HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

9 թերություն՝ ըստ քաղաքաշինական տեսչության. հուշարձան-շենքում շինարարությունը դադարեցված է

Քաղաքաշինական պետական տեսչությունը Աբովյան 32 հուշարձան-շենքում կատարել է ուսումնասիրություններ ու պարզել, որ կիսանկուղային հարկում շինարարությունից հետո բնակարաններում առաջացել են բազմաթիվ ճաքեր, կան դժվար բացվող դռներ: Տեսչության նորմատիվատեխնիկական և քաղաքաշինական փաստաթղթերի վերահսկողության բաժնի պետ Նորայր Մնոյանը կառուցապատող Աշոտ Սիմոնյանին անձամբ ցուցում է տվել դադարեցնել շինարարությունը և անցկացնել շենքի տեխնիկական վիճակի կրկնակի հետազոտություն:

«Աշխատանքները պետք է դադարեցվեն, մինչև տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը մեր ձեռքի տակ լինի, և մենք տեսնենք՝ այդ ճաքերը և մնացած բաները ինչի հետևանք են, և շարունակությունը ինչպես է լինելու»,- «Հետքին» ասաց Նորայր Մնոյանը:

Աշոտ Սիմոնյանը հուշարձան-շենքում շինարարությունը սկսել էր 8 ամիս առաջ: Նա կիսանկուղային հարկում նախատեսում է բացել օծանելիքի կամ բրենդային հագուստի խանութ:

Կառուցապատողը հավաստիացնում է, որ շինարարությունն իրականացնում է՝ բացարձակապես չշեղվելով իրեն տրված շինթույլտվությունից և Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված նախագծից: Իսկ շենքի բնակիչները հենց սկզբից պնդում էին, որ շինարարությունը կատարվում է մի շարք խախտումներով, այդ թվում նաև՝ սեյսմիկ անվտանգությունն անտեսելով:

Մարտի 13-ին բնակիչները ստացել են քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ, ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Սևադա Հայրապետյանի նամակը, որում վերջինը համաձայնել է բնակիչների նշած մի քանի խախտման հետ: Ըստ նամակի՝ նախագիծը, որը 2011թ. հուլիսի 20-ին համաձայնեցրել է Երևանի քաղաքապետը, «առանձին դեպքերում չի համապատասխանում ճարտարապետահատակագծային առաջադրանքին», որը 2011թ. մայիսի 18-ին դարձյալ տվել է Երևանի քաղաքապետը: Այդ ամիսներին Երևանի քաղաքապետը Կարեն Կարապետյանն էր:

Քաղաքաշինական գլխավոր տեսուչի գրության մեջ թվարկված է 9 անհամապատասխանություն և խախտում:

«Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ն տվել է տեխնիկական եզրակացություն: Օբյեկտի նախագծային փաստաթղթերը մշակել է «ԱՇՆ փրոջեքթ» ՍՊԸ-ն: «Լավո» ՍՊԸ-ն նախագծին տվել է դրական փորձաքննական եզրակացություն:

«Նախագծի փորձաքննություն իրականացրած «Լավո» ՍՊ ընկերությունը ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջների խախտումներով նախագծին տվել է դրական փորձաքննական եզրակացություն»,- նշում է Սևադա Հայրապետյանը:

Նրա գրության մեջ նշված անհամապատասխանություններից և խախտումներից է, օրինակ, այն, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքով թույլատրվել է նկուղի ներքին երկայնական պատում անել մինչև 2,0 մ լայնությամբ բացվածք, իսկ համաձայնեցված նախագծով այդ բացվածքը նախատեսված է 3,3 մ: Փորձաքննություն իրականացնողը խախտումը չի արձանագրել: Շենքի բնակիչները մտավախություն ունեն, որ 78 տարի առաջ կառուցված շենքի նիսանկուղային հարկում 3,3 մ բացվածքը վնասել է ողջ շենքի սեյսմակայունությանը:

«Ճաքերի հետ կապված խնդիրը ամենակարևորն է ինձ համար, մեկ էլ հիմնական պատի բացվածքը, մնացածը երկրորդական հարցեր են: Ես տեխնիկական վիճակի եզրակացությունը պահանջել եմ առաջին հերթին ճաքերի և երկրորդ՝ այդ չափով բացվածք անելու հնարավորության վերաբերյալ»,- ասում է Նորայր Մնոյանը: Նա այդ եզրակացությունը պահանջել է կառուցապատողից և «Լավո» ՍՊԸ-ից: Աշոտ Սիմոնյանն ասաց, որ անպայման անցկացնելու է իրենից պահանջվող հետազոտությունները:

Բնակիչներին ուղարկած նամակում քաղաքաշինական պետական տեսչությունը նաև նշել է, որ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը նախագիծը համաձայնեցրել է ավելի ուշ, քան քաղաքապետը, «ինչը նախագծի համաձայնեցման գործընթացում գոյություն ունեցող կարգի պահանջների խախտում է»:

Նշենք, որ խոսքը միայն շենքի մուտքի կազմակերպման նախագծի մասին է: Իսկ նկուղային հարկի ներսում իրականացվող շինաշխատանքների նախագծային փաստաթղթերը քաղաքապետարանն ընդհանրապես չի համաձայնեցրել մշակույթի նախարարության հետ: Սա հաստատել է նաև մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը բնակիչներին ուղղած իր գրության մեջ:

Քանի որ Աբովյան 32 շենքը կառավարության 2004 թ. N 1616-Ն որոշմամբ ներառված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ապա քաղաքապետարանը պարտավոր էր մինչև շենքի կիսանկուղային հարկում շինթույլտվությունը տալը դիմել մշակույթի նախարարությանը՝ վերջինի եզրակացությունը և համաձայնությունը ստանալու համար՝ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի:

«Աբովյան փողոցի կողմից շենքի ճակատի նախագծով նախատեսված հովհարը ճարտարապետահատակագծային առաջադրանքով չի նախատեսված: Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության կողմից համաձայնեցված նախագծում նույնպես այն նախատեսված չէ: Ճարտարապետահատակագծային առաջադրանքով չի նախատեսված փողոցի կողմի պատուհանի վերակառուցում և նոր պատուհանի բացում, սակայն համաձայնեցված նախագծում դրանք նախատեսված են»,- շարունակում է թվարկել Սևադա Հայրապետյանը:

Իր հերթին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել «վերակառուցման աշխատանքների համար քաղաքապետարանի կողմից համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերը և դրանց հիմքերը»:

«Ցավն էլ հենց այն է, որ կառուցապատողի կամքից անկախ խախտումներ են: Այն դեպքերում, երբ քաղաքապետարանի մեղքով է դա արվել, կառուցապատողի հետ չառնչվող խնդիր է, որովհետև քաղաքապետարանը տվել է շինարարության թույլտվություն, և ինքը այդ առումով համարվում է բարեխիղճ կառուցապատող: Բոլոր դեպքերում համայնքի ղեկավարը կարող է ասել, որ «էդ հնարավորությունը ես տեսնում եմ», այսինքն՝ ինքը արդարանալու որոշ բաներ ունի, բայց որոշակի խախտում կա»,- ասում է Նորայր Մնոյանը:

Այս խնդրի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի տեսակետը ներկայացրել ենք մեր նախորդ հոդվածում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter