«Հետք»-ը «Առաջարկ նախարարին» նախագծի շրջանակում հարցաթերթի միջոցով մոտ 200 առաջարկներ և հարցեր է ստացել` ուղղված նորանշանակ նախարարներին: Ներկայացնում ենք ընթերցողների՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ուղղած 31 հարցերը և առաջարկները՝ նախարարի պատասխաններով։ Մենք առանձնացրել ենք մի քանի ոլորտներ, որոնց վերաբարյալ ընթերցողներն ամենաշատ հարցերն ու առաջարկներն են ուղղել նախարարին:

Անվճար հետազոտություն և դեղորայք

Սա առողջապահության ոլորտում քաղաքացիներին ամենից շատ մտահոգող հարցերից մեկն է:

Ընթերցողներից մեկն առաջարկում է տարին 1 անգամ անվճար հետազոտություն սահմանել բոլոր քաղաքացիների համար՝ արյան անալիզ, տեսողության, լսողության, շնչառության հիմնական հետազոտություններ և այլն: Նախարար Ա. Թորոսյանը պատասխանում է, որ այդ հնարավորությունն արդեն իսկ կա՝ համաձայն առողջապահության նախարարի 2013թ. N 47-Ն հրամանի, ըստ որի` ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը (ներառյալ` ըստ բժշկական ցուցումների նեղ մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները) անվճար է բնակչության բոլոր խմբերի համար: Նախարարը պատասխանում թվել է այն բոլոր հետազոտությունները, որոնք ԱԱՊ բժիշկը (ընտանեկան բժիշկ/թերապևտ) պետք է անվճար իրականացնի տարեկան մեկ անգամ:

Նշենք, որ առաջարկի հեղինակը կոնկրետ օրինակ չի բերել, որպեսզի հասկանալի լիներ՝ արդյոք նախարարի նշած կարգը պատշաճ գործում է, թե ոչ:

Որպես թեմայի տրամաբանական շարունակություն՝ այս բաժնում ներկայացնենք մեկ այլ ընթերցողի մտահոգություն: «Պետպատվերով բուժման գնացողներին արհամարհանքով են վերաբերվում բժշկական կենտրոններում (իհարկե ոչ բոլորին է վերաբերում)», - գրել է նա:

Նախարարը, որպես պատասխան, միայն մեջբերել է օրենքներ, որոնք պարտավորեցնում են բժշկին բարեխիղճ լինել:

Վեց ընթերցողներ առաջարկել են ընդլայնել բուժհաստատությունների կողմից հանրությանը տրամադրվող անվճար դեղորայքի ցանկը, սակայն, ինչպես ենթադրվում է նախարարի պատասխանից, այս տարվա դեղացանկն արդեն հաստատված է և փոփոխության չի ենթարկվելու:

Քաղաքացիների միանման հարց/առաջարկները միավորել ենք. դրանք և նախարարի պատասխանն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք կապույտ ստեղնը:

Դեղերի ներդիրներ

Մի քանի ընթերցողներ նախարարին առաջարկել են հետևողական լինել, որ դեղերի ներդիրները թարգմանվեն հայերեն: Նրանցից մեկը խնդրել է հայերեն ներդիրներ ապահովել հատկապես Հայաստանում արտադրված դեղերի համար, որոնք երբեմն ունենում են միայն անգլերեն կամ ռուսերեն նկարագիր:

Նախարարը մեջբերել է օրենսդրական հիմքեր, ըստ որոնց` Հայաստանում կարող են վաճառվել միայն գրանցված դեղեր, իսկ գրանցման դեպքում դեղերի փաստաթղթերին կցվում է նաև հայերեն պաշտոնական տեղեկատվություն` դեղի հայերեն բժշկական կիրառման հրահանգը (դեղի ընդհանուր բնութագիրը) և օգտագործման հրահանգը (ներդիր-թերթիկը): Չնայած այս հանգամանքին՝ նախարարը ևս փաստում է, որ Հայաստանում հայերեն ներդիր թերթիկով կան ոչ մեծ թվով գրանցված դեղեր:

Պատասխանում նշվում է, որ դեղերի ներդիրների հայերենացման գործընթացն ընթացքի մեջ է, և այն իրականացնում է առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը»: Նախարարությունը պլանավորվում է մի քանի տարի անց ունենալ Հայաստանում գրանցված բոլոր դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը հայերեն լեզվով. հստակ ժամկետ նշված չէ:

Շտապօգնություն

Ըստ մեր ընթերցողի ունեցած տեղեկությունների` Երևանի «Շտապօգնություն» ծառայությունում կատարվում են չարաշահումներ. անձնակազմին ստիպում են համազգեստները իրենց անձնական միջոցներով գնել, բուժպարագաները ստիպում են լվանալ իրենց հաշվին, մեքենաները բենզինով լիցքավորելիս վարորդները ստորագրում են դատարկ անդորրագրեր` չնշելով բենզինի քանակը և այլն:

Առողջապահության նախարարը պատասխանել է, որ այս հարցի պատասխանատուն շտապ բժշկական օգնություն իրականացնող ընկերության հիմնադիրն է` Երևանի քաղաքապետը:

Մեր մյուս ընթերցողը կոնկրետ դեպք է պատմում և խնդրում բարելավել շտապօգնություն ծառայության որակը գյուղերում: Նա մեր հարցաթերթով է նախարարին դիմում, քանի որ նախարարության թեժ գծի միջոցով պատասխան չի կարողացել ստանալ:

Դեպքը հետևյալն է. Արարատի մարզի գյուղերից մեկում տարեց մարդու համար շտապօգնություն են կանչել, այնուհետև ստիպված են եղել հիվանդին սեփական մեքենայով տեղափոխել հիվանդանոց, քանի որ շտապօգնության մեքենան չի եկել: Մանրամասներին կարող եք ծանոթանալ ներքևում:

Նախարար Արսեն Թորոսյանը պատասխանում է, որ քաղաքացու կողմից ներկայացված խնդիրը կկարգավորվի մոտ ապագայում` հաշվի առնելով, որ արդեն Հայաստան է ժամանել Չինաստանի կողմից հատկացված 200 շտապ բժշկական օգնության մեքենաների առաջին խմբաքանակը:

Պատասխանում կարևոր տեղեկություն է նաև այն, որ թե Երևան քաղաքի «Շտապբուժօգնութուն» ՓԲԸ ենթակայանները և թե ՀՀ մարզերի շտապ բժշկական օգնության ծառայություն իրականացնող բոլոր բժշկական կազմակերպությունները ապահովված են GPS սարքերով: Կանչերի գրանցումը և հաշվառումն իրականացվում է տվյալ սարքերի միջոցով:

Ըստ պատասխանի` յուրաքանչյուր կանչ գրանցվում է, փոխանցվում, իսկ ավարտված կանչի արդյունքները ներմուծվում են շտապօգնության միասնական գործակարգավարական համակարգ (այդ թվում՝ նշվում է կանչը սպասարկելու մերժման պատճառը): Պատասխանի այս հատվածը ուղեցույց է այն քաղաքացիների համար, որոնց շտապօգնության կանչերը մերժվել են, նրանք կարող են ծանոթանալ գրանցամատյանի` իրենց կանչին վերաբերող տեղեկությանը և տեսնել, թե ինչ է գրվել այնտեղ` որպես մերժման պատճառ:

Հղիների բուժօգնություն

Գերակշռում են նաև հղիներին և ծննդկաններին վերաբերող հարցերն ու առաջարկները:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն առաջարկում է վերացնել պարտադիր եռօրյա սպասելաժամանակն այն կանանց համար, ովքեր դիմում են հղիության արհեստական ընդհատման: Հղիության արհեստական ընդհատման օրենսդրական դրույթներում պարտադիր սպասելաժամանակը մտցվել է 2016թ.-ին: ՀԿ-ն ուսումնասիրություն է իրականացրել օրենսդրության փոփոխություններից հետո մեկ տարի անց մի շարք մարզերում, որով և պարզել է, որ եռօրյա պարտադիր սպասելաժամանակը վտանգավոր հետևանք է թողնում կանանց վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների վրա:

«Շատ գյուղաբնակ կանայք ի վիճակի չեն ամեն անգամ գյուղից քաղաք երթևեկել, որտեղ տեղակայված են հիմնական բժշկական կենտրոնները, և արդյունքում հղիության արհեստական ընդհատումը շարունակում է մնալ անհասանելի և ոչ մատչելի գյուղաբնակ կանանց համար: Այս դրույթն ունի նաև կոռուպցիոն ռիսկ՝ հետին ամսաթվով կնոջ դիմումը մուտքագրելու տեսանկյունից»,- գրել է ՀԿ-ն:

Նախարարը պատասխանել է, որ սպասելաժամանակի պրակտիկան գործում է նաև այլ երկրներում, իսկ դրա բացասական հետևանքների վերաբերյալ գնահատականները և կոռուպցիոն ռիսկերը քննարկելու համար ՀԿ-ին խնդրում է իրենց տրամադրել հետազոտության մանրամասն արդյունքները` ներկայացուցչական տվյալների և կոնկրետ փաստերի նկարագրմամբ:

Ընթերցողների համար մտահոգիչ մեկ այլ հարց է Հայաստանում արտամարմնային բեղմնավորման գինը: Այս հարցով նախարարին դիմել է մի քանի հոգի, նրանց հարց/առաջարկներն ամփոփել ենք մեկում: Ըստ ընթերցողների` արտամարմնային բեղմնավորման գների իջեցումը կբերի ժողովրդագրական պատկերի բարելավման, կմեղմի սոցիալապես անապահովների վիճակը, ովքեր այդ նպատակով նաև վարկեր են վերցնում:

Այս հարցը, սակայն, լուծում չի ստանալու: Նախարարի պատասխանի համաձայն` արտամարմնային բեղմանվորում իրականացնում են բացառապես մասնավոր բժշկական հաստատությունները, որոնց գնայաին քաղաքականության վրա ազդելու լիազորություն նախարարությունը չունի:

Քաղաքացիներից մեկը ուշադրություն է հրավիրում հղիներին և ծննդկաններին տրամադրվող բուժօգնության որակի վրա, ինչպես ինքն է նշում` «անցած լինելով այդ ճանապարհը»:

Պատվաստանյութեր

Տասնյակ ընթերցողները նախարարին հարց և առաջարկներ են ուղղել հատկապես մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի` գարդասիլի վերաբերյալ: Երեք ընթերցող առաջարկել է ներմուծել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ: Մեկ այլ քաղաքացու առաջարկ էլ վերաբերում է ինֆարիքս հեքսա պատվաստանյութին:

Նախարար Ա. Թորոսյանը տեղեկացնում է, որ հանրապետությունում կիրառվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորում ունեցող պատվաստանյութեր, որոնք ձեռք են բերվում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով և պահպանվում են պատշաճ ջերմային ռեժիմի պայմաններում: Կիրառվող բոլոր պատվաստանյութերը, ըստ նախարարի, անվտանգ են:

Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութով, ըստ Ա. Թորոսյանի, Հայաստանում պատվաստվում են 2017թ. դեկտեմբերի 11-ից, և մինչ այժմ որևէ հետպատվաստումային անբարեհաջող դեպք չի արձանագրվել պատվաստվողների շրջանակում:

Ա. Թորոսյանը հավաստիացնում է, որ Առողջապահության նախարարության կողմից առաջին իսկ հնարավորության առկայության պարագայում կքննարկվի ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրման հարցը:

Այլ հարցեր և առաջարկներ

Այս բաժնում ներկայացված հարցերն ու առաջարկները խմբավորված չեն, չեն կրկնվել, դրանցից յուրաքանչյուրը գրվել է մեկ ընթերցողի կողմից: