HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Հայկ Մարությանը պնդում է՝ ամեն ինչ արվում է Արամի 23-ը պահպանելու համար

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արամի 23 հասցեում գտնվող շենքի պահպանմանը։ Նշեց, որ Արամի 23 շենքը սեփականատեր ունեցող պատմամշակութային տարածք է, որը գտնվում է մշակույթի նախարարության ենթակայության տակ, իսկ քաղաքապետարանի համար այս շենքը նույն արժեքն ունի, ինչ Երեւանի բոլոր շենքերը։

«Մենք հոգում ենք բոլոր շենքերի մասին, այդ թվում եւ Արամի 23-ի։ Մեր իրավասությանների սահմաններում արել ենք ամեն ինչ, որ այս շենքը կանգուն մնա եւ անելու ենք»,- նշեց քաղաքապետը։

Ըստ Հայկ Մարությանի՝ նույնանուն երկու կազմակերպություններ գոյություն ունեն, որոնցից մեկը «Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիա» ՀԿ-ն է, որի նախագահն է Տիգրան Հեքեքյանը և որին պատկանում է շենքը, մյուսը՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ը, որը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին։ «Այնտեղ հաճախող երեխաների հարցերով զբաղվում է քաղաքապետարանը, իսկ Արամի 23-ը քաղաքապետարանի ունեցվածքը չէ»,- հավելեց Մարությանը։

Այն հարցին, թե երկու ամսվա ընթացքում քաղաքապետարանը շենքի ամրացման համար ինչ աշխատանքներ է կատարել, Հայկ Մարությանը պատասխանեց, որ այս հարցում քաղաքապետարանի լիազորությունները սահմանափակված են, քանի որ լիազորություն ունի շենքի սեփականատերը։

Քաղաքապետը, սակայն, նշեց, որ հանդիպել են կառուցապատող ընկերության գլխավոր ճարտարապետի հետ, իսկ շենքի սեփականատիրոջ ուղարկած՝ պատի ամրացման նախագիծն իրենց կողմից չի կարող քննարկվել, քանի որ ըստ նախագծի՝ ամրացումը պետք է կատարվի այլ սեփականատիրոջ տարածքում։ «Մենք վերցրել ենք դիմումը, փոխանցել մյուս տարածքի սեփականատիրոջը, ասել, որ արագ պատասխան տրամադրեն։ Մենք ինչ անում ենք, մեր լիազորության սահմաններում ենք անում»։

Քաղաքապետը հավելեց, որ շենքը որեւէ կերպ չի կարող քանդվել, ավելացրեց, որ մշակույթի նախարարությունը դիմել է դատախազություն, իսկ քաղաքապետարանն իր տրամադրության տակ եղած նյութերով փորձում է տեղեկատվություն հաղորդել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter