HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հուշարձան-շենքի բնակիչները և կառուցապատողը համաձայնագիր են կնքել. վեճը հանգուցալուծվե՞ց

Աբովյան 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքի կիսանկուղային հարկն օգտագործվելու է որպես խանութ, այն չի օգտագործվելու որպես հասարակական սննդի, զվարճանքի և ժամանցի վայր, արտադրական տարածք: Այս մասին նշվում է համաձայնագրում, որը ստորագրել են հուշարձան-շենքի բնակիչները և կառուցապատողը:

Այսպիսով, այս փուլում, ըստ էության, հանգուցալուծվեց հուշարձան-շենքի բնակիչների և կառուցապատող Աշոտ Սիմոնյանի՝ ամիսներ տևած վեճը: Հիշեցնենք, որ կառուցապատողը տարածք էր գնել հուշարձան-շենքի նկուղային հարկում և 2011թ. հուլիսին այնտեղ շինարարություն անելու թույլտվություն ստացել: Իսկ բնակիչները պնդում էին, որ շինարարությունը կատարվում է մի շարք խախտումներով, այդ թվում նաև՝ 78 տարի առաջ կառուցված շենքի սեյսմիկ անվտանգությունն անտեսելով:

Նրանք մի շարք դիմում-նամակներ էին ուղարկել տարբեր կառույցների, ինչից հետո քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունն ընդունեց բնակիչների նշած մի շարք խախտումներ, իսկ մշակույթի նախարարության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը «Հետքին» ասաց, որ «ամեն դեպքում, օրենքով սահմանված կարգը խախտվել է». հուշարձանի նկուղային հարկի կառուցապատման նախագիծը քաղաքապետարանը պետք է համաձայնեցներ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության հետ, ինչը չի արել:

Ըստ կնքված համաձայնագրի՝ Աշոտ Սիմոնյանը, մասնավորապես, պարտավորվում է կիսանկուղային տարածքի գլխավոր մուտքի՝ Աբովյան փողոցի կողմից արդիականացման աշխատանքները կատարել՝ առանց համաձայնագրի կնքման օրվա դրությամբ առկա ֆիզիկական վիճակը փոփոխելու (լուսանկարում), առանց շենքի ֆասադային մասում նոր բացվածքներ անելու և եղած բացվածքները մեծացնելու (բացառությամբ դռան հարևանությամբ եղած լուսամուտի), առանց աստիճանավանդակի ֆիզիկական չափերը մեծացնելու, առանց, տարածքի բարեկարգման նպատակով, Աբովյան փողոցի մայթի ռելիեֆը փոփոխելու:

Շենքի բնակիչ Սեդրակ Առաքելյանի խոսքերով՝ համաձայնագիրը փոխզիջում է բնակիչների ու կառուցապատողի միջև: Բնակիչները դժգոհ են, որ կառուցապատողը քանդել է շենքի հենքային պատը, և իրավիճակն ի օգուտ իրենց կհամարեին, եթե ժամանակին կարողանային կանխել հենքային պատի քանդվելը: Սակայն բնակիչների այն ցանկությունը, որ շենքի դիմային մասը չփոխվի, և նկուղում սննդի օբյեկտ չլինի, ամրագրված է համաձայնագրում:

Աշոտ Սիմոնյանը ևս դժգոհ է համաձայնագրից: «Եթե հաստատված նախագիծը չի կատարվում, ինչպե՞ս պիտի գոհ լինեմ: Մի աշխատանքը 3 անգամ կատարեցի. [փողոցի ֆասադային մասի] աշխատանքները կատարեցի, քանդեցի, ներից վերականգնեցի, նստեցի իրենց հետ համաձայնության եկա: Ես ունեի նախագծով հաստատված, շինարարական աշխատանքները կատարելու ձև: Դա չարեցի ես, որովհետև իրենց դա դուր չեկավ: Իրենք ուզում են իրենց ձևով խոչընդոտել իմ աշխատանքներին: Ես էլ առողջություն չունեմ, համաձայնության եկա: Ես հիմա ոչ մի բան չեմ անում, հին ձևով ոնց կա, էդպես վերականգնում եմ»,- ասում է Աշոտ Սիմոնյանը:

Նա նշում է, որ նախագծով հաստատված էր Աբովյան փողոցի կողմից «երկու պատուհանները մեծացնել, դիմացը մի քիչ քանդել, 2 աստիճան ավելացնել», բայց ինքը կիսատ է թողել այդ աշխատանքները և շենքի այդ հատվածը վերադարձնում է նույն վիճակին:

Իր հերթին բնակիչ Սեդրակ Առաքելյանն ասում է. «Մենք հիմա դեռ թույլ ենք տվել, որ ինքը, ըստ իր նախագծի, մեր նշած սահմանափակումներով, շինարարությունը կատարի: Բայց եթե, ենթադրենք, վաղը մեր շենքում ճաքերը շատացան, ինքը որոշեց սննդի սպասարկման օբյեկտ սարքել կամ դուրս գալ փողոց, կամ ծառին վնասեց՝ ցանկացած կետ խախտեց, արդեն ինքը հասկանում է, որ ռեալ դատական սպառնալիքի տակ է»:

Սեդրակ Առաքելյանն ամենացավալին այն է համարում, որ չնայած կառուցապատողը հանեց հանքային պատը ու վնասեց շենքի սեյսմակայունությանը, և քաղաքաշինական պետական տեսչությունն արձանագրեց մի շարք խախտումներ, սակայն տեսչության պահանջով անցկացված սեյսմիկ փորձաքննությունը դրական եզրակացություն տվեց շինարարությանը: Հայսեյսմշին և կառույցների պահպանության գիտահետազոտական ինստիտուտի փորձագետը, մինչև նկուղային հարկ գնալը, այցելել է Աբովյան 32 շենքի բնակարաններ և ասել, որ ճաքերի պատճառը ոչ թե նկուղային հարկում շինարարությունն ու հենքային պատը հանելն է, այլ ուրիշ պատճառներ, օրինակ՝ բնակիչների արած վերանորոգման աշխատանքները:

Աշոտ Սիմոնյանն ասում է, որ որևէ կերպ չի ներազդել «Հայսեյսմշինի» գնահատականի վրա և նույնիսկ տեղյակ չի եղել այդ եզրակացությունից. 4 հոգանոց հանձնաժողով է եկել և դրական եզրակացություն տվել:

Ըստ համաձայնագրի՝ Աշոտ Սիմոնյանի կողմից կառուցապատվող մուտքը պետք է հովհար չունենա: Սեդրակ Առաքելյանը համոզված է, որ հուշարձան-շենքի վրա, որի պատին հուշատախտակներ կան, հովհար տեղադրել չի կարելի, և մտավախություն ունի, որ այդ հովհարը հետագայում կարող էր «շուշաբանդով փակվել»:

«Ոչ մի բան իրենք չեն թույլատրում, նույնիսկ ինձ ասում են՝ դու վերևը ծածկ մի արա, թող անձրևը լցվի ներս: Ոչինչ, դրա ամեն ինչին էլ հետագայում լուծում կա. հիմա ես էդպես կթողնեմ, հետո տեսնենք»,- արձագանքում է Աշոտ Սիմոնյանը:

«Այսինքն՝ հնարավոր է հետագայում համաձայնագրից շեղվե՞ք»,- հարցին կառուցապատողը պատասխանում է. «Չէ, ես համաձայնագրից ո՞նց կարող եմ հիմա շեղվել: Հետագայում իրենց հետ կխոսեմ, ասեմ՝ էս ջուրը ի՞նչ պիտի անեմ ես, համաձայնագիրը չի՞ կարելի փոխել: Ես իրենց ասեցի՝ եթե դուք էսպես եք ուզում, էդպես կանեմ, բայց որ ջուրը լցվեց ներս՝ առանց ծածկի, ես ձեզ բոլորիդ կկանչեմ, կասեմ՝ էս է, ձեր տունը որ ջուրը լցվի, դուք ի՞նչ պիտի անեք, պիտի դա վերանորոգե՞ք»:

Սեդրակ Առաքելյանը նշում է, որ քաղաքապետարանի հաստատած նախագծում ներառված են ընդհանուր օգտագործման տարածքներ, որոնք Աշոտ Սիմոնյանինը չեն: Կնքված համաձայնագրով բնակիչները տալիս են իրենց համաձայնությունը՝ կիսանկուղային տարածքում Աշոտ Սիմոնյանի կողմից 13.1 քմ ինքնակամ զբաղեցրած տարածքը վերջինիս կողմից անհատույց, անորոշ ժամկետով օգտագործելու համար: Սեդրակ Առաքելյանն ընդգծում է, որ բնակիչները սեփականության իրավունքով չեն այդ տարածքը տվել կառուցապատողին: «Դա այն երաշխիքն է, որ մենք ունենք, որ ինքը ոչ մի ավելորդ բան չի անի»,- ասում է բնակիչը:

«Հետքը» գրել է, որ ապրիլի 7-ին Աշոտ Սիմոնյանը սկսեց շինաշխատանքներ կատարել արդեն նաև Աբովյան փողոցի մայթում: Բնակիչներն այդ մասին տեղեկություններ տարածեցին լրատվամիջոցներով: Այնուհետև կողմերը պայմանավորվեցին, որ շինարարությունը դադարում է մինչև ապրիլի 10-ը, երբ կգա քաղաքապետարանի ներկայացուցիչը և իր կարծիքը կհայտնի: Ապրիլի 10-ին բնակիչները պատրաստվում էին լրացուցիչ միջոցառումների դիմել՝ շինարարությունը կանխելու համար, սակայն կառուցապատողն ասաց, որ ուզում է բանակցել: Բնակիչները պահանջեցին, որ կառուցապատողը վերականգնի մայթի նախկին տեսքը, ինչից հետո միայն իրենք կբանակցեն: Կառուցապատողը վերականգնեց նախկին տեսքը: Բնակիչների իրավաբանը կազմեց համաձայնագրի տեքստը: Սեդրակ Առաքելյանի խոսքերով՝ Աշոտ Սիմոնյանը մոտ մեկ շաբաթ իր անհամաձայնությունն էր հայտնում փաստաթղթի տարբեր կետերին ու ձգձում ստորագրումը:

Աշոտ Սիմոնյանը հերքում է՝ ասելով, որ մի քանի օր ուսումնասիրել է համաձայնագրի կետերն ու փորձել ապացուցել իր իրավացիությունը: Նրա խոսքերով՝ ինքը վստահել ու առաջինն է ստորագրել համաձայնագիրը և մեկ շաբաթ սպասել, մինչև բոլոր հարևանները ստորագրեն, բայց ստորագրել է 10 սեփականատեր ավելի քան 25-ից:

Բնակիչները կարծում են, որ առանց բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության՝ վերակառուցման, վերականգնման ու կոսմետիկ ձևափոխումների անվան տակ նման խախտումներով նախագիծ Երևանի քաղաքապետարանը չի հաստատի, այն էլ՝ հուշարձան-շենքում: Սակայն Աշոտ Սիմոնյանը հերքում է՝ ասելով, որ բարձրաստիճան պաշտոնյա ընկերներ ու ծանոթներ չունի քաղաքապետարանում կամ պետական այլ կառույցներում:

Միաժամանակ կառուցապատողը, ըստ էության, խոստավանում է, որ դեմ չէր լինի նման հովանավորներ ունենալ: «Հենց էդ է վատը, որ ոչ մեկը չունեմ, ու դրա համար ես չկարողացա ոչ մի բան անել: Եթե ունենայի, ես էս օրը չէի ընկնի, պետության կողմից իմ հաստատված նախագիծը կկարողանայի մինչև վերջ տանել»,- ասում է Աշոտ Սիմոնյանը:

Անդրադառնալով «Հետքի» այն դիտարկմանը, որ այդ նույն պետությունը, ի դեմս քաղաքաշինական պետական տեսչության և մշակույթի նախարարության, մի շարք խախտումներ էր գտել նախագծում՝ Աշոտ Սիմոնյանը նշում է, որ դրանից հետո անցկացվել է «Հայսեյսմշինի» փորձաքննությունը, և ինքն ուղղել է բոլոր խախտումները: «Մշակույթի նախարարությունն էլ, քաղաքաշինությունն էլ ինձ ասացին՝ դու ոչ մի պրոբլեմ չունես, դու ոչ մի խախտում չես արել, կարող ես շարունակել քո աշխատանքները: Բայց իմ հարգարժան հարևանները չթույլատրեցին, ես էլ չուզեցի, որ էդ քաշքշուկի մեջ ընկնեմ»,- ասում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter