկզբունքով, իրենք ժամանակ առ ժամանակ զանգահարում են տարբեր անձանց, ճշտում՝ արդյոք իրենք մեքենա ունեն թե ոչ, առաջարկում իրենց մոտ կնքել պայմանագիր և տեղեկանալով, որ արդեն իսկ կնքվել է մեկ այլ ապահովագրականով և որքան ժամկետով, պահպանում են նրանց հեռախոսահամարը»,- գրված է ոստիկանությունից ուղարկված պատասխանում:

Արամը առաջին անգամ ոստիկանությունից է լսել www.vuvu.am կայքի մասին, ասում է՝ երբևէ չի այցելել այս կայք: Զանգի հեղինակի այն պատճառաբանությունը, որ հեռախոսահամարը վերցրել է տվյալ կայքից, Արամը «օդից վերցված» պնդում է համարում, որին ոստիկանության աշխատակիցները հեշտությամբ հավատացել են՝ հավանաբար առանց բացելու այդ կայքը: Այսպիսով՝ ոստիկանությունը նշված գործում որևէ հանցանք կամ զանցանք չի հայտանաբերել:

Արամը ցանկանում է, որ ոստիկանությունը գտնի և պատժի մեղավորին, քանի որ իր անձնական տվյալները անօրինական ճանապարհով գտել և օգտագործել են: «Գտնել և պատժել մեղավորին՝ սա քրեական հանցագործություն է: Իսկ ավելի գլոբալ ակնկալիքը՝ եթե կա այդպիսի ընդհանուր բազա, հասնել դրա վերացմանը և դադարեցնել նմանօրինակ զանգերը»,- մեզ հետ զրույցում նշեց Արամ Հովհաննիսյանը:

ԱՊՊԱ ընկերությունների գործունեությունը հսկող մարմինը Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն է: Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ այլ ԱՊՊԱ ընկերությունների կամ գործակալների կողմից վարորդների անձնական տվյալները օգտագործելու հանգամանքը իրենց համար ևս կարևոր խնդիր է: Այդ իսկ պատճառով 2016 թվականին կարգավորում են ամրագրել, որ «Վարորդի անձնական տվյալները կարող է օգտագործել միայն այն ընկերությունը կամ գործակալը, ում հետ վարորդը պայմանագիր է կնքել: Կարելի է ենթադրել, որ մեկ ապահովագրական գործակալ կամ աշխատակից այս կամ այն ընկերություն տեղափոխվելիս կամ պայմանագրի կնքման ընթացքում տեղեկանում է այդ տվյալների մասին, հետո սկսում է ապօրինի տարբերակներով այդ տեղեկատվությունը օգտագործել: Հետևաբար այն ապօրինի է, անօրինական է, և մենք այդ բոլոր դեպքերում վարորդներին առաջարկել ենք դիմել իրավապահ մարմիններին»:

Վահան Ավետիսյանի հավաստմամբ՝ բյուրոն չունի համապատասխան մարմիններից պարզաբանումներ պահանջելու և այդ հեռախոսազանգերը կատարած անձանց տվյալները վերցնելու գործիքներ:

Ավետիսյանը նման դեպքերում վարորդներին հորդորում է դիմել իրավապահ մարմիններին: Ասում է՝ բյուրոն նաև վարորդներին պաստրաստակամություն է հայտնել լիազորել իրեն՝ դիմել իրավապահներին, սակայն վարորդները հրաժարվել են:

Բյուրոյի գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ ավտոմեքենաների ապահովագրության միասնական բազա վարում են Ավտոապահովագրողների բյուրոն և Ճանապարհային ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter