HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլ»-ն առաջարկում է ԱԺ-ում ունենալ 11 մշտական հանձնաժողով

Խորհրդարանը քննարկում է մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը: Այն ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Ի տարբերություն 5-րդ և 6-րդ գումարումների խորհրդարաններում ձևավորված մշտական հանձնաժողովների՝ այս նախագծի համաձայն մշտական հանձնաժողովների թիվը 11-ն է, նախորդ գումարման հանձնաժողովների համեմատությամբ թիվն աճել է 2-ով: Հաշվի առնելով վեցերորդ գումարման խորհրդարանի ձևավորման ընթացքում ընդդիմադիր կուսակցությունների կողմից հնչած քննադատություններն առ այն, որ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը պետք է առանձին գործի և պետք է տարանջատվի պետական-իրավական հանձնաժողովից՝ այս հանձնաժողովներն առաջարկվում է, որ գործեն առանձին»,- ասաց պատգամավորը:

Վարդանյանի խոսքով՝ առաջարկվում է ստեղծել նաև տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հաննձաժողով, որը պայմանավորված է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ: «ԵԱՏՄ շրջանակներում ձևավորվում է արդեն ԵԱՏՄ իրավական ակտերի համակարգը, որոնք ներառում են անհրաժեշտություն ՀՀ համապատասխան օրենքների ընդունման և համընդհանուր ոլորտի վերահսկողություն»,- ասաց նա:

Իշխող ուժի ներկայացուցչի խոսքով՝ առաջարկվում է խորհրդարանում ունենալ հետևյալ մշտական հանձնաժողովները՝ առողջապահության և սոցիալական հարցերի (12 անդամ), արտաքին հարաբերությունների (14 անդամ), գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի (12 անդամ), եվրոպական ինտեգրման հարցերի (10 անդամ), մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի (10 անդամ), պաշտպանության և անվտանգության հարցերի (11 անդամ), պետական-իրավական հարցերի (15 անդամ), տարածաշրջանային ինտեգրման հարցերի (11 անդամ), տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի (12 անդամ), տնտեսական հարցերի (15 անդամ), ֆինանսավարկային և բյուջետային հարցերի (10 անդամ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter