HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ապահովագրական շուկայի շահույթը 33%-ով կրճատվել է 2023-ին

Ապահովագրական շուկայի շահույթը 2023 թվականին 33%-ով նվազել է։ Ընկերությունների կողմից հաճախորդներին հատուցումներն ավելի արագ են աճել, քան հավաքագրած ապահովագրավճարները։ 

«Հետք»-ն ուսումնասիրել է յոթ ապահովագրական ընկերությունների միջանկյալ ֆինանսական հաշվետվություններն ու շուկայի պաշտոնական վիճակագրական տվյալները։ 

Շահույթը կրճատվել է 33%-ով

Հայաստանում գործող յոթ ապահովագրական ընկերությունները միասին 2023 թվականին մոտ 2.6 մլրդ դրամի զուտ շահույթ են գրանցել։ Նախորդ տարվա համեմատ այն նվազել է մոտ 1.3 մլրդ դրամով կամ 33%-ով։ 

Ընկերություններից միայն մեկն է տարին վնասով փակել։ Խոսքը «Էֆես» ապահովագրական ՓԲԸ-ի մասին է, որը հիմնադրվել է 2023 թվականի հուլիսին։ 

Միևնույն ժամանակ, ընկերություններից չորսի շահույթը կրճատվել է նախորդ տարվա համեմատ։ 

Այսպես, շահույթով առաջատարը «Արմենիա ինշուրանս» ԱՓԲԸ-ն է։ 2023 թվականին ընկերությունը 765 մլն դրամի շահույթ է գրանցել, որը մոտ նախորդ տարվա համեմատ մոտ 37%-ով աճել է։ 

Հաջորդում է «Նաիրի ինշուրանս» ԱՓԲԸ-ն է, որը 2023 թվականին գրանցել է 653 մլն դրամի շահույթ։ Նախորդ տարվա համեմատ այն նվազել է 51%-ով։ 

Հաջորդում է «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն՝ 621 մլն դրամի շահույթով, որը կրճատվել է 34%-ով։ 

«Լիգա ինշուրանս» ԱՓԲԸ-ն (նախկինում՝ «Ռոսգոսստրախ») 379 մլն դրամի շահույթ է ստացել, անկումը՝ 45%:

«Ռեգո ինշուրանս» ԱՓԲԸ-ն 319 մլն դրամի շահույթ է ստացել։ «Ռեգո»-ի շահույթը աճել է 75%-ով։

 

Ապահովագրավճարները 18%-ով աճել են. լայն թափ են հավաքում առողջապահության և գույքի ապահովագրությունը

Վիճակագրական կոմիտեի տվյալներով (ՀՀ ՎԿ)՝ 2023 թվականի ընթացքում Հայաստանի յոթ ապահովագրական ընկերությունները միասին հաճախորդներից հավաքագրել են շուրջ 73 մլրդ դրամի ապահովագրավճարներ։ Նախորդ տարվա համեմատ այն աճել է մոտ 18%-ով կամ 11 մլրդ դրամով։ Աճն հիմնականում ապահովվել է գույքի և անձնական ապահովագրության հաշվին։ 

Ապահովագրավճարների կազմում ամենամեծ կշիռը շարունակում է զբաղեցնել ԱՊՊԱ-ն (ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն): 2023-ի ընթացքում ԱՊՊԱ-ի գծով ապահովագրավճարները կազմել են շուրջ 27 մլրդ դրամ կամ համախառն ապահովագրավճարների 37%-ը։ ԱՊՊԱ-ի գծով ապահովագրավճարների էական աճ չի գրանցվել 2023-ին՝ մոտ 3%։ 

Հիշեցնենք, որ 2023թ․ ապրիլից Հայաստանում ԱՊՊԱ սակագները ազատականացվել են։ Այսինքն՝ նույն ավտոմեքենայի ապահովագրության համար ապահովագրական ընկերությունները տարբեր գներ են առաջարկում՝ նախկինում գործող մեկ միասնական գնի փոխարեն։ Այժմ գինը կախված է յուրաքանչյուր ընկերության կողմից մշակված ապահովագրավճարի հաշվարկման մեթոդաբանությունից։ 

Տեսանելի է անձնական ապահովագրության գծով աճը՝ 19%, որի ներքո պետք է հիմնականում նկատի ունենալ առողջապահության ապահովագրությունը։ Այդ գծով վճարները կազմել են մոտ 25 մլրդ դրամ և այս տեմպերի դեպքում չի բացառվում, որ կարճ ժամանակ անց առողջապահության ապահովագրության կշիռը կհավասարվի ԱՊՊԱ-ին։ 

Մեծ տեմպով աճում է նաև գույքի ապահովագրությունը։ Ենթադրաբար, այստեղ էական դեր ունի հիփոթեքային շուկան։ Հիփոթեքային վարկերի պարագայում անշարժ գույքը ապահովագրվում է։ 2023-ի տվյալները գույքի ապահովագրության գծով հավաքագրվել է մոտ 17 մլրդ դրամ, որը 49%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Ապահովագրության մյուս տեսակները դեռևս էական կշիռ դեր չունեն շուկայում և տեսանելի ազդեցություն չեն թողնում։

Հատուցումներն աճել են 28%-ով

2023 թվականի ապահովագրական յոթ ապահովագրական ընկերությունները հաճախորդներին հատուցել են, ընդհանուր առմամբ, մոտ 37 մլրդ դրամ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 28%-ով։ 

Ինչպես երևում է վերևում գտնվող երկրորդ ինֆոգրաֆիկայում, հատուցումների կազմում ևս գերակշռում են գույքի և անձնական (հիմնականում՝ առողջապահության) ապահովագրության դասերով հատուցումները։ 

ԱՊՊԱ-ի գծով հատուցումները մեկ տարում աճել են 17%-ով, իսկ անձնական ապահովագրության գծով՝ 26%-ով։ 

Գույքի ապահովագրության գծով հատուցումները թեև զիջում են վերը նշված երկու դասերին, սակայն նախորդ տարի այս գծով հատուցումների 88% աճ է գրանցվել։ 

Հիշեցնենք, որ 2022 թվականը ապահովագրական ընկերությունները շահույթի շեշտակի աճով էին փակել։  Հաճախորդներից հավաքագրված ապահովագրավճարները շատ ավելի արագ էին աճել, քան նրանց հատուցումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter