HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Լուսանցագրություն. ժողովրդական ռաբիզ

Ժամանակի հետ բառերի իմաստները փոխվում են, երբեմն՝ անհավանական ձեւով, թեեւ որպես կանոն այդ փոխակերպումներն աննկատ են մնում, եթե նույնիսկ, որ բնորոշ է պատմական շրջադարձերին, կատարվում են բավական արագ: Մի արտահայտության մեջ կողք-կողքի դնելով երկու բառ՝ «ժողովրդական» եւ «ռաբիզ», որ ոչ հեռավոր անցյալում ունեին եթե ոչ հակադիր, ապա իրարից շատ հեռու նշանակություններ, ցանկանում եմ ընդգծել այդպիսի փոփոխության փաստը՝ միաժամանակ ինչ-որ ձեւով բնութագրելով Հայաստանում կերպարանք առնող նոր զանգվածային մշակույթը:

Խորհրդային տարիներին «ռաբիզ» բառը բազմիմաստ էր, եւ այդ իմաստները շատ ավելի որոշակի եւ ցայտուն էին, քան այժմ: Ռուսերեն «ռաբիս» հապավմամբ բառը սկզբնապես կապված է եղել երաժշտության հետ, եւ հիմնականում «ռաբիզ»-ի այդ իմաստն էլ կքննարկվի այս գրության մեջ: Հայաստանի բնակչության շրջանում ունենալով մեծ մասսայականություն, այդուհանդերձ, այդ երաժշտությունը մուտք չուներ համերգասրահներ ու զանգվածային տեղեկատվամիջոցներ (ռադիո, հեռուստաեսություն), մատչելի էր որոշ ռեստորաններում եւ տարածվում էր ընդհատակյա տնայնագործ արտադրության ձեւերով:

Բառի ավելի ընդարձակ իմաստը վերաբերում էր որոշակի մշակույթի, կենսակերպի. լեզու, շարժուձեւ, հագուստ-կապուստ, արժեքներ, որոնց ետեւում ուրվագծվում էր համապատասխան սոցիալական խավը: Քանի որ, ինչպես նշեցի, այդ մշակույթին անմատեչելի էին ներկայացման պաշտոնական միջոցները, նրանց տրված չէր ինքնաներկայացման հնարավորություն, ապա ռաբիզի մասին կարելի էր իմանալ միայն ուրիշներից, հիմնականում՝ մտավորականությունից, որոնց խոսքում ռաբիզը՝ որպես «ցածր մշակույթ» (հետամնաց, արեւելյան), ուներ հստակ բացասական հարանշանակություն: Այն մերժվում էր պաշտոնական մշակույթի կողմից՝ հակադրվելով ոչ միայն խորհրդային «կուլտուրական մարդ»ուն (առաջադեմ, զարգացած), այլեւ հայ մարդու ազգային իդեալին: Գոնե այդպես է թվում ինձ այսօր. ի թիվս շատ բաների, այս մշակույթն էլ անհետացավ չուսումնասիրված:

Խոսելով «վերադարձող անցյալի» մասին՝ պետք է հիշել մշակույթի նախընթաց եւ ներկա ձեւերի բարդ փոխհարաբերության մասին: Ըստ այդմ՝ հարկ է հաշվի առնել երկու բան. առաջին՝ 1960-ականներից ի վեր մասսայականություն վայելող ռաբիզը չպետք է համարվի մինչխորհրդային բանահյուսության պարզ վերապրուկ, երկրորդ՝ այն ինչ այսօր անվանվում է նույն բառով, շատ տարբեր է խորհրդահայ ռաբիզից: Ուրեմն, կփորձեմ նկարագրել ռաբիզը որպես խորհրդային երեւույթ, որպես սոցիալիստական արդիականացման ընթացքի արդյունք, որը, իհարկե, ինչ-որ կարեւոր բաներ ստացել է մինչխորդային մշակույթի պահպանված ձեւերից, բայց իր հիմնական դիմագծերից մի քանիսի համար պարտական է 1960-ականների սոցիալական-մշակութային փոփոխություններին: 

Նախ՝ այն մինչխորհրդային մշակույթի մասին, որը, պահպանվելով, կարող էր սնել ռաբիզը, կարելի է ինչ-որ պատկերացում կազմել «Զրույցներ Սարյանի հետ» գրքից բերված հատվածից («Նոր դարասկիզբ»): Այդ մշակույթը չէր անհետացել անգամ խորհրդային հետեւողական մշակութային քաղաքականության պայմաններում նաեւ այն պատճառով, որ խորհրդային տիրապետության շրջանը, այնուամենայնիվ, կարճ եղավ: Մյուս կողմից՝ մշակութային նախասիրությունների փոփոխությունն այդքան արագ չի կատարվում: Հիշեցնեմ, օրինակ, որ անգամ խորհրդային վերջին տասնամյակներին՝ ե՛ւ համատարծ կրթության ու բարձ մշակույթի տարածման, ե՛ւ ազգային գիտակցության ձեւավորման իմաստով լավագույն տարիներին, Հայաստանում, ռաբիզի հետ միասին, շատ սիրված էր ադրբեջանական երաժշտությունը, շատ-շատերը լսում էին Բաքվից հաղորդվող համերգները: Հենց այն, ինչ տարբեր առիթներով եւ անորոշ ձեւով անվանվում էր արեւելյան կամ թուրքական եւ, ըստ սահմանման, խորթ հայ մշակույթին: Սա չի նշանակում, թե ռաբիզը եւ ադրբեջանական երաժշտությունն ունեին միեւնույն լսարանը, բայց չեմ էլ ուզում մտնել մանրամասնությունների մեջ եւ զբաղվել լսարանների տարբերակմամբ: Կարող եմ եւ սխալվել:

Երկրորդ հերթին, թեկուզ խիստ համառոտ ձեւով, անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչ նախընթաց մշակութային փոխակերպումներ էին, որ, իմ կարծիքով, կարեւոր դեր խաղացին ռաբիզի առաջացման համար: 1930-ականների է վերաբերում տարբեր տեսակի «անսամբլների» (արեւելյան գործիքների, երգի ու պարի) ստեղծումը, որով մասնավորապես ժողովրդական եւ գուսականան երաժշտությունը վերակառուցվում էր սոցիալիստական արդիության ձեւերի մեջ: Սիմֆոնիկ նվագախմբի նմանությամբ կառուցված արեւելյան գործիքների (ավելի ուշ՝ ժողովրդական գործիքների) անսամբլի միջոցով այս երաժշտությունը մի տեսակ «բարձրացվում էր» դեպի խորհրդային «միջին մշակույթ»:

Հասկանալի է, որ գուսանական եւ ժողովրդական մշակույթի նմանօրինակ արդիականացումը կարող էր եւ ինչ-որ չափով հեռացնել, օտարացնել այդ մշակույթը զանգվածներից: Ռաբիզը կարող էր լցնել ժողովրդականի արդիականացմամբ եւ «արեւելյան»-ի ճնշմամբ, դուրս մղմամբ դատարկ մնացած խորշը: Այս թեմայի մասին որոշ բաներ կարելի է գտնել տարիներ առաջ գրված իմ հոդվածում՝ «Հարատեւող խորհրդայինը»:

Երրորդ կարեւոր գործոնը, որ ցանկանում եմ ընդգծել, վաթսունականներին նոր թափ առած արդյունաբերացման եւ ուրբանացման ընթացքն էր, դրա հետ կապված արմատական սոցիալական փոփոխությունները, այդ թվում՝ քաղաքային նոր ընդարձակ դասի՝ բանվորության ձեւավորումը գյուղական բնակչության հաշվին: Կարծում եմ, որ առաջին հերթին հենց գյուղից, ծանոթ գյուղական միջավայրից պոկված եւ քաղաք քշված այս խավի՝ ուրբանացվող գյուղացիության մշակույթն էր ռաբիզը, կամ նրանք էին այդ՝ ըստ էության քաղաքային մշակույթի հիմնական սպառողները:

Ավելացնենք նաեւ, որ այդ ժամանակ, ետստալինյան ազատականացման շնորհիվ, մշակութային արտահայտության համար շատ թե քիչ մատչելի դարձան ազգային եւ սոցիալական թեմաներ: Խորհրդային ազգերին թույլատրվեց ունենալ «սեփական պատմություն», իսկ սոցիալական խավերին՝ սեփական խնդիրներն ու մշակութային տարբերությունները, եւ ռաբիզը, թեկուզ պաշտոնապես անտեսված, որպես որոշակի խավի մշակույթ՝ վայելում էր իր լուսանցքային գոյությունը:

Հատկանշական է, որ այս նույն շրջանին է վերաբերում ազգագրական մշակույթի, այդ թվում՝ երգի, հայտնությունն ու տարածումը (Հայրիկ Մուրադյան եւ ուրիշներ): Այդ իմաստով, կարծում եմ, որ եթե ազգագրականը փորձ էր՝ վերադարձնել ժողովրդական մշակույթը սոցիալիստականից ազատ ձեւերով, ապա ռաբիզը սոցիալականի վերադարձն էր: Մշակույթ, որը վկայում էր եւ սոցիալիստական, եւ ազգայնական գաղափարաբանության կողմից անտեսված մարդկանց ընդարձակ զանգվածի գոյության մասին:

Վերջապես, ռաբիզը բանահյուսական մշակույթ չէր ավանդական իմաստով, նման չէր նույնիսկ քաղաքային ֆոլկլորի հին ձեւերին: Մի կողմից՝ նրա մեջ կարելի է տեսնել արդիականացման (սոցիալիստականացման եւ ազգայնացման) դեմ ուղղված մշակութային դիմադրության տարրեր, իսկ մյուս կողմից՝ հենց արդիական նշաններ:

Առաջին առանձնահատկությունը երգերի լեզուն է: Թվում է պարադոքսային, բայց այդ երգերի լեզուն, որ տրամաբանորեն կարող էր լինել հենց ռաբիզ ժարգոնը, պաշտոնական գրական հայերենն էր: Երկրորդը այն գործիքներն էին, որոնցով կատարվում էր այդ երաժշտությունը. ակորդեոն եւ կլարնետ, ավելի ուշ՝ ջութակ, բայց երբեք՝ դուդուկ կամ քամանչա: Այսինքն՝ եվրոպական գործիքներ, իսկ ավելի մանրամասն վերլուծությունը կարող է ի հայտ բերել նաեւ ռաբիզի կրած ազդեցությունը արեւմտյան զանգվածային երաժշտության որոշ ձեւերից:

Գուցե մեկ այլ առիթով անդրադառնամ նաեւ մերօրյա «ռաբիզ»-ին, այն բանին, թե ինչ պատահեց այս երաժշտությանը ետխորհրդային շրջանում: Առայժմ նկատեմ միայն, որ այն այլեւս լուսանցքային, ճնշված կամ անտեսված մշակույթ չէ: Ճիշտ հակառակը՝ ագրեսիվ է եւ ամենակուլ: Ռաբիզի ետխորհրդային այլասերման ընթացքը (բառիս չեզոք իմաստով), որ արդյունք է բազմաթիվ գործոնների. համապատասխան սոցիալական խավի վերացումը, խորհրդային մշակութային կանոնի եւ «բարձր-ցածր» հիերարխիայի անհետացումը, սպառողականության տարածումը եւ այլն, հանգեցրեց զանգվածային մշակույթի մի նոր տեսակի, որը, ինչպես ակնարկված է այս գրության վերնագրում, կարող է անվանվել հայ ժողովրդական ռաբիզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter