HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Քաղաքապետարանը չի դիմել, մշակույթի նախարարությունը իր աչքերով չի տեսել, կառուցապատողն էլ մանրուքները չգիտի

Մշակույթի նախարարության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը 2 անգամ գնացել է Աբովյան 32 շենք, որպեսզի «իր աչքերով տեսնի», որ շենքի կիսանկուղային հարկում շինարարություն է կատարվում, սակայն 2 անգամ էլ դուռը փակ է եղել: «Ինձ տեղեկություններ են հասել, որ տերը Երևանում չի կամ Հայաստանում չի»,- ասաց Կարո Այվազյանը:

Սակայն տարածքի սեփականատեր և կառուցապատող Աշոտ Սիմոնյանը «Հետքին» հայտնեց, որ ինքը Երևանում է, պարզապես բացասական ջերմաստիճանի պատճառով նկուղում շինարարությունը դադարեցրել է, մինչև եղանակը տաքանա: Շինարարությունը սկսվել է 7 ամիս առաջ:

78 տարի առաջ կառուցված Աբովյան 32 շենքը, համաձայն կառավարության 2004 թ. N 1616-Ն որոշման, ներառված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Կառավարությունը հուշարձանների պահպանությունը և օգտագործումը լիազորել է մշակույթի նախարարությանը: Սակայն Կարո Այվազյանի խոսքերով՝ նախարարությունը տեղյակ չի եղել, որ հուշարձան-շենքի նկուղում շինարարություն, է և այդ մասին իմացել է բնակիչների դիմումից:

Այնինչ քաղաքապետարանը մինչ Աշոտ Սիմոնյանին շենքի ներսում շինաշխատանքների թույլտվություն տալը և նախագիծը հաստատելը պարտավոր էր դիմել մշակույթի նախարարությանը, ստանալ նախարարության գիտամեթոդական խորհրդի համաձայնությունը: Հակառակ դեպքում խախտվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի մի քանի պահանջ:

Մասնավորապես, օրենքի 30-րդ հոդվածը սահմանում է. «Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ և վերահսկողությամբ: Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծային առաջադրանքները և նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ»: Իսկ օրենքի 9-րդ հոդվածի «ժա» կետի համաձայն՝ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմինը համաձայնություն կամ մասնագիտական եզրակացություն է տալիս հուշարձան համարվող առանձին շինությունների և համալիրների ամրակայման, վերականգնման, փոփոխման և բարեկարգման նախագծերի վերաբերյալ, դրանց իրականացման ընթացքում վերահսկում է հուշարձանների անվթարության ապահովումը:

Այժմ Կարո Այվազյանը պատրաստվում է քաղաքապետարան ուղարկել հարցում՝ պարզելու, թե հուշարձան-շենքի ներսում իսկապես շինարարությո՞ւն է կատարվում, քաղաքապետարանը նախագիծ հաստատե՞լ է, շինթույլտվություն տվե՞լ է:

«Եթե քաղաքապետարանը առանց մեզ դա թույլ է տվել, օրենքի խախտում է տեղի ունեցել: Եթե թույլ է տրվել: Ես չգիտեմ հիմա: Ամեն դեպքում, օրենքով սահմանված կարգը խախտվել է: Պիտի բերեին մեզ մոտ, դա մենք համաձայնեցնեինք, նոր քաղաքապետարանը տար առաջադրանք և նախագիծ և այլն: Եվ նախագիծն էլ մենք պիտի հաստատեինք, բայց մեզ մոտ չեն բերել դա»,- ասաց Կարո Այվազյանը:

Աբովյան 32 շենքի բնակիչները պնդում են, որ հուշարձան-շենքում շինարարությունը կատարվում է մի շարք խախտումներով, այդ թվում նաև՝ սեյսմիկ անվտանգությունն անտեսելով: Նրանք պահանջում են անհապաղ դադարեցնել շինարարությունը և խնդրի վերաբերյալ մի շարք դիմումներ են ուղարկել տարբեր պաշտոնյաների:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը բնակիչներին գրել էր. «Նախագիծն անցել է համապատասխան փորձաքննություն, որի հիման վրա տրվել է մասնագիտական դրական եզրակացություն և հիշյալ հասցեում շինարարական աշխատանքներն իրականացվում են հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի համաձայն»:

Հայկ Ասատրյանը հրաժարվեց «Հետքի» հարցերին պատասխանելուց և խորհուրդ տվեց դիմել քաղաքապետարանի լրատվական վարչությանը: Միայն բնակիչներին ուղղված, իր ստորագրած փաստաթղթերի վերաբերյալ ասաց. «Դե, որ ստորագրել եմ, այդտեղ, ինձ թվում է, պարզաբանումները լրիվ տրված են իմ կողմից»:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին ուղարկված հարցման մեջ «Հետքը» խնդրել էր տեղեկացնել, թե արդյոք քաղաքապետարանը մինչև Աբովյան 32 շենքի կիսանկուղային հարկում շինարարության թույլտվությունը տալը դիմե՞լ է մշակույթի նախարարությունը՝ վերջինի եզրակացությունը և համաձայնությունը ստանալու համար: Միաժամանակ խնդրել էինք կամ մեջբերել այդ դիմումի տեքստը, եթե քաղաքապետարանից նախարարությանը նման դիմում եղել է, կամ պարզաբանել, թե ինչո՞ւ նման դիմում չի եղել:

Քաղաքապետարանն իր պատասխանի մեջ որևէ կերպ չի անդրադարձել «Հետքի» այս հարցերին: Ստացել ենք մեր հարցման հետ կապ չունեցող հետևյալ պատասխանը. «Աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տեղեկացնում է, որ Աբովյան փողոցի հ.32 շենքի հ.30 տարածքում հասարակական սպասարկման նշանակության օբյեկտի գլխավոր մուտքի արդիականացման, ներքին տարածքի վերակառուցման շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի հետ 20.07.2011թ. համաձայնեցված հ.01/18-05/1-Ս-2571-539 նախագծի և կառուցապատող Աշոտ Սիմոնյանին 20.07.2011թ. տրված հ.01/18-Ս-2569-558 շինարարության թույլտվության համաձայն։

Բնակելի շենքի կիսանկուղային հարկում գտնվող՝ 78.7քմ մակերեսով տարածքը գրանցված է որպես հասարակական գործառնական նշանակության և, համաձայն վերոնշյալ նախագծի, նախատեսված է իրականացնել տարածքի գոյություն ունեցող մուտքերի արդիականացման, աստիճանների ընդլայնման և տարածքի ներքին վերակառուցման աշխատանքներ, որի արդյունքում նախատեսվել է ներսի կրող երկայնական պատի 100սմ լայնությամբ դռան բացվածքի լայնացում մինչև 330սմ և համապատասխան ուժեղացման աշխատանքներ։

Նշված նախագիծը սահմանված կարգով անցել է համապատասխան փորձաքննություն և «Լավո» ՍՊԸ-ի կողմից երաշխավորվել է հիշյալ նախագծի ճարտարապետական և կոնստրուկտորական մասերի հաստատումն ու համաձայնեցումը, որի արդյունքում էլ հաստատված նախագծով սեփականատիրոջ կողմից տարածքի ներքին վերակառուցման աշխատանքները ներկայումս իրականացված են, իսկ տարածքի արտաքին վերակառուցման աշխատանքները դեռևս չեն իրականացվել»։

Երբ կառուցապատող Աշոտ Սիմոնյանին տեղեկացրինք, որ մշակույթի նախարարությունը պատրաստվում է հարցում ուղարկել քաղաքապետարանին՝ պարզելու առանց լիազոր մարմնի համաձայնության՝ շինթույլտվություն տալու հարցը, նա ասաց. «Ես չգիտեմ էդ մանրուքները: Ես ոչ մի խախտում չեմ անում: Ես անում եմ օրենքի սահմաններում, ոչ ավել, ոչ պակաս»:

Մշակույթի նախարարության Երևանի տարածքային բաժնի պետը չբացառեց, որ ելնելով իր հարցմանը քաղաքապետարանի պատասխանից՝ մշակույթի նախարարը կարող է ստեղծել հանձնաժողով, որը կորոշի, թե ինչ պետք է արվի Աբովյան 32-ի նկուղում: Նրա խոսքերով՝ եթե կառուցապատման հետևանքով շենքին վտանգ է սպառնում, ապա հանձնաժողովը կարող է ուսումնասիրել հարցը և քաղաքապետարանին առաջարկել կիսանկուղային հարկը «վերականգնել նույնությամբ»:

Աշոտ Սիմոնյանը ցանկանում է կառուցապատման աշխատանքներ կատարել նաև նկուղային տարածքի դրսի մասում՝ Աբովյան փողոցի մայթում 2 հատ աստիճան ավելացնել: Ի տարբերություն ներսի աշխատանքների՝ քաղաքապետարանը դրսի աշխատանքների հարցով դիմել է մշակույթի նախարարությանը, և նախարարության գիտամեթոդական խորհուրդը դրական եզրակացություն է տվել տարածքի գլխավոր մուտքի աստիճանների ընդլայնման նախագծին: Այժմ Կարո Այվազյանն այդ նախագիծը պատրաստվում է համաձայնեցնել նախարարության հուշարձանների պահպանության գործակալության հետ:

«Երկու աստիճանը ընդամենը 20-25 սմ է: Երկու աստիճան եթե ավելանում է, մայթը պետք է մնա 2 մետր, բայց էդտեղ ուղիղ 2 մետր 95 սմ մնում է հետիոտների անցնելու համար: Ես ջարդված քարերն եմ փոխում, ավելի բարեկարգում եմ մուտքը, ապակուց եմ դնում երկաթի դուռը, փայտի հին պատուհանը, ավազով, ջրով մաքրում եմ հին բազալտե քարերը, վա՞տ եմ անում»,- ասաց Աշոտ Սիմոնյանը:

Նա ոչ միայն հերքեց շենքի բնակիչների այն կանխատեսումը, որ մայթին կարող են սեղաններ դրվել, և սրճարան կլինի, այլև ասաց, որ առհասարակ փոխել է միտքը և որոշել է սրճարան չբացել կիսանկուղային հարկում: Այնտեղ նախատեսում է բացել օծանելիքի կամ բրենդային հագուստի խանութ:

«Սրճարան չի լինելու, սեղաններ չեն լինելու: Մանկական սրճարան էի ուզում կառուցել, որ Աբովյան փողոցում չկա: Բայց բնակիչները որ չեն ուզում սրճարան, թող իրենց երեխաներին, թոռնիկներին մի 4-5 փողոց էն կողմ տանեն, էնտեղ իրենց երևի ավելի հարմար կլինի»,- ասաց Աշոտ Սիմոնյանը:

Նա հավելեց, որ նկուղային հարկի դիմացի տարածքը բարեկարգելու է նաև բակի կողմից, բակի լողավազանն է աշխատեցնելու: «Ամեն ինչ անելու եմ շենքի համար, իրենցից շատ բան եմ անելու էդ շենքի համար»,- ասաց կառուցապատողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter