31 մարտ - 08 մայիս, 2018

31 մարտ

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Գյումրու Վարդանանց հրապարակից սկսեց 14 օր տևողությամբ, շուրջ 200 կմ-անոց քայլերթ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի։ 

13 ապրիլ

Քայլերթը հասավ Երևան։

15։30 Երթի մոտ 120-130 մասնակիցներ՝ Փաշինյանի գլխավորությամբ, ներխուժեցին Երևանի պետական համալսարան՝ պահանջելով հանդիպում ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ։ Վերջինս փակված մնաց իր աշխատասենյակում։ 

18։30 Ազատության հրապարակում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը։ 

«Կլինենք 5 հոգով, կանենք այնպիսի գործողություն, որն ի վիճակի է անել 5 հոգին: Կլինենք 100 հոգով, կանենք գործողություն, որը կարող է անել 100 հոգին, 100 հազար կլինենք, կանենք իշխանափոխություն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

20։29 Փաշինյանը նշեց, որ իրենց տեղակայման վայրը դառնալու է Ֆրանսիայի հրապարակը, որտեղ նստացույց են սկսում, այդտեղից տեղ չեն գնալու, եթե որևէ գործողություն իրականացնելու կարիք չլինի: 

Mobirise review

14 ապրիլ

Նիկոլ Փաշինյանն ու երթի մասնակիցները` ներխուժեցին Հանրային ռադիոյի շենք: Փաշինյանը, մտնելով եթերային ստուդիա, ուղիղ եթեր պահանջեց ռադիոյի տնօրինությունից։ Նրա պահանջը չբավարարվեց։

Փաշինյանն այնտեղ գտնվող այլ լրատվամիջոցներով ուղերձ հղեց քաղաքացիներին՝ կոչ անելով 18։30-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։  

15 ապրիլ

Հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ավարտվել է իրենց ծրագրի առաջին փուլը, եւ վաղվանից սկսվելու են քաղաքացիական խաղաղ անհնազանդություններ։  

16 ապրիլ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ բախում՝ ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանությունը կիրառեց ձայնային նռնակներ, ինչի արդյունքում վիրավորվեցին մի քանի հոգի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։ Ժամեր անց, ստանալով բուժօգնություն, նա վերադարձավ ցուցարարների մոտ։

Փշալարերով փակ էր Բաղրամյան պողոտան, մետրոյի գնացքները «Մարշալ Բաղրամյան» կայարանում չէին կանգնում։ Կառավարության շենքերի մոտ հերթապահում էին ոստիկանության ջոկատներ։ 

17 ապրիլ

77 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ Սերժ Սարգսյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ: Խոսելով բողոքի ցույցերի մասին՝ նա ասաց․ «Ես երբեք արյան ծարավ չեմ ունեցել»։

Սկսվեցին զանգվածային քաղաքացիական անհնազանդություններ։ Ցուցարարները հերթով փակեցին Երևանի տարբեր փողոցներ։ Ոստիկանությունը մի քանի տասնյակ քաղաքացիների բերման ենթարկեց։

«Եթե մեզ հաջողվի բլոկ անել ամբողջ պետական կառավարման համակարգը, ապա նշանակում է՝ կառավարությունը երկիրը չի կառավարում, այլ՝ երկիրը ինքնակառավարվում է»,- նշեց Փաշինյանը: 

22 ապրիլ

Նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպեց շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։ «Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից»,- ասաց Սարգսյանն ու հեռացավ՝ հանդիպման երրորդ րոպեին։

Հանդիպումից ժամեր անց ձերբակալվեցին Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:

Զանգվածային անհնազանդությունը նոր թափ ստացավ։ Երթերին միացան տարբեր բուհերի ուսանողներ։ 

23 ապրիլ

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցներն ազատ արձակվեցին։

Մեկ ժամվա ընթացքում հրաժարական տվեց վարչապետ Սերժ Սարգսյանը։

Անհնազանդության երթերը վերածվեցին տոնախմբության։ 

1 մայիս

45 կողմ, 56 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում։

2 մայիս

Ցուցարարները փակեցին Երևանի գրեթե բոլոր փողոցները, ինչպես նաև միջպետական մի շարք ճանապարհներ։

Կաթվածահար եղավ պետական և ոչ պետական կառույցների աշխատանքը՝ գործադուլի և փակ փողոցների պատճառով։

3 մայիս

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն մայիսի 8-ին կաջակցի Նիկոլ Փաշինյանին։

8 մայիս

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ։