HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ն ուզում է շահագործել Սևանից 2,5 կմ հեռու գտնվող Ծովակի պեմզային ավազների հանքավայրը

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն ուզում է շահագործել Ծովակի պեմզային ավազների հանքավայրը։ Ընկերությունը մտադիր է օգտագործել Ծովակի պեմզայի ավազները Սոթքի ոսկու հանքի համար։ Սոթքի ոսկու հանքի հետագա շահագործումը, հիշեցնենք, նախատեսված է իրականացնել ստորգետնյա եղանակով, որի արդյունահանած տարածքները մտադիր են լցափակել պնդացող խառնուրդով։ Այդ խառնուրդի պատրաստման համար, որպես լցանյութ, նախատեսում են օգտագործել Ծովակի պեմզային ավազները։

Այդ նպատակով մշակվել է երկրաբանական ուսումնասիրության և հետախուզական աշխատանքների ծրագիր, որը ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ փորձաքննության։

Ծովակի պեմզայի ավազների հանքավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Ծովակ բնակավայրում։ Ծովակը Սևանա լճի հարավ-արևելյան ափին է՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի վրա։ Հանքավայրի ամենակարճ հեռավորությունը մինչև Սևանա լիճ 2.7 կմ է, մինչև Սևան ազգային պարկ՝ 1 կմ։

Հիշեցնենք՝ Սևանա լճի պահպանության գիտական հանձնաժողովի նախագահ, ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Ձկնաբանության լաբորատորիայի վարիչ, կ.գ.դ., պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը կարծիք էր հայտնել, որ Սևանի ավազանում շահագործվող հանքավայրերը, եթե ոչ առանձին-առանձին, ապա ընդհանուր` գումարային վերցված, կարող են բացասաբար ազդել Սևանա լճի վրա:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն Հայաստանի ամենամեծ ոսկու՝ Սոթքի հանքավայրը շահագործվում է 2002 թվականից: Մինչ այսօր այն շահագործվել է բաց եղանակով։ 2023թ.-ին մշակվել և դրական եզրակացություն է ստացել Սոթքի հանքավայրի շահագործման փոփոխված նախագիծը, որով նախատեսվում է հանքավայրի համակցված՝ բաց և ստորգետնյա եղանակով շահագործում։

Համաձայն ՇՄԱԳ փորձաքննության ներկայացրած նախագծի՝ Սոթքի հանքավայրի ստորգետնյա եղանակով շահագործման դեպքում գերակշռելու է շերտային պնդացող նյութերով լցափակմամբ մշակման համակարգը, որի դեպքում անհրաժեշտ կլինի բետոնի լայնածավալ կիրառում։ Պեմզան ունի առավելություններ մնացած ավազների հանդեպ՝ ծակոտկենության մեծ մակերես, ինչը թույլ է տալիս կլանել խոնավությունը և ունի ցածր տեսակարար կշիռ։

Սոթքի հանքավայրը նախկինում՝ 1976-1990 թթ. ժամանակահատվածում շահագործվել է ստորգետնյա եղանակով, որպես բետոնի բաղադրիչ մաս նույնպես օգտագործվել է Ծովակի պեմզային ավազը։ Դեռևս այդ տարիներին կատարված բազմաթիվ աշխատանքներ ցույց են տվել, որ ստորգետնյա փորվածքների լցափակման համար, որպես բետոնի լցանյութ, ամենանպատակահարմարը պեմզային ավազներն են՝ շնորհիվ իրենց բնական հատկությունների՝ հատիկաչափական կազմի, ջրաթափանցության, թեթևության, ցեմենտի անհրաժեշտ բաժնեմասի։

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ՕՀՊԳ 2012թ. մայիսի 18-ի թիվ 329 որոշմամբ, ի թիվս Սևանա լճի ջրհավաք ավազանի պահուստային (լքված) այլ հանքավայրերի, Ծովակի պեմզային ավազների հանքավայրի (ներառյալ Հարավ-արևմտյան տեղամասը) մնացորդային հաշվեկշռային պաշարները դուրս են գրվել պետական հաշվեկշռից և հաշվառվել արտահաշվեկշռային պաշարների հաշվեկշռում, բացառությամբ հանքավայրի Հյուսիսային տեղամասի, որի ընդերքօգտագործման իրավունքը պատկանում է ««Ագրոսպասարկում» ԱՄ Վարդենիսի շրջանային միավորում» ԲԲԸ-ին։

Ծովակ բնակավայրի վարչական ղեկավար Ռուբեն Ղանդիլյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ առաջին հանրային քննարկմանը գյուղացիները հիմնականում համաձայնություն տվել են, եղել են բացասական կարծիքներ՝ կապված փոշու արտանետումների հետ, քանի որ հանքավայրը շատ մոտ է բնակելի տներին՝ 50-70 մետր, բայց քանի որ դեռևս ոչ թե շահագործման, այլ հետախուզության աշխատանքներ պետք է իրականացվեն, հիմնական տրամադրվածությունը դրական է եղել։

Այդպիսով, ընկերությունը մտադիր է լրահետախուզել Ծովակի պեմզային ավազների հանքավայրի կենտրոնական և հարավ-արևմտյան տեղամասերը, վերահաշվարկել պեմզային ավազների մնացորդային պաշարները նշված տեղամասերում, դրանք սահմանված կարգով հաստատվելուց և կրկին հաշվեկշռում հաշվառվելուց հետո հայցել հանքավայրի շահագործման իրավունքը՝ իր կողմից շահագործվող Սոթքի հանքավայրում ստորգետնյա աշխատանքների ընթացքում որպես պնդացող լցափակման լցանյութ գործածելու նպատակով:

Ինչպես նշված է ՇՄԱԳ հայտում, Ծովակի հանքավայրի լրահետախուզական ծրագրի կատարման և պեմզային ավազների հետագա օգտագործման ընտրված տարբերակն ունի մի շարք առավելություններ, ինչպես շահագործական, այնպես էլ բնապահպանական տեսակետից։ Մասնավորապես՝ Ծովակի պեմզային ավազների օգտագործումը թույլ կտա ստանալ որակյալ, ամուր լցանյութ՝ շնորհիվ իր բնական հատկությունների, և ապահովել լցափակված բովանցքերի տարածքի անվտանգությունը, հնարավորություն կտա օգտագործել առկա փորձը (Ծովակի պեմզային ավազներն արդեն օգտագործվել են Սոթքի հանքի բովանցքերի լցափակման համար 14 տարվա ընթացքում), ինչը թույլ կտա զգալիորեն նվազեցնել փորձարկման ծավալը։ Քանի որ Ծովակի հանքավայրը նախկինում շահագործվել է, դրա պաշարները հետազոտված և հաշվարկված են եղել, դա թույլ է տալիս նվազագույնը դարձնել լրահետախուզական աշխատանքների ծավալը և պահանջվող ծախսերը։

Ուսումնասիրության ենթակա 60 հա տարածքը, ըստ նախագծի, վաղուց խախտված է և բնապահպանական արժեք չունի, տարածքի մի մասը զբաղեցնում է հին բացահանքը, իսկ նրա շրջակայքում էկոհամակարգը սաստիկ ճնշված է՝ խոշոր եղջերավոր անասունների բազմատարյա գերարածեցման պատճառով: Շահագործական նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար ընտրված են գյուղատնտեսական հողերի տարածքներից դուրս գտնվող հարավ-արևմտյան և կենտրոնական տեղամասերը. կենտրոնական տեղամասը հին լքված բացահանքն է, իսկ հարավ-արևմտյան տեղամասի հողերը պիտանի չեն գյուղատնտեսական օգտագործման համար:

Հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Ծովակ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում նախատեսված է նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter