Փաստերի ստուգման ուղեցույց «Հետքի» լրագրողների համար
- Մինչեւ հետաքննության հրապարակումը եւ «admin» հարթակում տեղադրելը հեղինակը նյութի «Google Doc» տարբերակին հասանելիություն է տալիս փաստեր ստուգողին եւ խմբագիրներից առնվազն մեկին:
- Հեղինակը նախապես տեղադրում է իր ներկայացրած բոլոր փաստերի եւ պնդումների ապացույցներն անմիջապես նյութում՝ տվյալ բառի կամ արտահայտության վրա ավելացնելով ակտիվ հղումներ (hyperlink) կամ, եթե համարում է, որ հղումները չպետք է հետագայում երեւան նյութում, դրանք տեղադրում է «footnote»-ի տեսքով՝ տվյալ բառի կամ արտահայտության վրա:
- Փաստեր ստուգողն, ըստ անհրաժեշտության, «Google Doc»-ում մեկնաբանություններ է թողնում, հարցեր տալիս հեղինակին, անում որոշակի փոփոխություններ:
- Նյութի հեղինակն, ըստ անհրաժեշտության, արձագանքում է ստուգողի կատարած մեկնաբանություններին եւ պատասխանում հարցերին: Նա նաեւ կարող է առարկել կատարված փոփոխություններին՝ ներկայացնելով իր դիտարկումները մեկնաբանությունների տեսքով:
- Ստուգողի կողմից պահանջվող հավելյալ ապացույցները տեղադրվում են մեկնաբանությունների դաշտում հղումների տեսքով կամ վերբեռնվում, օրինակ՝ «Google Drive» համակարգ, որից հետո վերբեռնված ֆայլի հղումը դրվում է «Google Doc»-ի համապատասխան մեկնաբանության դաշտում՝ ի պատասխան ստուգողի հարցի կամ դիտարկման:
- Ստուգողի եւ խմբագրի կողմից արվող մեկնաբանություն/դիտարկումներն ու «suggest» տարբերակով կատարվող փոփոխությունները նյութի հեղինակի կողմից չեն կարող ընդունվել «resolve» տարբերակով: Դրանք վերջնական ընդունելու (resolve) իրավասությունը նյութին հասանելիություն ունեցող խմբագրինն է կամ փաստեր ստուգողինը:
- Խմբագրի եւ փաստեր ստուգողի կողմից բոլոր մեկնաբանություններն ու փոփոխություն/հավելումները «resolve» տարբերակով ընդունվելուց հետո հեղինակը նյութը տեղադրում է admin հարթակում, որտեղ այն կարդում է օրվա հերթապահը, ապա՝ սրբագրիչը:
Ինչը պետք է ստուգվի
Մարդկանց անունները
Մարդկանց անունները հաճախ կարող են այլ կերպ գրվել, քան հնչում են՝ տարբեր պատճառներով։ Լրագրողի պարտականությունն է նյութում ճշգրտորեն արտացոլել մարդկանց ինքնությունը եւ անուն-ազգանվան գրության ձեւերը։ Ինչպես կարելի է դա ստուգել կամ ապացուցել, կամ ինչը կարող է իբրեւ ապացույց ծառայել․
- Անձը հաստատող փաստաթղթեր, ինչպիսիք են անձնագրերը, նույնականացման քարտերը, ծննդյան վկայականները, բժշկական կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթերը:
- Ընտրողների ռեգիստրում անձի տվյալները, որոնց հիմքը նրա անձնագրի տվյալներն են:
- Պաշտոնական էջերը սոցիալական ցանցերում։
- Ընկերության գրառումները, որոնք պարունակում են անհատների անուններ։ Դրանք կարող են լինել նրանց նշանակման կամ ազատման մասին գրառումներ, ընկերության հաշվետվություն՝ ստորագրված նշված անձի կողմից, ընկերությունում տեղի ունեցած փոփոխության մասին տեղեկագիր եւ նմանատիպ պաշտոնական աղբյուրներ:
- Այցեքարտեր. պատրաստ եղեք լուսանկարելու եւ/կամ սկանավորեք դրանք, որպեսզի փաստերը ստուգողներն ունենան պատճենը:
- Պաշտոնական կենսագրություններ:
Անձնական հարաբերությունները
Պատմության մեջ նշված անձնական հարաբերությունները հաստատելու համար օգտագործում ենք պաշտոնական փաստաթղթեր.
- ծննդյան վկայականներ,
- ամուսնության վկայականներ,
- դատական փաստաթղթեր, որոնք հաճախ բացահայտում են անձանց հարաբերությունները,
- օրենքով չարգելված այլ տվյալներ կամ տեղեկություններ։
Անձնական հարաբերությունները ցույց տալու համար կարող ենք դիտարկել հանրային միջոցառումները, որոնց հոդվածում նշված անձինք մասնակցել են միասին:
Ապացուցելու համար, որ ինչ-որ մեկն իսկապես ներկա է եղել ինչ-որ տեղ, կարող եք օգտագործել.
- անձնական հայտարարություն, հարցազրույց,
- կազմակերպիչների մամուլի հաղորդագրությունը, որտեղ նշվում է, թե ովքեր են ներկա եղել միջոցառմանը,
- միջոցառման լուսանկար կամ տեսանյութ, որը ցույց է տալիս ներկա անձանց,
- տեղեկագիր, որը տեղեկացնում է իրադարձության եւ դրան մասնակցության մասին,
- հայտարարություններ, որոնք դուք կարող եք օգտագործել՝ հստակ ցույց տալու համար երկու մարդկանց հարաբերությունների տեսակը,
- օրենքով չարգելված այլ տվյալներ կամ տեղեկություններ։
Ամսաթվերը
Ստուգում ենք յուրաքանչյուր ամսաթիվ, ժամանակաշրջան։ Դրա համար օգտագործում ենք.
- Անձնական փաստաթղթեր (այսինքն՝ վավերականության ժամկետները, ծննդյան ամսաթվերը)։
- Ընկերությունների հաշվետվությունները՝ հետաքրքրություն ներկայացնող յուրաքանչյուր անձի համար մեզ անհրաժեշտ է ժամանակացույցը, թե որքան ժամանակ են նրանք անցկացրել ընկերությունում եւ ինչ կարգավիճակով: Լրագրողները պետք է ընդգծեն կամ մատնանշեն ժամկետները համապատասխան փաստաթղթում:
- Էկրանակադրը՝ ամսաթվի դրոշմակնիքով: Սրանք կարող են օգտագործվել նաեւ հայտարարությունների, հասցեների, ընկերությունների հայտարարությունների եւ նմանատիպ այլ դեպքերում։
- Պաշտոնական կայքերի տվյալները:
Հասցեները
- Ընկերությունների եւ անհատների համար հիմնականում օգտագործում ենք ընկերությունների պաշտոնական գրառումները եւ իրավաբանական անձանց ռեգիստրը։
- Այդ գրառումներում պետք է ստուգենք՝ արդյոք հասցեն ընթացիկ է, եւ արդյոք փոփոխություններ են եղել: Եթե մենք նշում ենք, որ ընկերությունը փոխել է հասցեն, պետք է այդ փաստը գրանցված լինի ընկերության պաշտոնական գրառումներում կամ իրավաբանական անձանց ռեգիստրում։
- Կարող ենք նաեւ օգտագործել Google Maps-ը՝ հասցեն հաստատելու եւ ցույց տալու համար, թե կոնկրետ ինչ է գտնվում այն հասցեում, որը վկայակոչում ենք պատմությունում: Պետք է նկատի ունենալ, որ ժամանակը կարեւոր է. եթե մենք օգտագործում ենք Google Maps-ը, փաստերը ստուգողները կրկնակի կստուգեն՝ արդյոք լուսանկարում ցուցադրված վայրը նման տեսք ուներ պատմության մեջ նշված պահին:
- Օգտագործում ենք նաեւ հասցեագիրք եւ հեռախոսագիրք:
Հարցազրույցները/հայտարարությունները
Հարցազրույցները պետք է ձայնագրվեն: Աուդիո կամ վիդեո ֆայլերը պետք է պահպանվեն եւ, անհրաժեշտության դեպքում, փոխանցվեն փաստերը ստուգողներին:
Լրագրողները միշտ պետք է սղագրեն/վերծանեն իրենց հարցազրույցները եւ պահեն այն` անհրաժեշտության կամ պահանջի դեպքում փաստերը ստուգողին տրամադրելու համար: Դա կարող է անհրաժեշտ լինել զրույցի համատեքստը հասկանալու համար:
Թվերը եւ ֆինանսական ցուցանիշները
Ամեն անգամ, երբ նյութի մեջ օգտագործվում են ֆինանսական թվեր կամ այլ հաշվարկներ, լրագրողները պետք է փաստեր ստուգողներին տրամադրեն փաստաթղթեր կամ այլ ապացույցներ, որոնք ցույց են տալիս բնօրինակ թվերը: Սրանք կարող են լինել ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները կամ Կառավարության, աուդիտի փաստաթղթերը, հարկային հաշվետվություններ կամ ցանկացած այլ տեսակի պաշտոնական աղբյուր, որը հաստատում է մեր օգտագործած թվերը/ցուցանիշները:
Եթե դուք կատարել եք ձեր սեփական հաշվարկները, եզրակացություններ եք արել թվերի կամ հաշվարկված միջինների հիման վրա, ուղարկեք աղյուսակը (օրինակ՝ Excel ֆայլը), որը հստակ ցույց է տալիս, թե ինչպես են ստացվել արժեքները, եւ ինչպես են թվերը գումարվել:
Օրինակ, եթե ասում եք՝ «լրատվամիջոցներում ներդրված գումարը եռապատկվել է յոթ տարվա ընթացքում», ապա հարկավոր է փաստեր ստուգողին տրամադրել ֆայլ, որը պարունակում է յոթ տարվա ցուցակ, յուրաքանչյուր տարվա գումարի չափը եւ այդ ներդրումները ցույց տվող փաստաթղթերը:
Իրավական փաստաթղթերը
Փաստաթղթերը պետք է որոնելի լինեն: Եթե ունեք պատկերային (ֆոտո) ֆայլեր, փոխարկեք դրանք OCR տարբերակի (օպտիկական նիշերի ճանաչում): Համացանցում բազմաթիվ են անվճար կայքերը, որոնցում կարելի է նկարը կամ PDF ֆայլը դարձնել OCR:
Յուրաքանչյուր փաստաթղթի մեջ նշեք կոնկրետ այն հատվածը, որտեղ առավել հստակ են նշված այն հանցագործությունները, որոնցում մեղադրվում են դատավարական այս կամ այն կարգավիճակն ունեցող անձինք: Հատկապես կարեւոր է առանձնացնել վերջնական դատական ակտի այն հատվածը, որը մանրամասն նկարագրում է գործը եւ ուրվագծում է մեղադրանքները։
Եթե դատական գործն ավարտված է, եւ գրում եք անհատին կամ ընկերությանն առաջադրված մեղադրանքների մասին, փաստերը ստուգողները պետք է ստանան դատական գործին առնչվող հասանելի փաստաթղթերը կամ դրանց առցանց հղումները՝ համացանցում առկայության դեպքում։
Յուրաքանչյուր օրենք, որը մեջբերում եք հոդվածում, պետք է նշվի ակտիվ հղումով կամ պետք է ներկայացնեք օրենքի պատճենը փաստերի ստուգման համար: Պետք է իմանանք նաեւ, թե երբ է այն ուժի մեջ մտել։ Կարեւոր է հաշվի առնել, թե տվյալ օրենսդրական ակտի որ տարբերակն է մեզ անհրաժեշտ՝ ամենավերջին ինկորպորացիա՞ն, թե՞ նախկին տարբերակներից մեկը:
Համատեքստը
Համատեքստը դժվար է դասակարգել եւ շրջանակի մեջ առնել կանոններով: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր փաստաթուղթ, հայտարարություն, իրադարձություն եւ յուրաքանչյուր պատմություն ունի ընդհանուր համատեքստ, որը պետք է դիտարկել:
Մենք չենք ներառում տեղեկատվությունը պատմության մեջ, եթե այն նպատակ չունի ապացուցելու, նպաստելու կամ ամրապնդելու պատմության ընդհանուր համատեքստը: Օրինակ՝ չենք հիշատակում քաղաքական գործիչների ընտանիքի անդամներին, երեխաներին, սիրուհիներին կամ որեւէ մեկին, եթե նրանք ուղղակիորեն ներգրավված չեն մեր բացահայտած ապօրինությունների մեջ:
Այլ լրատվամիջոցներ
«Վիքիպեդիա»-ն օգտագործում ենք ինֆորմացիայի աղբյուրներ գտնելու համար։
Այլ լրատվամիջոցները որպես տեղեկատվության աղբյուր օգտագործելիս պետք է հղում տալ, ճիշտ այնպես, ինչպես ցանկանում ենք, որ այլ մարդիկ մեջբերեն մեր տեղեկատվությունը:
Մենք ապավինում ենք այլ լրատվամիջոցներին հետեւյալ դեպքերում․
- Հարցազրույցներ։ Պետք է հստակ նշել, օրինակ՝ պարոն Խաչատրյանը «Առաջին ալիք»-ին ասել է, որ երկու ամսով հանգստանալու է Դուբայում:
- Տեղեկություններ, որոնք մեր պատմության մի մասն են եւ չեն հերքվել:
Եզրակացություններ եւ ենթադրություններ
Պատմության յուրաքանչյուր եզրակացության համար նշեք փաստաթուղթը, տեղեկությունը կամ հայտարարությունը, որի վրա հիմնվել եք այդ եզրակացությունն անելիս եւ, անհրաժեշտության դեպքում, հակիրճ բացատրեք, թե ինչպես եք հանգել դրան: Մենք կողմ ենք միայն այն ենթադրություններին, որոնք հիմնված են փաստերի վրա: