HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շան գլուխը սառնարանում պահելով՝ հասան աշխատանքից ազատման բաղձալի դիմումին

սկիզբը

«Սուտի պահակ Լյովային» կամ Շիրակի մարզի անասնաբուժության եւ սննդամթերքի անվտանգության տեսչության անասնաբույժ-փորձագետ, համատեղության կարգով` պահակ, երկար տարիներ այդ համակարգում աշխատող Լեւոն Գեւորգյանին եւս սպառնում է ազատում աշխատանքից: «1978 թ.-ից աշխատում եմ, բայց դեռ էսպիսի խնդիրների մեջ չէի հայտնվել, ինչ նոր տնօրենի նշանակումից հետո եղավ,- ասում է Լեւոն Գեւորգյանը,- ես մինչեւ հիմա չեմ հասկանում, թե պատճառը որն է ինձ հետ քեն քշելու: Մտել եմ անասնաբուժական ուղեկցող թուղթ եմ ուզել, շատ կոպիտ, փողոցային հայհոյանք տալով, թե ես քեզ ըսենց կանեմ, դուրս կանեմ եւ այլն, դուրս է հանել կաբինետից կոպիտ ձեւով: Դու իրավունք չունես ըստեղ աշխատելու, ասում է ինձ, բայց թե ինչի իրավունք չունեմ, դրա մասին ոչ մի խոսք»:

Շիրակի մարզային կենտրոնի պետ Համբարձում Մաթեւոսյանի թշնամանքը որոշ աշխատակիցների համար ունի մեկ բացատրություն` ազատել «օտարներին», նրանց փոխարեն ընդունել «յուրայիններին»: Լեւոն Գեւորգյանն այս ընթացքում հասցրել է նկատել, որ ովքեր էլ դեռ «ընկած չեն կրճատման տակ», իրենց կաշին փրկելու նպատակով գերադասում են չշփվել «շեֆի աչքից ընկած» իրենց գործընկերների հետ:

«Շատ անառողջ, լարված մթնոլորտ է մեր կենտրոնում,- ասում է Լեւոն Գեւորգյանը,- մարդիկ դաժե կվախենան իրար բարեւ տան, հանկարծ պետը չիմանա: Ես «Դոսի» ՍՊԸ-ի անասնաբույժն եմ, պարզ է, եթե Մաթեւոսյանի նպատակը իրա բացած «Փորձաքննություն» ՍՊԸ-ի աշխատանքներն առաջ տանելն է, ուրեմն պիտի ուզենա ինձնից ազատվել: 57 տարեկան եմ, մշտապես հարգանք եմ վայելել իմ կոլեկտիվում, տարբեր պետերի հետ եմ աշխատել, բայց թույլ չեմ տվել, որ հետս հայհոյանքով խոսան: Ես ազատման դիմում գրել եմ, բայց չի մակագրում, թե ինչ է ուզում անի, մարդ չի հասկանում»:

Լեւոն Գեւորգյանը Ջրափի գյուղից է, որը բավականին հեռու է Գյումրի քաղաքից: Վերջին մի քանի տարիներին համատեղության կարգով պահակ ձեւակերպված անասնաբույժը գիշերում է կենտրոնի սենյակներից մեկում: Առավոտյան ժամը 9-ից 18-ը Լեւոնն աշխատում է, որպես անասնաբույժ, երեկոյան ժամը 18-ից մինչեւ առավոտյան 9-ը` պահակ: Համբարձում Մաթեւոսյանին վրդովվեցրել է, որ Լեւոն Գեւորգյանն ապրում է պետական հիմնարկում, թեպետ նրան բացատրել են, որ ցանկացած գիշերային պահակ իր կենցաղը կազմակերպում է տվյալ կազմակերպությանը պատկանող շենքի պահականոց կոչվող հատվածում: «Հիմի ինքն ասում է, ինչի դու պիտի ապրես ըստեղ, ես էլ ասում եմ, չեմ ապրում, պահակություն եմ անում, նորից իրանն է պնդում»,- ուսերն է թոթվում Լեւոն Գեւորգյանը:

Վարդան Պապոյանը «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային կառույցի պետն է: Լաբորատոր ծառայությունն ու տեսչությունը գտնվում են նույն շենքում: Համբարձում Մաթեւոսյանի հետ կապված խնդիրներ ունի նաեւ Վարդան Պապոյանը: «Շենքը լաբորատորայինն է, Համբարձումն իմ մոտ տնփեսա է,- ասում է Վարդան Պապոյանը,- իրան, որպես նույն համակարգի աշխատող ուղղակի մեզ մոտ տեղ են տվել, եկել նստել է: Գործով իրար հետ կապ ունենք, դե լաբորատոր ստուգումները մենք ենք անում, Համբարձումն իմ վերադասը չէ, բայց արի ու տես, որ որոշել է իմ վրա էլ բողոքներ գրել երեւանյան իմ վերադասին, երբ եմ աշխատանքի գալիս, երբ եմ գնում եւ այլն: Քիչ է մնում մտածեմ, թե Մաթեւոսյանն իմ տաբելշչիկն է, կամ իրան հատուկ ուղարկել են, որ հետեւի, թե ով եկավ, ով գնաց, ով ում բարեւեց»:

«Մարզում ունեմ տարածաշրջանային լաբորատորիաներ 18 աշխատակիցներով: Ինչքան լսել եմ, Համբարձում Աղասիչը թեկնածու ունի իմ պաշտոնի համար` Աղաբեկը, ուզում է իրա համար տեղ ազատի: 21 տարի աշխատում եմ էս ոլորտում, սկսել եմ անասնաբույժի աշխատանքից, երբ լաբորատորիան դարձել է առանձին միավոր նշանակվել եմ տնօրեն 2007 թ.-ից, դրանցի առաջ էլ մարզի համաճարակաբանն եմ եղել»,- շարունակում է ներկայացնել Վարդան Պապոյանը:

Նրա փոխանցմամբ՝ տարաձայնությունները Համբարձում Մաթեւոսյանի հետ եղել են հենց նրա նշանակման օրը, երբ երեւանից եկել են նրան ներկայացնելու ու առաջարկել Վարդան Պապոյանին տրամադրել իր կաբինետը տեսչության պետին: Պապոյանը առարկել է, առաջարկել մեկ այլ տարածք, դրան ի պատասխան նրան հասկացրել են, որ Համբարձում Աղասիչը որտեղ ուզի, այնտեղ էլ պիտի նստի: Լաբորատորիայի տնօրենը համառել է, ասելով որ շենքի ու գույքի պատասխանատուն ինքն է եւ չի կարող կամայականորեն սրան-նրան տեղ հատկացնել: Վիճել են ու այդ պահից սկսվել են տարաձայնությունները, դրան հետեւել են բողոք նամակները Վարդան Պապոյանի աշխատելաոճի վերաբերյալ:

Առաջին կեղծ բողոքը վերաբերել է պահակ Լեւոն Գեւորգյանի շենքում բնակվելու հանգամանքին: «Լեւոն Գեւորգյանին համատեղության կարգով պահակ նշանակելը տեղի է ունեցել հանրապետական լաբորատորիայի պետի հրամանով,-բացատրում է Վարդան Պապոյանը,- տեղյակ են եղել բոլորը, որ անասնաբույժ Գեւորգը ժամը 18-ից հետո պահակ է աշխատելու: Մենք ունենք մեկ պահակ, գիշերային պահակ, ցերեկային չունենք: Ես նպատակահարմար եմ գտել, որ էդ մարդը էդտեղ ապրի, շաբաթ-կիրակի մենք գործի չենք գալիս, ազատ օրեր կան, տոն օրեր կան, հիմի էդ մարդը գիշեր-ցերեկ էդտեղ նայում է: Գեւորգյանը տեղավորվել էր մեր հին մասնաշենքի սենյակներից մեկում, որ ռեմոնտ արած չի: Մաթեւոսյանը սկսեց բողոքել, թե պահակն էստեղ է ապրում, ինձ նկատողություն տվեցին դրա համար»:

Վարդան Պապոյանին օգոստոսի 27-ին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հրամանից մեկ հատված. «….Շիրակի մարզային կառույցի պետ Վարդան Պապոյանի կողմից առանց առանց համապատասխան տեղեկացման եւ թույլտվության աշխատանքից անհարկի բացակայելու, ինչը կրել է հաճախակի եւ երկարատեւ բնույթ, առանց ՀՀ աշխատանքային օրենսգրքի 144-րդ եւ 145-րդ հոդվածներով սահմանված պահանջների եւ հիմքերի պահպանման եւ չունենալով դրա համար համապատասխան լիազորություններ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության Շիրակի մարզային կառույցի աշխատակից՝ պահակ Լեւոն Գեւորգյանին արտաժամյա աշխատանքների ներգրավելու հանգամանքները, որով խախտվել է ՊՈԱԿ-ի տնօրենի 02.08.2011 թ. «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին թիվ 02 հրամանը` հրամայում եմ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Շիրակի մարզային կառույցի պետ Վարդան Պապոյանին հայտարարել խիստ նկատողություն…»:

«Նկատողությունից հետո նորից նամակ ստացա գրավոր տնօրենիցս, որ պահակի հարցը պիտի մեկ շաբաթվա ընթացքում կարգավորենք, ընդեղ չպիտի ապրի, մենակ իրա աշխատանքի ժամին պիտի գտնվի,- պատմում է Վարդան Պապոյանը,- ես պահակին ուրիշ տեղ ուղարկեցի, ինքն ըդտեղից դուրս եկավ: Ես զանգեցի Երեւան, որ ճշտեմ, թե պահակի համար ոչ աշխատանքայինը որ ժամերն են, որովհետեւ տաբել կլրացնեմ: Դե էդ մարդը ցերեկվա ժամերին Գյումրիի անասնաբույժն է, զբաղված է իրա գործով, փաստորեն երեկոյան պիտի գա իր պահակությունն անի: Ինձ ասում են երեկոյան ժամը 18-ից մինչեւ առավոտյան 9-ը: Ասում եմ, բայց չէ որ դրա համար ինձ նկատողություն եք տվել, որ հենց այդ ժամերին պահակը գտնվել է շենքում, որ ես պահակին արտաժամյա աշխատացրել եմ»:

Վարդան Պապոյանի համոզմամբ իրեն ուզում են մեկ նկատողություն էլ տալ, որ հիմք լինի աշխատանքից ազատելու: Սա առաջինն էր: Նրան առաջարկել են սեպտեմբերի 1-ով աշխատանքից ազատման դիմում գրել, սակայն ոչ մի կերպ չի ընկալում թե ինչու կամ ում համար պիտի ինքը ազատի զբաղեցրած պաշտոնը: «Ասեմ, որ ցածր աշխատավարձ ենք ստանում`54 հազար դրամ, էնպես չի, որ հանուն աշխատավարձի ուզում եմ կառչած մնալ աթոռից: Ուղղակի վիրավորական է: 21 տարի աշխատես համակարգում, գա ոմն մեկը, որ քո հետ կապ էլ չունի ու իրա քմահաճույքը կատարելու համար, քեզ ստիպեն, թե դիմումդ գրի»,- նկատում է Վարդան Պապոյանը:

Հ.Գ.-Հոդվածը պատրաստելու ընթացքում տեղեկացանք, որ հոկտեմբերի 1-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են Շիրակի մարզի անասնաբուժության եւ սննդամթերքի անվտանգության տեսչության սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության գծով գլխավոր մասնագետ Իվետա Չարխիֆալակյանն ու «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների» կենտրոն ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային կառույցի պետ Վարդան Պապոյանը:

«Լեւոն Գեւորգյանը դեռ շարունակում է դիմադրել,- «Հետքին» փոխանցեց Վարդան Պապոյանը,- իսկ ես որոշեցի դուրս գալ, որովհետեւ երկրորդ բողոքն էր Բախչագուլյանին ուղարկել Համբարձումը: Իմ մոտ սառնարանում բերել շան գլուխ էին դրել, որ հետո պիտի ուղարկեին Երեւան կատաղության հետ կապված լաբորատոր քննություն կատարելու համար: Իրանք չէին ուղարկել, դրա փոխարեն սեպտեմբերի 24-ին իմ վրա նամակ էր գրել, թե ես իմ պարտականությունները չեմ կատարում: Բայց դա իմ պարտականությունների մեջ չի մտնում: Ես էլ զզված գնացի դիմումս գրեցի դուրս եկա»: Վարդան Պապոյանի փոխանցմամբ՝ աշխատանքից ազատման դիմում է գրել նաեւ նույն լաբորատորիայի մանրէաբան Հրանտ Թորոսյանը:

Մեկնաբանություններ (2)

nare
Իսկ հակառակ կողմը մեկնաբանություն չունի???? լավ հասկացանք, որ մարդը ոչխարը գրում է օճխար, բայց հնարավոր է որեւէ խելամիտ բացատրություն կարողանա տալ իր վարմունքին...գուցե լրագրողը մյուս կողմին էլ հրավիրի զրույցի իմանանք, թե այդ տնօրենն ինչ կարծիքի է իր գործելակերպի մասին:
Lilya
Lav et vochxar grel chimacox VOCHXARIN inchu en berel pachtoni.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter