HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Երեխաների իրականացող երազանքներն ու տարածվող գաղափարները՝ TEDxKids@Yerevan-ում

Այսօր՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվում է տարածաշրջանում առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը, որի սկզբունքն է՝ «գաղափարներ, որոնք արժանի են տարածման», իսկ խորագիրը՝ «Մեր աշխարհը»:

TEDxKids@Yerevan-ը մեկնարկել է առավոտյան և կտևի մի քանի ժամ: Միջոցառմանը 22 բանախոս, որոնք Երևանից ու Հայաստանի տարբեր մարզերից 10-ից 18 տարեկան երեխաներ են, խոսում են իրենց երազանքների, ձգտումների, ուսումնասիրությունների, իրենց հետաքրքրող ու հուզող ամենատարբեր թեմաների մասին: Երեխաներին TEDxKids@Yerevan-ի աշխատանքային թիմն ընտրել է ելույթների լսումների արդյունքում: TEDxKids@Yerevan-ի հանդիսատեսը ևս հիմնականում Երևանից ու Հայաստանի մարզերից երեխաներ են, այդ թվում նաև հատուկ կարիքներով երեխաներ:

Ռուզաննան ու Սյուզաննան կոտրել են կարծրատիպը ու հաջողության հասել

TEDxKids@Yerevan-ի բանախոսներից 18-ամյա Ռուզաննա և Սյուզաննա Աղաբաբյանները երկվորյակ քույրեր են: Նրանք ապրում են Կողբ գյուղում ծնողների և ավագ եղբոր հետ: Քույրերը հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեն և դժվարությամբ են քայլում:

«Բժիշկները մեզ ասել են, որ մենք կունենանք մտավոր և ֆիզիկական խնդիրներ, այսինքն՝ նրանք, կոպիտ ասած, ասել են, որ մենք ոչ մի բանի պիտանի չենք լինի, և կոտրել են պայքարի ուժը մեր մեջ: Բայց, ինչևէ, մենք չենք կոտրվել և մենք պայքարելով այսօր հասել ենք այստեղ»,- ասում են քույրերը: Վիրահատությունից հետո նրանք դրական փոփոխություններ են տեսնում:

Դպրոցում Ռուզաննան ու Սյուզաննան բախվել են կարծրատիպերի, թեև չեն մեղադրում դասընկերներին, քանի որ նրանք փոքր էին և իրենց շրջապատում նախկինում չէին ունեցել հատուկ կարիքներով ընկերների: Այժմ քույրերին դասընկերներն ընդունում են հավասարը հավասարի նման:

Ռուզաննան և Սյուզաննան TEDxKids@Yerevan-ի ժամանակ պատմելու են իրենց անցած ուղու և հաջողության մասին: Քույրերի հաջողությունը բոլորի հետ հավասար նույն միջավայրում կրթություն ստանալն է և հաշմանդամություն ունեցող երեխաների մասին կարծրատիպերը կոտրելը: «Հաշմանդամություն ունեցող երեխան նույն երեխան է՝ նույն հնարավորություններով ու կարողություններով»,- ասում է Ռուզաննան:

Քույրերը պատմելու են իրենց նպատակի ու երազանքի՝ բուհ ընդունելու մասին: Ռուզաննան ու Սյուզաննան օրերս ավարտել են Կողբի միջնակարգ դպրոցը և հիմա պարապում են, որ ընդունվեն Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հոգեբանության բաժին:

Հակոբին մտահոգում է հայկական սերիալների վատ ազդեցությունը

14-ամյա Հակոբ Պարսամյանը TEDxKids@Yerevan-ի ժամանակ խոսելու է հայկական սերիալների վատ ազդեցության մասին: «Ներկայացնելու եմ հետազոտություն, ըստ որի՝ սերիալների մեկ ժամվա ընթացքում 27 րոպեն պարունակում է բռնություն, 21 րոպեն՝ ագրեսիա, 9 րոպեն՝ ժարգոնային, անպատիվ խոսքեր, հայհոյանք, իսկ ընդամենը 3 րոպեն պարունակում է ոչ ագրեսիվ տեսարաններ»,- ասում է Հակոբը: Նա ակտիվորեն մասնակցում է ֆեյսբուքի «Պաշտպանվենք անորակ սերիալներից» խմբին:

Save the Children կազմակերպության ծրագրի շրջանակներում Հակոբը և իր ընկերները Երևանում 1000 մարդու շրջանում սերիալների վերաբերյալ սոցհարցում են անցկացրել, հետո ընդդեմ անորակ սերիալների ստորագրավաք կազմակերպել ողջ Հայաստանով: Հավաքված 4000 ստորագրությունը պետք է հանձնեն մշակույթի նախարարությանը:

Հակոբն իր դասընկերների հետ այժմ աշխատում է «Հեռուստատեսություն և ռադիոյի մասին» օրենքի լրամշակման վրա: Այդ լրամշակումը նրանք շուտով ներկայացնելու են Ազգային ժողովին: Նրանք առաջարկում են օրենքով կրճատել սերիալների հեռուստաժամերը, սերիաների կրկնությունները, վերանայել բովանդակությունը, այսինքն՝ սերիալի ցուցադրությունից առաջ հատուկ հանձնաժողովը գնահատի, թե որքանով է սերիալը համապատասխանում որոշակի չափանիշերի:

Տիգրանը գիտի, թե ինչպես է առաջանում ծաղրի շղթան

13-ամյա Տիգրան Սարգսյանի թեման ծաղրի շղթան է: Նա հանդիսատեսին բացատրելու է, թե ինչպես է առաջանում ծաղրն ու վերածվում շղթայի: Տիգրանի դպրոցում մի տղա կար, ում շատ էին ծաղրում, ինչից տղան ճնշվում էր, չէր շփվում, և փոխեց դասարանն ու այժմ սովորում է Տիգրանի հետ նույն դասարանում: Նոր դասարանում տղային չեն ծաղրում, Տիգրանն էլ է նրա հետ ընկերություն անում: «Մեր դասարանում ինքը լավ ընկերներ է գտել: Մարդու դուր չի գա, որ իրեն ծաղրելով խոսեն, այլ դուր կգա, որ իր հետ նորմալ շփվեն»,- ասում է Տիգրանը:

Նրա խոսքերով՝ երբ երեխաներն են ընկերական շրջապատում իրար ծաղրում, շատ վտանգավոր չէ, իսկ երբ մեծահասակներն են որևէ մարդու ծաղրում, վտանգավոր է: Ծաղրից կարող են կռիվներ առաջանալ, մարդկանց հարաբերությունները վատանալ:

Տիգրանը խոստովանում է, որ երբեմն ինքն էլ է ծաղրում: «Ես դա չեմ անում ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան: Ու էնպես չի, որ մի հոգու միշտ ծաղրում ենք: Էդ անում ենք ուղղակի ծիծաղելու համար: Օրինակ՝ եթե ընկերական շրջապատում նստած ենք, համ ես եմ ծաղրում, համ ինձ են ծաղրում, ու էդպես իրար հետ ծիծաղում ենք, ուրախանում ենք»,- ասում է Տիգրանը:

Արթուրն այսօր իրականացնելու է իր երազանքը

13-ամյա Արթուր Սեդրակյանի երազանքը երգիչ ու պարող դառնալն է: Նա երգի ու պարի որևէ խմբակ չի հաճախել, թեև ուզում է, և երգել փորձել է միայն տանը: Արթուրն այսօր՝ TEDxKids@Yerevan-ի ժամանակ, ցույց է տալու կարատեի շարժումներ ու պարելու է բրեյք-դանս: «Էսօր ես իմ երազանքին հասնելու եմ: Մենակ հենց էս ինձ համար հերիք է: Ես, նախ, ուզում էի հանդիսատեսի առաջ էդ ամեն ինչը անեի»,- ասում է Արթուրը:

Նա կարծում է, որ եթե ծնողները տեսնեն, թե ինչպես է ինքը պարում «Թումո» կենտրոնում հավաքված հանդիսատեսի առջև, ապա իրեն կտանեն պարի խմբակ:

Մարիամը հավաքում է իրենից շատ ավելի տարիքով մարդկանց թափած աղբը, որ վերջիններս ամաչեն

Մարիամ Պետրոսյանը սովորում է «Այբ» ավագ դպրոցում: Նա TEDxKids@Yerevan-ի ժամանակ խոսելու է քաղաքը մաքուր պահելու մասին: 16-ամյա Մարիամի կարծիքով՝ մարդկանց մտածելակերպը պետք է փոխվի, և նրանք աղբը չթափեն ուր պատահի՝ մտածելով, թե իրենց թափածը մաքրող կա, և կեղտոտ փողոցների համար մեղավոր է կառավարությանը:

«Կեղտոտողները հենց ժողովուրդն է, և էդտեղ կառավարությանը ես ընդհանրապես չեմ մեղադրում: Տեսնում ենք՝ աղբարկղերը կոտրած են, ու մարդիկ բողոքում են, որ աղբարկղեր չկան, բայց աղբարկղերը հենց մարդիկ են կոտրում, ու էնպես չի, որ կառավարությունն է կոտրում: Ամեն մեկին վերջում ես հորդրում եմ, որ փոխեք ձեր մտածելակերպը, հասկացեք, որ մեղավորը դուք եք, որ կեղտոտ է»,- ասում է Մարիամը:

Ժամանակ կար, երբ Մարիամը մաքրում էր ուրիշների թափված աղբը, բայց հետո հասկացավ, որ դա անիմաստ է, քանի որ միայն ինքը չի կարող ամբողջ քաղաքը մաքրել: Երբ Մարիամը փողոցում նկատում է, որ ինչ-որ մեկը աղբ թափեց, նրա հետևից վերցնում է այդ աղբը և այնպես անում, որ այդ մարդը տեսնի դա:

«Ոնց էլ լինի, ինչ-որ չափով կամաչեն: Թեկուզ մեծ մարդիկ էլ, մեծ կանայք, որ թափում են, վերցնում եմ, իրենք նայում են: Ես կարծում եմ, որ իրենք մտածում են՝ «ինչ ամոթ էր, ես իմ մեծ տարիքին չեմ հասկանում, էդ աղջիկն է վերցնում իմ հետևից»: Ինձ էլ հաճելի չի ուրիշի հետևից մաքրելը, բայց պետք է հասկացնենք, որ էդպես չի, աղբարկղ գոյություն ունի»,- ասում է Մարիամը:

Նարեկի ստեղծած բրաուզերը կօգնի մարդկանց ավելի քիչ ժամանակ անցկացնել համակարգչի առաջ

15-ամյա Նարեկ Բագրատունին միջոցառման ժամանակ ներկայացնելու է իր ստեղծած «նագլի բրաուզերը»: Բրաուզերի անվան ընտրությունը Նարեկը բացատրում է այսպես. «Ես մի հատ պատ ունեմ տանը, որի մոտ անցկացնում եմ իմ ժամանակի մեծ մասը: Դրա վրա կա մի տառ: Ես նայում է այդ տառին և մտածում էի, թե ինչ դնեմ իմ բրաուզերի անունը ու մտածեցի՝ «նագլիություն» անեմ, և էդ ժամանակ միտքս եկավ «նագլին»»:

Նարեկը բացատրում է, որ իր ստեղծած բրաուզերը հնարավորություն է տալիս տեղեկատվություն գտնել ավելի կարճ ժամանակում, ինչը մարդկանց թույլ կտա ավելի քիչ նստել համակարգչի առջև ու խուսափել երկար նստելու հետևանքով առաջացող առողջական խնդիրներից: «Նագլի բրաուզերը» որոնվող բառը փնտրում է միանգամից 3 որոնման համակարգում՝ google, yandex, rambler, որոնք նույն էջում ներկայացված են 3 տողի միջոցով:

Նարեկն ապագա ծրագրավորող է: Նա սովորում է Ինֆորմատիկայի պետական քլոջում և մինչև իր բրաուզերը ստեղծելը ևս զբաղվում էր տեխնոլոգիաներով:

Բեատրիսան ապագայում երեխաներին կրթող մուլտֆիլմեր կստեղծի

TEDxKids@Yerevan միջոցառման ժամանակ Բեատրիսա Ավդալյանի թեման կուռքերն են, հիմնականում՝ երգիչ-երգչուհիները: Նա ասում է, որ երգիչ-երգչուհիները սովորական մարդիկ են, և նրանց նկարները պետք չէ դնել շրջանակի մեջ: Պետք է սիրել երգչի ստեղծագործությունը, ոչ թե կուռք դարձնել մարդուն: Բեատրիսան օրինակ է բերում Մայքլ Ջեքսոնին, հանուն ում՝ շատերն ինքնասպանություն են գործել:

15-ամյա Բեատրիսան շատ է սիրում Bestles, System of a Down, Metallica խմբերին, բայց կառքեր չունի՝ չնայած խոստովանեց, որ իր սենյակում շրջանակի մեջ դրել է Beatles-ի պաստառը:

Բեատրիսան հավանաբար մուլտիպլիկատոր կդառնա: Նա ուզում է, որ իր մուլտֆիլմերը կրթեն երեխային և ունենան ոչ թե չար, այլ բարի կերպարներ, ինչպես խորհրդային ժամանակվա մուլտֆիլմերը: «Ուզում եմ՝ երեխքը շատ բարի ու խելացի լինեն, ու ամենակարևորը՝ միշտ ժպտան»,- ասում է Բեատրիսան:

Երեխաների համար առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը պաշտոնապես արտոնագրել է TED արտասահմանյան կազմակերպությունը 2010 և 2011 թթ. կայացած TEDxYerevan միջոցառումների հաջողությունից հետո: Առաջնորդվելով «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով՝ TED-ը ստեղծել է TEDx միջոցառումների ծրագիրը:

Մեկնաբանություններ (1)

Անժիկ
Աստված տա՝ բոլոր երեխաների երազանքներն իրականանան, որովհետեւ դրանք բարի են: Թող բոլոր երեխաները առողջ եւ ուրախ մեծանան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter