HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Մահացած Գյանջիրով Հովհանյանի՝ կեղծ ստորագրությունների գործը կքննվի ՀԿԳՎ-ում

Արարատում 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի մահվան՝ մոտ 5 տարի վաղեմության գործն այսօր եւս մեկ անգամ հետաձգվել է։

Այս անգամ միջնորդություն է ներկայացրել տուժողի դուստր Գայանե Հովհանյանը, քանի որ գործով ներգրավված հանրային պաշտպան Լուիզա Հարությունյանը այլեւս չի հանդիսանում Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակից։ Գայանեն դատարանից խնդրել է ժամանակ տրամադրել գործում նոր պաշտպանի ներգրավման համար: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Գայանե Հովհանյանը։

Հիշեցնենք, որ դատական նիստերը, որոնք անցնում են Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում, անընդհատ հետաձգվում էին։ Պատճառներից մեկն այն էր, որ վկաները չէին ներկայանում դատարան։ Այսօր դատավոր Հարություն Պետրոսյանը վկաներին դատարան բերման ենթարկելու որոշում է կայացրել։

Հաջորդ նիստի օր է նշանակվել փետրվարի 13-ը։

Գյանջիրով Հովհանյանի դուստրը պնդում է, որ 65-ամյա հորը`՝ Գյանջիրով Հովհանյանին ոչ թե դրդել են, հակել կամ հասցրել ինքնասպանության, այլ կատարվել է սպանության։ Գործից 5 տարի հետո որպես ամբաստանյալ է ներգրավվել Նարեկ Ավետիսյանը: Հենց Նարեկ Ավետիսյանի հոր քարի արտադրամասում աշխատել է մահացած Գյանջիրով Հովհանյանը։ Դեպքը տեղի է ունեցել 2013թ. հուլիսի 25-ին:

Գայանեի պնդմամբ՝ իր ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ հոր աշխատավայրում նրա անվան դիմաց կեղծ ստորագրություններով փաստաթղթեր են առկա, որից հետո դիմել դատարան: Դատական եռաստիճան համակարգը սպառելուց և քննիչի կողմից գործի կասեցման որոշումն անփոփոխ թողնելուց հետո Գայանեն դիմել է գլխավոր դատախազին և վարչապետին:

Մեզ հետ զրույցում տուժողի իրավահաջորդը հայտնեց, որ գործի շրջանակում իր կողմից ներկայացրած կեղծ ստորագրության գործով բողոքը քննվելու է քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի վարչությունում։

Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Գայանեն բողոք-դիմում է ներկայացրել վարչապետի այդ ժամանակվա պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ներկայացրել հոր սպանության գործում առկա դրույթները: Երկու օր առաջ Գայանեին ուղակվել է ՀԿԳՎ-ում գործի քննության մասին պատասխանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter