
Հանքավայրերն ու Սևանի ավազանը. պրոֆեսորն առաջարկում է հաշվի առնել հանքավայրերի գումարային ազդեցությունը
Սևանի ավազանում շահագործվող հանքավայրերը, եթե ոչ առանձին-առանձին, ապա ընդհանուր` գումարային վերցված, կարող են բացասաբար ազդել Սևանա լճի վրա: Այս կարծիքն արտահայտեց ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Ձկնաբանության լաբորատորիայի վարիչ, կ.գ.դ., պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը Գիտությունների ազգային ակադեմիայում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն առնչվող ռազմավարական խնդիրների և EU4Sevan ծրագրի գործողությունների քննարկմանը:
Հիշեցնենք, որ Բ. Գաբրիելյանը նաև ղեկավարում է Սևանա լճի պահպանության գիտական հանձնաժողովը։
Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը համաձայն չէ այս տեսակետի հետ:
«Սևանի դեպքում հանքարդյունաբերությունն ունի որոշակի ազդեցություն, բայց վերջիններից է: Եթե քայլենք Սևանի ափով, ապա ամեն քայլափոխի կհանդիպենք պոլիէթիլենային տոպրակներ, շշեր և այլ տիպի կենցաղային աղբ, և դրանց ազդեցությունն ավելի շատ է, քան հանքավայրերինը: Հանքավայրերը բավականին հեռու են գտնվում լճից»,- հակադարձեց Նարինե Հակոբյանը:
Բարդուխ Գաբրիելյանը խոստացավ ՇՄՆ ներկայացուցչին առանձին այդ ամենի վերաբերյալ պատմել և փաստարկներով նրան տեղեկացնել վտանգների մասին:
Լուս`. Նարեկ Ալեքսանյանի
Քննարկման ավարտին, մեզ հետ զրույցում, Բարդուխ Գաբրիելյանը մանրամասնեց, որ խոսքը Սևանա լճի վրա անմիջական ազդեցության մասին չէ միայն.
«Մենք չենք կարող խոսել միայն Սևանա լճի վրա ազդեցության մասին: Ավազանում բավականին շատ գետեր կան, որոնք նույնպես պահպանության տակ են: Այդ գետերի մեծ մասը, եթե նույնիսկ գտնվում է մի քանի կմ լճից հեռու, և այդ հանքերը հեռու չեն գետերից, իսկ գետերը կապված են լճի հետ, մենք ոնց կարող ենք մտածել, որ գետերը աղտոտվեն, Սևանը` ոչ: Նույն Սևանի ձկները բարձրանում են այդ գետեր, որոնց վերին հոսանքները ձկների համար ձվադրավայրեր են, ընդ որում` էնդեմիկ ձկնատեսակների, իշխանի, բեղաձկան, կողակի և այլն»,- նշեց Բարդուխ Գաբրիելյանը:
Վերջինս հիշեցնում է «Կենդանական աշխարհի մասին» օրենքը, որն արգելում է որևէ գործունեություն կամ վտանգավոր ազդեցություն այն գետերի վրա, որոնք էնդեմիկ կամ վտանգված տեսակների ձվադրավայր են:
«Կենդանական աշխարհի մասին» օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է.
«Բնական պաշարներն օգտագործողները, որոնք տնտեսական կամ այլ աշխատանքների ընթացքում վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներին, պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար: Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը»:
Սևանա լճի ավազանի 28 գետերից 9-ը մեծերը նշված ձկնատեսակների ձվադրավայր են համարվում:
«Ճիշտ է՝ հիմա այդ գետերն այնպիսի վիճակում են, որ ձվադրում չի իրականացվում, բայց ժամանակին եղել են և հուսով ենք, որ դեռ կլինեն: Այդպիսի վիճակ չի կարելի թողնել, որ այդ գետերը չկարողանան ծառայել բուն նպատակին»,- ավելացնում է պրոֆեսոր Գաբրիելյանը:
Հանձնաժողովի անդամների տեղեկատվությամբ՝ Սևանա լճի ավազանի տարածքում կան շատ չհաշվառված հանքավայրեր, այսինքն` ապօրինի շահագործվող հանքավայրեր: Կան նաև հանքավայրեր, որոնք չեն գործում, բայց չեն ռեկուլտիվացվել: Դրանք մնացել են բաց, և այդ տարածքներում հողերն էրոզիայի են ենթարկվել: Հետևաբար, նույնպես բացասական ազդեցություն են թողնում Սևանա լճի վրա:
Բացի հանքավայրերից, կան նաև ասֆալտի կամ այլ տիպի գործարաններ, որոնք լճին շատ մոտ են գտնվում, և անմիջական ազդում են լճի վրա:
«Այդ ազդեցությունը բավականին մեծ է, և հատկապես գետերի վրա,- ամփոփում է Բ. Գաբրիելյանը և նշում, որ այս հարցում ևս պետք է լուծում գտնել:- Պետք է գումարային ազդեցության հաշվարկ արվի, որ մենք հասկանանք, թե կարելի է հետագայում նույնիսկ փոքր հանքավայրերի կամ հետախուզական աշխատանքների թույլտվություն տալ, որովհետև մարդիկ ծախսեր են անում և հետագայում պնդում են, որ շահագործեն այդ հանքավայրերը: Այնպես որ, այդ հարցը շատ կարևոր է, և մենք մի քանի անգամ դիմել ենք նախարարությանը, որ այդ հարցը բարձրացվի, որ գումարային ազդեցությունը գնահատվի, որ հետագայի քայլերը ճիշտ իրականացվեն»:
Սևանի պահպանության հանձնաժողովն այս հարցերը բարձրացրել է նաև համապատասխան տեսչական մարմինների հետ քննարկումներում, ՇՄՆ համապատասխան բաժիններին է ներկայացրել: Առայժմ լուծում չի առաջարկվել, քանի որ նշված գերատեսչություններն էլ իրենց խնդիրներն ունեն` չունեն համապատասխան քանակի աշխատողներ, և օրենքը չի սահմանում` ինչպես հսկողություն իրականացնել ապօրինի հանքավայրերի նկատմամբ:
«Դրանք խնդիրներ են, բայց մենք բարձրաձայնում ենք: Բայց այն, որ լուծում պետք է գտնել, դա միանշանակ է»,- կարծում է Սևանի պահպանության հանձնաժողովը ղեկավարող Բ. Գաբրիելյանը:
Մեկնաբանել