Պաշտպան. Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը հարցեր չի ուղղել նրա անձեռնմխելիության վերաբերյալ
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը հետաձգվեց աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Պաշտպանի խոսքով՝ դատարանը նիստի ընթացքում գործի քննությունը սկսել է Քոչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունից, այն ներկայացվել է, և դրա վերաբերյալ պաշտպաններից երկուսը՝ ինքն ու Հովհաննես Խուդոյանը առարկություններն են ներկայացրել: Հաջորդ դատական նիստին Քոչարյանի մյուս պաշտպանները՝ Ռուբեն Սահակյանը և Արամ Օրբելյանը ևս առարկություններ կներկայացնեն:
Նշենք, որ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու և նրա կալանքի երկարաձգելու միջնորդությունները քննվում են միասին՝ չնայած պաշտպանական կողմը պնդում էր, որ դրանք միանգամայն տարբեր միջնորդություններ են, վերաբերվում են տարբեր ժամանակահատվածների և մեղադրանքերի, ուստի պետք է քննել առանձին:
Պաշտպանը նշեց նաև, որ դատարանը Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ հարցեր չի տվել, սակայն իրենք՝ պաշտպանները, դրա մասին հանգամանալից խոսել են:
Պաշտպանն ասաց նաև, որ իրենք նոր տեսանյութեր են ներկայացնելու, որոնք առնչվում են Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններին և դրանց ժամանակ ցուցարարների դրսևորած վարքագծին:
Պաշտպանը նշեց, որ դատավորը գործով քննիչ Հրաչ Մուշեղյանին հարց է ուղղել, թե արդյոք ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում Քոչարյանը խուսափել կամ խոչընդոտել է գործի քննությանը, ինչին ի պատասխան քննիչը նշել է, թե այդպիսի հանգամանքներ հայտնի չեն, ապա, շարունակելով, ասել, թե նա չի խոչընդոտել, քանի որ գիտակցել է, որ դա կարող է պատճառ հանդիսանալ իրեն նորից կալանավորելու համար:
Դատական նիստը կշարունակվի վաղը ժամը 11:00-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել