HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը չի ուսումնասիրի Ծովակի պեմզային ավազների հանքավայրը Սևանա լճի ազդեցության գոտում

Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի՝ Ծովակի պեմզային ավազների հանքավայրում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու հայտին։

Ծովակի պեմզային ավազների հանքավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում՝ Ծովակ բնակավայրում։ Ծովակը Սևանա լճի հարավ-արևելյան ափին է՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի վրա։

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն մտադիր էր օգտագործել Ծովակի պեմզային ավազները Սոթքի ոսկու հանքի համար, քանի որ Սոթքի ոսկու հանքի հետագա շահագործումը, հիշեցնենք, նախատեսված է իրականացնել ստորգետնյա եղանակով։ Դրա արդյունահանած տարածքները մտադիր էին լցափակել պնդացող խառնուրդով։ Այդ խառնուրդի պատրաստման համար, որպես լցանյութ, նախատեսում էին օգտագործել Ծովակի պեմզային ավազները։

Փորձաքննական գործընթացում պարզվել է, որ երկրաբանական ուսումնասիրության նպատակով հայցվող տարածքը գտնվում է Սևանա լճից 2,7 կմ հեռավորության վրա, սահմանակից է «Սևան» ազգային պարկին։ Ըստ ներկայացված կոորդինատների՝ նշված տեղամասի հեռավորությունը «Սևան» ազգային պարկի սահմաններից չի գերազանցել մինչև 750 մետրը։

«Երկրաբանական ուսումնասիրությունը և հետագայում հնարավոր արդյունահանման աշխատանքները կառաջացնեն վնասակար ազդեցություններ ազգային պարկի անտառածածկ տարածքների և Սևանա լճի էկոհամակարգի վրա, ինչը հակասում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին և 10-րդ հոդվածի 1-ին մասին»,- հիմնավորել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Հովիկ Մեսրոպյանը։

«Սևանա լճի մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է անմիջական ազդեցության գոտին։ 

«Անմիջական ազդեցության գոտին ընդգրկում է կենտրոնական գոտու սահմաններից դուրս գտնվող ջրհավաք ավազանը` մինչև ջրբաժան, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լճի, նրա մեջ թափվող գետերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա:

2. Անմիջական ազդեցության գոտու տարածքը քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է: Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասն ուղղակի արգելում է կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:

Վարդենիս խոշորացված համայնքի Ծովակ բնակավայրում անցկացվել է հանրային քննարկում, որի ընթացքում բոլոր մասնակիցները դեմ են արտահայտվել Գեղարքունիքի մարզի Ծովակի պեմզային ավազների հանքավայրում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը՝ հիմնավորելով արդյունահանման աշխատանքների հնարավոր վնասակար ազդեցությունները համայնքի բնակչության և հարևանությամբ գտնվող օբյեկտների (բնակելի տների, այլ քաղաքացիներին պատկանող հողատարածքների) վրա։

Ավելին, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին հասցեագրած գրությամբ հայտնել է, որ դեմ է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի ներկայացրած Ծովակի պեմզային ավազների հանքավայրում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը՝ հաշվի առնելով Ծովակ բնակավայրի բնակիչների կարծիքներն ու մտահոգությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter