HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ս. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի նվիրյալները՝ Գառնիկ, Արշալույս, Վահագն Պետրոսյաններ

Կա կարծիք, որ տիկնիկավարի մասնագիտությունն, ի տարբերություն ասենք դրամատիկական թատրոնի դերասանի մասնագիտության, սիրում է որոշակի «տարիք»` գերադասելով երիտասարդներին: Տարիների հետ, երբ ֆիզիկական ուժը պակասում է, ողջ ներկայացման ընթացքում տիկնիկ պահելն ու խաղացնելը բարդանում է: Սակայն, ինչպես բոլոր տարածված ու հաստատված «ճշմարտությունների» դեպքում, այստեղ էլ պատահում են շեղումներ:

Տիկնիկավարներ Գառնիկ եւ Արշալույս Պետրոսյանները 50 տարուց ավելի աշխատում են Գյումրու Ստեփան Ալիխանյանի թատրոնում: Երեք զավակներից կրտսերը՝ 35-ամյա Վահագն Պետրոսյանը, ծնողների ուղով է ընթանում արդեն 12-րդ տարին: Տիկնիկային թատրոնը Պետրոսյանների երկրորդ տունն է:

«Իսկ ես ուզում էի հոգեւորական դառնալ, բայց դա մնաց երազանք՝ դարձա դերասան»,-խոստովանում է 70-ամյա Գառնիկ Պետրոսյանը: «Ու քանի որ ինքը չէր դարձել հոգեւորական, որոշեց, որ ես պիտի գնամ էդ ճանապարհով, բայց թատրոնն ավելի ուժեղ գտնվեց»,- հավելում է Վահագնը ու ծիծաղելով շրջվում հոր կողմը: «Դպրոցն ավարտելուց հետո իրոք դիմել եմ ճեմարան, երկու ամիս մնացի ու դուրս եկա, հետո որոշեցի ծնողներիցս թաքուն գործերս տամ թատերական ինստիտուտ: Ընդունվելուս լուրը մաման հանգիստ ընդունեց, բայց պապա՜ն...երկու բառ է ասել՝ ամոթ քեզ,- Վահագնը կրկին ծիծաղում է,- բայց դե եղածը եղած էր՝ ճեմարանն իմ տեղը չէր, ես պատրաստ չէի հոգեւորական դառնալու»:

Պետրոսյանների 6 հոգանոց ընտանիքում թատրոնի հետ կապ չունեն միայն Վահագնի կինը՝ Նելլին ու երկու փոքրահասակ զավակները: «Բայց մեկ է մթնոլորտը թատերական է, որովհետեւ թե´ սկեսուր-սկեսրայրս, թե´ Վահագնը սիրում են տանը քննարկումներ անել, ես էլ ակամայից լսում-մասնակցում եմ»,- ասում է Նելլին: «Հա, մենք սիրում ենք քննարկել ներկայացումները, մեր դերերը, լինում են նաեւ վեճեր՝ նկատի ունեմ թատերական»,-խոստովանում է Արշալույս Պետրոսյանը, որ ամուսնու տարեկիցն է: Թոռների՝ իրենց ուղով գնալու հետ կապված հարցին, Գառնիկի պատասխանը կարճ է՝ Աստված չանի, իսկ Վահագնը ուսերն են թոթվում. ամեն դեպքում 6-ամյա տղայի մոտ արտահայտված հետաքրքրություն չի նկատել, իսկ դուստրը դեռ մեկ տարեկան է ու առայժմ զվարճանում է հայրիկի Ձմեռ պապիկի կերպարով:

Գառնիկ Պետրոսյանին Գյումրու «Կայարան» կոչվող թաղամասում մինչեւ օրս էլ ճանաչում են որպես Գիքոր: «Հա, հա, ճիշտ եմ ասում, հլը գնացեք թաղ ու հարցրեք, թե ով էր Գիքորը»,-հորդորում է ինձ զրուցակիցս: Ես ծիծաղում եմ՝ հիշելով «Ոսկե հորթը» ֆիլմում Պանիկովսկու եւ Շուրայի խոսակցությունը. «Շուրա, գնացեք Կիեւ եւ հարցրեք, թե ով էր Պանիկովսկին՝ նախքան հեղափոխությունը: Գնացեք եւ հարցրեք: Եվ ձեզ կասեն, որ մինչեւ հեղափոխությունը Պանիկովսկին կույր էր»: Գառնիկը ժպիտով է արձագանքում. «Այո, մոտավորապես էդ ոգով, որ գնացեք ու հարցրեք, թե ով էր կայարանի Գիքորը, բոլորը կասեն՝ Գառնիկը»:

11 տարեկանում Գառնիկ Պետրոսյանին բախտ է վիճակվում խաղալ Հովհ. Թումանյանի «Գիքորը» ստեղծագործության բեմական տարբերակում: «Ես հաճախում էի Սեւյանի մշակույթի պալատի Աղասի Շաբոյանի ղեկավարած պարի խումբ, էնտեղ նաեւ թատերական խումբ կար, որ ղեկավարում էր Աղասի Բադալյանը, հենց ինքն էլ դարձավ իմ՝ կարելի է ասել, թատերական կնքահայրը: Երեւի շատ լավ էի խաղացել, շատ տպավորիչ էր եղել, որ մինչեւ հիմա էլ ինձ հիշում են այդ դերով, էնպես որ, երբ 1967թ-ին ավարտում էի դպրոցը, ես արդեն հայտնի դերասան էի,- զրուցակիցս ժպտում է,- էդ տարին էլ մտել եմ տիկնիկային թատրոն: Ստեփան Ալիխանյանն իմացավ, որ ուզում եմ գնալ Երեւան՝ կրթություն ստանալու, հայտարարեց, որ ավելի լավ է մնամ, որ եթե գնամ ու վերադառնամ՝ հետ չի ընդունելու, որ ես պատրաստի դերասան եմ, որ ինչ չգիտեմ, ինքը կսովորեցնի, բայց ես չլսեցի»:

Համառության շնորհիվ Գառնիկը հայտնվում է Երեւանում: Սովորելու հրավերը ստանում է Զավեն Տատինցյանից, որն այդ ժամանակ ղեկավարում էր Պատանի հանդիսատեսի թատրոնը: «Կուրսիս տղաներն են եղել Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Հարություն Մովսիսյանը: Հարութն ասում էր՝ Գառո՛, երկուսս էլ չենք ընդունվի, հարցնում էի ինչու՞, ասում էր, որովհետեւ դու բանվորի տղա ես, ես՝ տաքսու շոֆերի: Բայց երկուսս էլ ընդունվեցինք: Վեց ամիս անց ես բանակ գնացի, հետ եկա ու չշարունակեցի ուսումս՝ Տատինցյանն ինձ տարավ Պատանի հանդիսատեսի թատրոն»,- պատմում է Գառնիկը: Այնտեղ աշխատում է 2,5 տարի, հետո վերադառնում Լենինական:  Շատ կարճ ժամանակ աշխատում է դրամատիկական թատրոնում, որն այդ տարիներին ղեկավարում էր Երվանդ Ղազանչյանը, այնուհետեւ հաստատվում է տիկնիկային թատրոնում:

«Եսիմ ինչ երեւելի դերեր չեմ հասցրել խաղալ դրամատիկականում եղած ժամանակ, բացի դրանից՝ ուշք ու միտքս տիկնիկայինի կողմն էր: Այդ ժամանակ արդեն Ստեփան Ալիխանյանը չէր ղեկավարը. իր փոխարեն՝ Ստանիսլավ Գադաչիկն էր, նկարիչը՝ Զավեն Կոշտոյանը: Ասի՝ Զավեն, մի բան արա, դրամատիկականից դուրս եմ գալիս, ուզում եմ գալ տիկնիկային, ասեց՝ էնտեղ տեղ կա՞, որ գաս, բայց գնացի ու մնացի մինչեւ օրս»:

Տիկնիկային թատրոնում էլ հանդիպում է ապագա կնոջը՝ Արշալույսին: «Սեր առաջին հայացքի՞ց»,- հարցս անակնկալի է բերում ամուսիններին: Գառնիկն ուսերն է թոթվում՝ իբրեւ թե չի հիշում տարիներ առաջ եղածը, իսկ Արշալույսը կանացի կոկետությամբ նկատում է. «Ես էն ժամանակ սիրուն էի»: 70-ամյա փոքրամարմին տիկնիկավար-դերասանուհին մանկական անմիջականությամբ ու ձայնի թարմությունը չկորցրած դեռահասի պատրաստակամությամբ պատմում է իր՝ թատրոնում հայտնվելու պատմությունը:

«Մամայիս կողմը կապ ուներ թատերական աշխարհի հետ` ազգակցական կապ կար Հրաչյա Ղափլանյանի հետ: Ես պատրաստվում էի դպրոցից հետո գործերս տալ թատերական ինստիտուտ, անգամ պարապում էի Լեւոն Թուխիկյանի մոտ, բայց էնպես ստացվեց, որ մայրս ընկել, կոտրել էր ձեռքը, եւ ես ստիպված եղա Երեւանից վերադառնալ Լենինական: Հետո, երբ մաման արդեն լավացել էր, մի օր բռնեց ձեռքս ու տարավ Ստեփան Ալիխանյանի մոտ: Էդպես ես 1967թ-ին հայտնվեցի տիկնիկային թատրոնում»,- պատմում է Արշալույսը:

Գուցե շատ հարցերում Պետրոսյանները տարակարծիք են, սակայն տիկնիկային արվեստի հետ կապված ունեն հստակ դիրքորոշում՝ այն մատաղ սերունդը կրթելու, նրանց արվեստին մոտեցնելու լավագույն ձեւն է: «Մենք 50 տարի է ձգտում ենք մանուկներին պարգեւել այն հրաշքը, որի սպասումով իրենք մտնում են տիկնիկային թատրոն,- ասում է Արշալույս Պետրոսյանը,- դու շիրմայի հետեւից պետք է կարողանաս զգալ դահլիճի շունչը, էներգիան ու խաղաս այնպես, որ երեխան հավատա իր ակնկալած հրաշքին»: Տիկնիկավարները, միայն իրենց բնորոշ զգացողությամբ, գրեթե մշտապես անսխալ կարողանում են որոշել, թե ինչ տարիքային խմբի երեխաներ են դահլիճում: Դա օգնում է խաղալիս անել նաեւ ձայնային ճիշտ շեշտադրումներ:

«Տիկնիկային արվեստը բարդ արվեստ է, ցուցադրական արվեստ է, այստեղ միաձուլվում են մարդն ու անշունչ առարկան, որ կենդանանում է տիկնիկավարի ձեռքում, ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունի տիկնիկայինի դերասանը, որովհետեւ ծանր են տիկնիկները, իսկ մենք դրանք անընդհատ պահում ենք վերեւ, եւ դրան ավելացրած, չգիտես ինչու, ներկայում ամենաանտեսվածն է գնահատման առումով,- մտախոհ ձայնով ավելացնում է Գառնիկը,- խորհրդային տարիներին մեր տիկնիկավարներն ավելի շատ էին վարձատրվում, քան դրամատիկականի դերասանը՝ մինչեւ 220 ռուբլի աշխատավարձ էինք ստանում, իսկ հիմա ընդամենը 55 հազար դրամ, դե 90-ականների մասին էլ չխոսեմ: Ու, որ էս տեսանկյունից ես նայում, այո՛, ստացվում է՝ մենք նվիրյալներ ենք»:

Գառնիկ Պետրոսյանը մոտ 50 ներկայացում է բեմադրել, խաղացած դերերի թիվը չի հիշում, կան ներկայացումներ, երբ մեկ տիկնիկավարը մի քանի դեր է խաղում: Վահագնը բերում է իր օրինակը. «Գնդիկ-բոքոնիկ» ներկայացման մեջ առաջին պլանում պապիկ է խաղում, հետո տիկնիկներով՝ գայլ եւ արջ: Գառնիկը խոսում է մանկական պիեսների պակասի մասին: Պատմում է, որ ժամանակին Ստեփան Ալիխանյանն էր պիեսներ գրում, ինքը եւս ունի այդ փորձառությունը, սակայն լավ կլիներ, եթե մանկագիրները ուշադրություն դարձնեն այս խնդրին: Վահագն էլ իր հերթին երազում է ստվերային թատրոնի մասին, ասում է՝ մի օր անպայման խաղալու է, կգա մի օր, երբ Գյումրու տիկնիկային թատրոնում չեն բավարարվի ձողիկավոր, գամբիտային կամ պլանշետային ներկայացումներով:

Արշալույսը գրեթե չի միջամտում ամուսնու եւ տղայի զրույցին, միայն գլխով է անում, ու երբ փորձում եմ իր կարծիքն էլ հարցնել, միայն ծիծաղում է. «Դե իրենք բոլորն ասեցին, ես միայն մի բանից եմ ուրախանում, որ չնայած դժվարություններին՝ երիտասարդ դերասաններին ձգում է տիկնիկային թատրոնն, ու գալիս են սիրով, մենք էլ սիրով մեր իմացածն ենք փոխանցում»: Երազած դեր կամ տիկնիկ հասկացության հետ կապված՝ ամուսինները որեւէ կոնկրետ ցանկություններ, երազանքներ չեն ունեցել, սակայն ունեցել են սիրելի տիկնիկներ, իսկ ահա Վահագնը երազում է երբեւէ Բուրատինո խաղալ կենդանի պլանով:

«Իսկ ես կուզենայի, որ մենք երբեւէ կարողանանք կանգնել ճապոնական, ինդոնեզական, չինական տիկնիկային թատրոնների կողքին: Ես մեզ չեմ փնովում, բայց աշխատելու, զարգանալու շատ տեղ ունենք: Իմ թվարկած թատրոնները շշմելու են, իրենք շատ առաջ են, եւ իրենց հասնելու համար հայ տիկնիկային թատրոնը շատ անելիքներ ունի»,- հավելում է Գառնիկ Պետրոսյանը:

Գլխավոր լուսանկարը՝ Գուրգեն Գինոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter