HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք».Նախընտրական աժիոտա՞ժ, թե՞ կանգառ կես ճանապարհին

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ճակատագիրը Ֆրանսիայում սկսում է վերածվել դետեկտիվ ժանրի արկածային պատմության: Դժվար էր պատկերացնել, որ Թուրքիային կհաջողվի այդքան հզոր (անկասկած, նաև ֆինանսական) լոբբինգ կիրառել և հասնել օրինագծի բողոքարկմանը Սահմանադրական դատարանում: Այնուհանդերձ, օրենքի պահանջի համաձայն` հունվարի 31-ի առավոտյան բողոքը ներկայացվել է Սահմանադրական դատարան, թեպետ հունվարի 29-ին, Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Բուրջօղլուի պնդմամբ, հաջողվել էր սենատորներից հավաքել միայն 35 ստորագրություն` անհրաժեշտ նվազագույն 60-ի փոխարեն: Միաժամանակ, փաստորեն, Սահմանադրական դատարան են դիմել Ազգային ժողովի ներքին պալատի 65 պատգամավորներ և Սենատի 76 կամ 77 անդամներ (տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են նշում):

Նրանց շարքերում են Սենատի բոլոր խմբակցությունները ներկայացնող սենատորներ: Կան և° սոցիալիստներ, և° Հանրապետական ու Կենտրոնական միության ներկայացուցիչներ, և° Սարկոզիի կուսակցության` իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» պատգամավորներ: Ոչ մի կերպ, սակայն, չի հաջողվում ճշտել բողոքարկողների ընդդիմություն-իշխանություն հարաբերակցությունը: Եթե հավաստի է այն տեղեկատվությունը, որ ստորագրող սենատորներից 62-ը ընդդիմությունն են ներկայացնում, ապա նրանց մասնակցությունը ինչ-որ տեղ հասկանալի է: Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների մասնակցության շարժառիթները, որոնց հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարկոզին ասել էր, թե իրեն արջի ծառայություն են մատուցել, այնքան էլ պարզ չեն: Այսինքն` նախագահական ընտրությունների շեմին հարվածում են իրենց թեկնածուին և գործող նախագահին, որը ցանկանում է վերընտրվել 2-րդ ժամկետով, և որի վարկանիշը, բոլոր հարցումների համաձայն, բարձր չէ: Ինչպես սոցիալիստների թեկնածու Հոլանդը, այնպես էլ «Ազգայնական ճակատի» ղեկին հորը փոխարինած Մարին Լե Պենը իրական մրցակիցներ են գործող նախագահի համար, և Սարկոզիի հնարավոր պարտությունը ամենևին էլ ֆանտաստիկայի ոլորտից չէ: Հետևապես` ինչո՞ւ են սեփական կուսակիցները հարվածի տակ դնում իրենց թեկնածուին, որի վարկանիշը Սահմանադրական դատարանում օրինագծի մերժման դեպքում անկասկած կտուժի:

Մյուս կողմից` Ֆրանսիան այնքան կայացած պետություն է և նրա քաղաքական վերնախավը` այնքան կոփված, որ իշխանություն-ընդդիմություն տարաբաժանման մեջ անգամ չեն կարող չհասկանալ, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագիծը այս պահին հրապարակ հանելով և Ազգային ժողովի 2 պալատներով այն ընդունելով` Ֆրանսիան, փաստորեն, իր ուսերին է վերցրել Թուրքիայի առջև Եվրամիության դռները փակելու առաջնային պատասխանատվությունը, և հետ կանգնելն արդեն ուշ է: Անկարայի հետ Փարիզի հակադրությունը այնքան է խորացել, երկու կողմից էլ արվել են այնպիսի հայտարարություններ և ձեռնարկվել այնպիսի քայլեր, որ եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի օրինագիծը, դա կնշանակի խոշոր պարտություն Ֆրանսիայի համար: Քանզի Եվրամիության որևէ երկիր այլևս ուղղակի չի ցանկանա Անկարայի հետ գլուխ դնել` Ֆրանսիայի նման պետության պարտության տխուր օրինակն աչքի առաջ ունենալով:

Տեսականորեն, օրինագծի հետագա ճակատագիրը կարող է հանգուցալուծման 3 տարբերակ ունենալ: Առաջին` Սահմանադրական դատարանը ճանաչում է օրինագիծը Սահմանադրությանը համապատասխան, և օրենքը նախագահ Սարկոզիի ստորագրությամբ մտնում է ուժի մեջ:

Երկրորդ տարբերակը կարող է լինել այն, որ օրինագիծը մասամբ անհամապատասխան ճանաչվի և ուղարկվի Ազգային ժողով` բարեփոխման: Սա կնշանակի հարցի ձգձգում, որովհետև մեկ ամսից Ֆրանսիայի խորհրդարանը կգնա արձակուրդ, քանզի ապրիլին երկրում նախագահական ընտրություններ են: Եթե անգամ ընտրություններից հետո այն ինչ-որ բարեփոխված տեսքով ընդունվի, այլևս չի ունենա նախկին հնչեղությունը:

Եվ, վերջապես, 3-րդ տարբերակը նախագծի մերժումն է, որ ուղղակի արտաքին քաղաքական խոշոր պարտություն կլինի: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրինագիծը ասպարեզ եկավ նախագահական ընտրությունների նախաշեմին, դրա նախընտրական բնույթը (արտաքին քաղաքական նպատակներին զուգահեռ) նույնպես ակնհայտ էր: Ըստ այդմ` չի բացառվում հետևյալ վարկածը. օրինագիծը Սահմանադրական դատարանում քննության առնելը նպատակ ունի թեման թեժ պահել նախընտրական շրջանում:

Պատահական չէ, որ նախագծի բողոքարկման նախաձեռնությանը միացել են գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև դրա օգտին քվեարկողների թվում ներկայացված էին խորհրդարանի 2 պալատներում ներկա և° իշխանական, և° ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներն ու սենատորները: Այսինքն` կա պայքար ամենևին էլ ոչ միայն հայկական կամ թուրքական ընտրազանգվածների ձայների համար: Տարբեր փորձագետների պնդմամբ` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը նախատեսող օրինագիծը հակաիսլամական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածին գրավելու համար հենց այս շրջանում եկավ ասպարեզ, և այդպիսի խնդիր ունեն ինչպես նախագահ Սարկոզին, այնպես էլ ձախ ընդդիմությունից նրա հիմնական մրցակից Հոլանդը:

Այն պարզ պատճառով, որ կա լուրջ մտավախություն, թե սևամորթներից ու ներգաղթյալ մահմեդականներից հոգնած ֆրանսիացիները ընտրություններում կքվեարկեն երրորդ իրական թեկնածուի` Մարին Լե Պենի օգտին: Վերջինիս հայրը` Ֆրանսիայի «Ազգայնական ճակատի» երկարամյա առաջնորդ Ժան-Մարի Լե Պենը, 2001 թ. ընտրություններում գրավեց 3-րդ տեղը` ստանալով ձայների 20%-ից ավելին, ինչը բացարձակ անակնկալ էր ընտրարշավի մյուս մասնակիցների համար: Մարին Լե Պենը, որ իբրև կուսակցության առաջնորդ փոխարինել է հորը, այսօր բավական բարձր վարկանիշ ունի եթե ոչ հաղթանակ տանելու, ապա երկրորդ փուլում Հոլանդի կամ Սարկոզիի դեմ պայքարելու համար: Չի բացառվում, որ սոցիալիստներն ու աջերը մեթոդներ են որոնում վերջինիս ընտրազանգվածը դեպի իրենց ձգելու համար: Քանզի որքան Թուրքիան ակտիվ է հակազդում նախաձեռնությանը և աղմկում դրա շուրջ, այնքան նախաձեռնությունը հեղինակած կուսակցությունները և նրանց առաջնորդներն ավելի շատ հնարավորություն են ունենում հանդես գալ Ֆրանսիան և Եվրոպան թուրքական «հորդաներից» պաշտպանողների դիրքերից: Դա իհարկե կարող է ինչպես Սարկոզիից, այնպես էլ Հոլանդից վանել մահմեդականներին, հատկապես Ֆրանսիայում տեսակարար կշիռ չունեցող թուրքական համայնքին, բայց դա, թերևս, մեծ կորուստ չէ: Միևնույն է, այդ զանգվածը որևէ դեպքում չի քվեարկի Ֆրանսիան օտարներից մաքրելու բացահայտ կարգախոսներով հանդես եկող Լե Պենի օգտին:

Վահան Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter