«Հետք»-ը «Առաջարկ նախարարին» նախագծի շրջանակում հարցաթերթի միջոցով մոտ 200 առաջարկներ և հարցեր է ստացել` ուղղված նորանշանակ նախարարներին: Ներկայացնում ենք ընթերցողների՝ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին ուղղած հարցերը և առաջարկները՝ նախարարի պատասխաններով։


Ընթերցողները Զոհրաբ Մնացականյանին հիմնականում առաջարկել են չկրկնել իրեն նախորդող պաշտոնյայի՝ Էդվարդ Նալբանդյանի գործելաոճը։ Քաղաքացիներից մեկը, որպես հակակշիռ օրինակ, մեջբերել է ադրբեջանական կողմի դիվանագիտական գործելաոճը` տարբեր հայտարարությունների և քննադատությունների տեսքով։ «Ձեզ նախորդող պաշտոնյան, դրան ի պատասխան, հաճախ լռում էր, երբ անհրաժեշտ էր կոշտ ռեակցիա, այդ է պատճառը, որ ժողովուրդը նրան սկսեց անվանել «անտեսանելի»: Հենց այդպես լռում էին նաև դեսպանները, հատկապես՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը», - իր մտահոգությունն է հայտնում քաղաքացին և հարցնում՝ արդյոք ինչ-որ բան ԱԳՆ-ի գործունեության մեջ։

Նախարար Մնացականյանը կոռեկտ չի համարել մեկնաբանել իր նախկին պաշտոնակցի գործելաոճը։ «Եթե Ադրբեջանը իրեն թույլ է տալիս հայտարարություններ, որոնք ռազմատենչ են, դա չի նշանակում, որ դիվանագիտությունը պետք է վերածել փողոցային կռվի։ Պատասխանելու և Հայաստանի տեսակետները լսելի դարձնելու առումով երբևէ խնդիր չենք ունեցել։ Իսկ անհավասարակշռված հռետորաբանությունը, էմոցիոնալ, ցենզուրայից դուրս հայտարարությունները վկայում են միայն մասնագիտական թերացման մասին», - գրել է Զ.նացականյանը։

Մի ընթերցող նախարարին առաջարկել է բոլոր պաշտոնյաների համար կազմել Հայաստանի Հանրապետության և Արցախի հետ կապված իրավիճակներին առնչվող միատեսակ ձևակերպումներ։

Ըստ Զ. Մնացականյանի՝ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունների համակարգումը միշտ նախարարության օրակարգում է։ «Սակայն այս ամենը չի նշանակում, որ այդ ուղղությամբ որոշակի բացթողումների չենք առնչվել։ Մեր հիմնական նպատակն է այժմ առավել զգոն լինել տվյալ հարցում և առավել ուժեղացնել համակարգումը», - գրված է պատասխանում։

Երեք ընթերցողներ անդրադարձել են Հայաստանի՝ արտերկրում գտնվող քաղաքացիների ընտրական իրավունքին։ Նրանցից մեկն առաջարկել է արտերկրի ՀՀ դեսպանատներում ստեղծել ընտրատեղամասեր և ապահովել այդ քաղաքացիների ընտրելու իրավունքը։

Նախարար Մնացականյանը առաջարկին ընթացք չի տալու։ Որպես պատասխան՝ մեջբերվել է գործող օրենսդրությունը, որով ընտրելու իրավունք ունեն արտերկրում գտնվող քաղաքացիների միայն հատուկ կարգավիճակ ունեցող խմբեր։

Չենք կարող ասել, թե ինչու է նախարարը անհրաժեշտ համարել ծանոթացնել գործող օրենսդրությանը, քանի որ դրանով չի անդրադառոնւմ ընթերցողի առաջարկին՝ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքն ապահովելուն, այլ նորից հաստատում է, որ քաղաքացին դրա իրավունքը չունի։ Ակնկալվում էր, որ որպես առաջարկի դրական արձագանք, նախարարը կխոսի օրենսդրական հնարավոր ապագա փոփոխությունների մասին, սակայն նման նախաձեռնության մասին պատասխանում խոսք չկա։

Նախարարին մի քանի հարց է ուղղել «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ ՀԿ-ն հիշեցրել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումներից մեկը, ըստ որի` նախատեսված էր ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է մշակեր ՄԱԿ-ի 1325 բանաձևի շուրջ գործողությունների ազգային ծրագիրը։ Այս բանաձևը, ինչպես մանրմասնել է ՀԿ-ն, «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հիմնաքարային համարվող փաստաթուղթն է։ Կազմակերպությանը հետաքրքրում է, թե ինչ կարգավիճակում է այժմ գտնվում հանձնաժողովը, ինչ աշխատանքներ են տարվել ՄԱԿ-ի բանաձևի շուրջ ազգային գործողությունների ծրագիր մշակելու գործում, և ինչպիսի մեխանիզմներ կան քաղհասարակության՝ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։

Նախարարի պատասխանից պարզվում է, որ այս առաջարկների փաթեթը նախարարություն ուղարկելուց մեկ օր անց՝ օգոստոսի 3-ին, արտաքին գործերի նախարարությունը հանրային լսումներ է կազմակերպել, որտեղ քննարկվել է միջգերատեսչական հանձնաժողովի՝ ՄԱԿ-ի նշված բանաձևի շուրջ կազմած գործողությունների ազգային ծրագրի նախագիծը։ Ըստ նախարարի՝ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից բացի քննարկմանը հրավիրված են եղել շուրջ 70 հասարակական կազմակերպություններ, որոնց կողմից արված առաջարկներն ու լրացումները հաշվի են առնվել:

«Հետք»-ը «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ից լրացուցիչ տեղեկացավ, որ կազմակերպությունը տեղյակ է եղել հանրային քննարկման մասին և մասնակցել է դրան։

Ընթերցողներն արտաքին գործերի նախարարությունից ակնկալում եմ ավելի ակտիվ մասնակցություն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում։ Նմանատիպ բովանդակություն ունեցող առաջարկները միավորել ենք. քաղաքացին հետաքրքրվում է՝ արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված բանաձևը մինչ օրս Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ամենաընդունելի տարբերակն է։

«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքներն ու առաջնահերթությունները հստակորեն ամրագրված են ՀՀ կառավարության ծրագրում։ Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի՝ մեզ համար միակ ընդունելի տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծումն է, իսկ մեր առաջնահերթությունն է Արցախի կարգավիճակը և նրա բնակչության անվտագությունը», - պատասխանել է Զ.Մնացականյանը։

Ընթերցողներից մեկը կարծում է, որ Ցեղասպանության հարցը միջազգային հարթակում շահարկվում է։ Նա առաջարկում է նախարարին քայլեր ձեռնարկել և թույլ չտալ, որ տարբեր պետություններ օգտագործեն Հայոց ցեղասպանության հարցը՝ Թուրքիային պատժելու նպատակով։ Առաջարկում կոնկրետ դեպք մանրամասնված չէ։

Նախարար Մնացականյանը պատասխանում չի հստակեցրել, թե հատկապես ինչ է արվում ընթերցողի նշած քաղաքական գործելաոճը կասեցնելու համար։ Նշվում է, որ նախարարությունը ուշադրությամբ հետևում է միջազգային հարթակում Ցեղասպանության ճանաչման շուրջ ընթացող քննարկումներին։