
Փոփոխություններ հիփոթեքային վարկավորման ծրագրում. ԼՂՀ
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության` այս տարվա վերջին նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Կառավարությունը փոփոխություններ է առաջարկել մի շարք օրենքներում, հանդես եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ` քննարկման դնելով «Բարձրագույն պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Ըստ այդմ` փոփոխություն է առաջարկվում հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկում, սահմանվում են պաշտոնատար անձի և փոխկապակցված անձանց պարտականությունները: Հայտարարատուների գույքի և եկամուտների մասին տեղեկանքը, օրինագծի համաձայն, հրապարակման ենթակա է և կտեղադրվի լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:
Գործադիրի հավանությանն արժանացած «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծով սահմանվում են օգտակար հանածոնների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար, նաև պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և բնական ռեսուրսների օգտագործման բնագավառում պետական տուրքերի դրույքաչափերը:
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով հստակեցվում են լիազորված և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, մթնոլորտային օդի վիճակի վրա ազդող ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների տեղաբաշխման, նախագծման, կառուցման և գործարկման պայմանները:
«Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Կենդանական աշխարհի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կարգելվի ԼՂՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը, կկարգավորվեն հանրապետության տարածքում կենդանական աշխարհի վայրի տեսակների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման խնդիրները: Օրինագծում նոր պահանջներ են ամրագրված, անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու, օգտագործելու եւ կարգի խախտման համար իրավահարաբերությունները կարգավորելու առնչությամբ:
«Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծի համաձայն կփոփոխվեն քաղծառայողին դասային աստիճան շնորհելու ժամկետները, կհստակեցվեն քաղաքացիական ծառայողներին առավել բարձր դասային աստիճան շնորհելու հարաբերությունները,: Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:
Կառավարության որոշմամբ ստեղծվեց գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ: Հաստատվեցին հիմնարկի կանոնադրությունն ու կառուցվածքը: Կստեղծվի սննդամթերքի բնագավառի միասնական մարմին, որը պատասխանատու կլինի սննդամթերքի անվտանգության շղթայի բոլոր փուլերի համար:
Կառավարության որոշմամբ փոփոխություններ են առաջարկվում հիփոթեքային վարկավորման գործընթացում: Հնարավորինս կփոխհատուցվեն արտարժույթով հիփոթեքային վարկեր ստացած քաղաքացիների կրած վնասները, որոնք գոյացել են դոլարի փոխարժեքի կտրուկ տատանումներից: Կբարելավվեն վարկի մարման ժամկետների երկարաձգման հետ կապված, նաև որոշ այլ պայմաններ: Փոփոխությունները նախատեսված էին նախագահի նախընտրական ծրագրով:
Գործադիրը հաստատեց ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ 2014-2015 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների, ինչպես նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ 2013-2014 ուս. տարվա մասնագիտությունների ցանկերը: ԱրՊՀ ընդունելություն կկազմակերպի 17 մասնագիտությունների գծով: Ավելացել են «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում և աուդիտ», «Ֆիզկուլտուրա և սպորտ» մասնագիտությունները: Վարչապետի դիտարկմամբ` երկրի տնտեսության զարգացման համար մասնագիտությունները, հիմնականում, պահպանվել են, սակայն դրանց համար շրջանավարտներից, ոչ բավարար քարոզչության պատճառով, քիչ դիմորդներ են լինում: Նա համապատասխան մարմիններին հանձնարարեց քարոզչական ճիշտ աշխատանքներ իրականացնել հատկապես շրջաններում:
Նիստում սահմանվեցին անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման և կազմման չափորոշիչները, հաստատվեց դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը: Ստեղծվեց «Ղուկասյան եղբայրների անվան Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրման կենտրոն» հիմնարկը:
Գործադիրի որոշմամբ ստեղծվեց «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցը: Նախատեսվում է այնտեղ իրականացնել տարածքի պատմամշակութային ու բնապատմական, նյութական և հոգևոր արժեքների ուսումնասիրման և օգտագործման աշխատանքներ:
Նիստում ընդունվել են առողջապահությանը, սոցիալական և այլ ոլորտներին առնչվող մի շարք որոշումներ:
Տեղեկացնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմից:
Մեկնաբանել