HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնդկական փսիխոզ

Արտակ Ս․ Խաչատրյան

Վերջին օրերին Ամանորը և Սուրբ ծնունդը ջերմեռանդորեն նշող ազգիս շրջանում ծայր առավ նոր թրենդային թեմա՝ օտարերկրացիների, մասնավորապես՝ Հնդկաստանից և Պակիստանից ՀՀ տարածք քաղաքացիների ներհոսքի վերաբերյալ։ Թվում է՝ դժգոհությունները հիմնավորվելու են տնտեսական, ժողովրդագրական հնարավոր վտանգների վկայակոչմամբ։ Բայց պատկերն այլ է։ Հնչում են ազգային-ռասիստական ձևակերպումներ, պիտակավորումներ՝ մարդաբանական տիպի ծաղրի տարրերով։

Չեմ բացառում, բայց և չեմ էլ կարող սպառիչ ասել, որ գործ ունենք մանիպուլյացիայի հետ։ Անկախ նրանից՝ մանիպուլյացիա է, թե ոչ, այն հանդիսանում է մեր հասարակության մտակաղապարների, կարծրատիպերի, էկզոկարծրատիպերի հայելին։ Տեքստերում հնչում են այնպիսի բնորոշումներ, ինչպես «մուսուլմաններ» (բացասական երանգավորմամբ), «փնթի», «սև» հնդիկներ և այլն։ Ակնբախ է, որ նման բառապաշարը ամենևին էլ չի արտահայտում երկրին և հասարակությանը սպառնացող հնարավոր սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական վտանգները։

Արտադրական կամ սպասարկման որևէ բնագավառում մաշկի գույնը կամ տարբեր մարդաբանական տիպին հատուկ հոտը չի պայմանավորում արտադրանքի որակը կամ սպասարկման արդյունավետությունը։ Ի միջի այլոց, հնդիկների հոտի մասին։ Մարդաբանական տարրական գիտելիքները բավարար են հասկանալու համար, որ մեր մոլորակում ապրող բոլոր ռասսայական տիպերին էլ հատուկ է մաշկի յուրօրինակ բուրմունք, այդ թվում՝ հայերին։ Ուղղակի մենք չենք զգում մեզ հատուկ բուրմունքը, քանզի հայտնի է, որ երկար ժամանակ մարդը, գտնվելով որևէ հոտով լեցուն միջավայրում, այլևս չի զգում այն, քանի որ հոտի ռեցեպտորներն արդեն հարմարվում են դրան, և բթացվում է դրա ընկալումը։ Իսկ հոտը և մաշկի գույնը պայմանավորված են բնաաշխարհագրական միջավայրով և մշակութային առանձնահատկություններով, այն է՝ մեր յուրահատուկ բուրմունքի համար պարտական ենք ուտեստի այն համալիրներին, որոնք ընդունում ենք։ Սա հարցի կենցաղային-առօրեական կողմի մասին։

Հարցի մեկ այլ կողմ է օտարերկրացիների վերաբերյալ մտացածին վտանգների շեշտադրումը։ Այս դեպքում չի բացառվում «ներքին թշնամու» փնտրտուքները՝ սեփական սխալները նրանց վրա բարդելու համար։ Այս հնարքը ամենևին էլ նոր բան չէ պատմության ընթացքում։ Ամենատիպիկ նախադեպը Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում և Ավստրիայում սկիզբ առած ներքին թշնամու որոնումներն էին, որոնք հանգեցին այդպիսի թշնամու «բացահայտմանը»՝ ի դեմս հրեաների։ Ինչո՞ւ հրեաները, և ինչու հենց Ավստրիայում և Գերմանիայում։ Դա գալիս էր ավստրոգերմանական միջավայրում առկա այն ինքնավստահությունից, որ իրենք ահա-ահա հաղթելու են պատերազմը, և դրանում ամենևին ոչ վերջին տեղն էր զբաղեցնում մամուլը, որը շարունակ հասարակությանը կերակրում էր գերմանական և ավստոհունգարական բանակների տարած հաղթանակների մասին լուրերով։

Գերմանացիները համոզված էին՝ հաղթանակին մազ է մնացել։ Սակայն նոր պատերազմի մեջ մտած ԱՄՆ-ի օգնությամբ Անտանտը սրընթաց հակահարձակման միջոցով լիակատար պարտության մատնեց ավստրոհունգարական և գերմանական բանակներին։ Պարտությունն իրոք անսպասելի և շոկային էր ավստրիական և գերմանական հասարակությունների համար։ Հետայդու ավստրոգերմանական միջավայրում սկիզբ առավ մեղավորների փնտրտուքը։

Դա առավել խորն էր արտահայտվում Ավստրիայի դեպքում։ Դարերով Ավստրոհունգարիան Եվրոպայի քաղաքական և մշակութային խոշոր կենտրոններից էր, միջազգային քաղաքականության որոշիչ գործոններից մեկը։ Եվ ահա այդ ամենից մնացել է ինչ-որ փոքրիկ 8 միլիոնանոց Ավստրիա, որին ոչ ոք բանի տեղ չի մնում։ Ո՞վ է մեղավոր։ Դրա պատասխանը տվեց գերմանական բանակի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար ֆելդմարշալ Լյուդենդորֆը բրիտանացի լրագրողի հետ հարցազրույցում, երբ վերջինս նրան հարցրեց «Դուք ուզում եք ասել, որ դանակը ձեր մեջքը խրեցի՞ն», Լյուդենդորֆը բացականչեց «Այո, այո, հե՛նց հարված մեջքից»։

Իսկ ովքեր հարվածեցին մեջքից․ հրեաները և կոմունիստները, իհարկե։ Իսկ մեր դեպքու՞մ։ Մենք սովորե՞լ ենք դասեր քաղել պատմությունից։ Գայթակղությունը մեծ է ոչ ասելու։ Սակայն տպավորությունն այն է, որ սովորել ենք, բայց հակառակ իմաստով։ Այն ժողովուրդը, ով կիսում է 20-րդ դարի երկու մեծագույն ցեղասպանություններից առաջինի զոհի կարգավիճակը, ով ցեղասպանվեց հենց Օսմանյան կայսրության ղեկավար շրջանների կողմից «ներքին թշնամու» փնտրտուքների և դրանում հայերին մեղադրելու արդյունքում, այժմ, կարծես թե, ինքն է անկախ պետականության պայմաններում սկսում ներքին թշնամու փնտրտուքները։ Ի վերջո, դա մեծ գայթակղություն է, երբ կա մեկը, ում վրա կարող ես բարդել սխալներիդ մեղքը և խուսափել պատասխանատվությունից։

Դա ֆրոմյան ձևակերպմամբ՝ փախուստն է ազատությունից, որի վերջը, սակայն, անդունդն է։ Անդունդը, որում կհայտնվենք նույնքան անակնկալ և սրընթաց, ինչպես գերմանացիները 20-րդ դարի երկրորդ տասնամյակի վերջին։ Քանզի սեփական սխալները վերլուծելու և դրանք շտկելու ծանր պատասխանատվությունը օտարում ենք մեզնից, այն հեշտությամբ գցում ուրիշի վրա։ Ամուր պետականության տեսլականը ենթադրում է նաև ինքնավերլուծություն, սխալների ուղղում, մանավանդ մեր դեպքում, քանզի դարերով պետականությունից զուրկ լինելով՝ զրկված ենք եղել պետական ավանդույթներից։ Ինչի՞ց ենք վախենում։ Մրցակցությունի՞ց։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք ներգաղթողներին վերաբերվում որպես թերարժեքների։ Առաջինը քրիստոնեությունն ընդունած լինելու հանգամանքը շարունակաբար թմբկահարող հասարակությունը ամենևին էլ ոչ քրիստոնեավայել է վերաբերվում դիմացինին։ Ի վերջո, խոհանոցային զրույցներում, կենացների մակարդակում սիրում ենք գլուխ գովել, թե հնդեվրոպական նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհում է տեղակայվել։ Այդ դեպքում կարելի է ստորագրահավաք կազմակերպել, որպեսզի բոլոր ակադեմիական հրատարակություններում «հնդեվրոպական» եզրույթից բացառվի «հնդ» արմատը։

Մենք անընդհատ խոսում ենք հայության անցյալի մշակութային նվաճումների մասին, սակայն ինքներս ենք վերածվում մշակութային ձրիակերի։ Հնդկական ֆիլմերով և սերիալներով կերակրվող հասարակությունը արշավ է սկսում այդ պրոդուկտը արտադրողի դեմ։ Նախադեպը նորից կա։ Գերմանացիները նացիստական խավարի ժամանակներում հրապարակավ կրակի էին մատնում հրեական ծագումով գերմանական գրողների, պոետների գրքերը, արգելում էին երաժշտական ստեղծագործությունների, պիեսների ներկայացումը և բեմադրությունը։ Կարծում եմ, դեռևս այդ մակարդակին չենք հասել։

Սիրո և հանդուրժողականության հեղափոխություն իրականացրած հասարակությունը պետք է հավատարիմ մնա այդ արժեքներին։ Իսկ սերը և հանդուրժողականությունն ընտրողաբար չի լինում։ Այլապես, կասկածի տակ է առնվում հեղափոխության սիրային և հանդուրժողական բնույթ ունենալը: 

լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter