
Արգելապատնեշներից շատ ավելի հեռուն. երեխաների տեսածը՝ լուսանկարներում
Այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում բացվեց կենտրոն հաճախող երեխաներից 18-ի լուսանկարների ցուցահանդեսը: Ամերիկահայ լուսանկարիչներ Սառա Անջարգոլյանը և Արա Օշականը հուլիսից սեմինար էին անցկացրել երեխաների հետ: Նախագծին մասնակցելու համար դիմած «Թումոյի» հարյուրավոր աշակերտներից ընտրվել էր 18-ը՝ ըստ իրենց արած լուսանկարների:
Ամենակարևորն այն է, որ երեխան իր շուրջը, իր առօրյայում նկատի հետաքրքիր բաներ, որոնք ուրիշը կարող է ընդհանրապես չնկատել: «Ես ու Արան (Արա Օշականը - հեղ.) այնքան ոգևորված էինք, որովհետև սկզբում մենք չգիտեինք՝ իրենք կկարողանայի՞ն խորը ձևով տեսնել, բայց, իհարկե, շատ սխալվեցինք, որովհետև տեսանք՝ իրենց աշխարհի մեջ ինչ էին տեսնում: Շատ բարձր մակարդակի ցուցահանդես է ստացվել: Շատ խանդավառված ենք ես ու Արան»,- ասում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի լուսանկարների բաժնի տնօրեն, լուսանկարիչ Սառա Անջարգոլյանը:
Նա սեմինարի ամբողջ ընթացքում եղել է Հայաստանում ու աշխատել երեխաների հետ, իսկ Արա Օշականը 2 շաբաթով է երեխաների հետ Հայաստանում աշխատել է, թեև ամբողջ ընթացքում կապի մեջ է եղել ու Սառայի հետ միասին ցուցահանդեսի համար լուսանկարներ ընտրել երեխաների հարյուրավոր լուսանկարներից:
«Շատ-շատ խելացի, արգելապատնեշներից շատ ավելի հեռուն տեսնող երեխաներ են: Իրենք շատ մեծ սրտով իրենց աշխարհը տեսնում են, ընդունում են և չափազանց աշխատասեր են: Ամեն ինչ ուզում են ճիշտ անել, ամեն ինչ լսում են, փորձում են: Իրենք իրենց վախերը կարողացան հաղթահարել, որովհետև շատ դժվար է վավերագրական լուսանկարչության մեջ անծանոթ մարդկանց, անծանոթ տեղեր նկարել»,- պատմում է Սառա Անջարգոլյանը:
Ամենակարևորը Սառան համարում է այն, որ երբ ինքն ու Արա Օշականը որոշել են տվյալ լուսանկարը չընդգրկել ցուցահանդեսում, նկարի հեղինակը պատրաստ է եղել պայքարել ու պնդել, որ այդ լուսանկարն անպայման ընդգրկրվի, քանի որ ինքը հավանում է այդ նկարը: «Ամենավերջում իրենց խոսքը մենք հարգեցինք, որովհետև ի վերջո իրենք են ստեղծել այդ լուսանկարները, և մենք ուզում էինք իրենց սովորեցնել, որ երբեք իրենց սկզբունքներից չհրաժարվեն»,- ասում է Սառա Անջարգոլյանը:
Նրա գնահատմամբ՝ երեխաներին հաջողվել է լուսանկարներով ներկայացնել իրենց աշխարհը՝ Երևանի աշխարհը:
Սև-սպիտակ լուսանկարներից ժպտացող դեմքեր
Լևոն Բավիկյանի ֆոտոշարքը կազմված է սև-սպիտակ վեց լուսանկարից. վեց տղամարդ, ովքեր ժպտում են: «Ֆոտոները երբ ես նկարում էի, էս նկարների մի մասը գունավոր էր, բայց գունավոր ինձ մի տեսակ դուր չեկավ, որովհետև ես ուզում էի ցույց տալ շրջակա միջավայրի խամրածությունը ու իրենց ժպիտները: Բոլորը ժպտում են, բոլորը ուրախ են»,- ասում է Լևոնը: Բայց միմիայն ժպիտը բավարար չէ, որ խամրածությունը պակասի: Լևոնի համոզմամբ՝ բավարար կլինի «ամբողջ սրտով ժպիտը»:
Ամեն անգամ, երբ Լևոնը գնում էր ֆոտոշարքի այս տղամարդկանցից որևէ մեկի մոտ, ասում, թե ինչու է ուզում լուսանկարել, զրուցում, րոպեներ անց նրանց «դեմքերը բացվում էին», ու տղամարդիկ խոսում էին տարբեր բաներից՝ հաճելի ժպտալով:
Լևոնը սեմինարի ժամանակ սովորել է, որ դու չես գնում՝ մարդկանց համոզելու, որ լուսանկարես, այլ գնում ես՝ մարդկանց հետ ուղղակի մտերմիկ զրուցելու: «Ու երբ դու իրենց հետ մի փոքր շփվում ես, տեսնում ես, թե ինչ տիպի մարդիկ են, իրենք էլ են նույնիսկ ուզում, որ դու իրենց նկարես»,- ասում է Լևոնը:
Պարզվել է, որ Լևոնին հանդիպած տղամարդկանցից մեկը գրող է՝ Արտավազդ Մաթևոսյանը: Լևոնը գրողին ասել է, որ կկարդա նրա գիրքը, եթե այն ինտերնետում լինի: «Ինքը ասեց՝ «էլ մի սկսի, մեկ է՝ չես կարդալու, որովհետև հաստատ չես գտնի ինտերնետում ու գրախանութ էլ չես գնա, գումար տաս, էդ գիրքը առնես»: Զարմացել էի՝ ոնց ինքը կարող է էդքան բան իմանալ էս երիտասարդության մասին՝ լինելով էսքան մեծ մարդ»,- ասում է Լևոնը: Նա, քանի որ ինտերնետում չի գտել Արտավազդ Մաթևոսյանի գիրքը, չի կարդացել:
Լևոնը շարունակելու է զբաղվել լուսանկարչությամբ, բայց ուզում է դառնալ ծրագրավորող կամ ռադիոֆիզիկոս: «Միևնույն ժամանակ ուզում եմ իմ ապագան կապել ռեժիսուրայի հետ: Հենց իմ գլխավոր խնդիրը էն է, որ ես ամեն տեղ հասցնեմ»,- ասում է նա:
Կենդանիներն ավելի անկեղծ են, քան մարդիկ
Էդգար Սարգսյանը ցուցահանդեսի մասնակիցներից միակն է, ում ֆոտոշարքում միայն կենդանիներ են: Նա մարդկանց էլ է լուսանկարել, բայց կենդանիներն ավելի լավ են ստացվել: Էդգարն ասում է, որ կենդանիներն ավելի անկեղծ են: «Իրենց պետք չի տրամադրել կամ թաքուն նկարել, որ դուրս գան էնպես, ոնց որ կան»,- ասում է Էդգարը:
Կենդանիների դեմքի արտահայտությունից կարելի է որոշել, թե նրանք ինչ են մտածում: Էդգարն ասում է, որ իր լուսանկարած արծիվն աչքերով ժպտում է: Նա ռազմատենչ ոչ մի բան չի տեսնում արծվի հայացքում, այլ ասում է, որ դա արծվի դեմքի բնական արտահայտությունն է:
«Աչքերով ժպտալը կենդանիների հիմնական գործն է: Օրինակ՝ թռչունները երբ ուրախ են լինում, աչքերով են ժպտում: Կենդանիներին ինչքան էլ վատություն անեն, իրենք դա շուտ են մոռանում, իսկ մարդկանց մեծ մասը հիշաչար է լինում»,- ասում է Էդգարը:
Նա սովորում է Մշակույթի պետական քոլեջում և ուզում է ֆիլմերի օպերատոր դառնալ: Էդգարն ասում է, որ իր ֆիլմերում կնկարահանի և կենդանիների, և մարդկանց:
Էլենան ամբողջ ֆոտոշարքը նկարել է 5 րոպեում
Էլենա Չիլինգարյանն ի սկզբանե լուսանկարում էր բնության ու մարդու բախումը՝ մարդու կողմից բնության աղտոտումը, ծառերի վրա անվան տառերը փորագրելը, բնությունը ոչնչացնելով տարբեր բաներ կառուցելը: Հետո՝ մի երեկո, Էլենան բարձրացել է իրենց սեփական տան տանիք ու նկարել ամպերը: Բնության ու մարդու բախումը ներկայացնող լուսանկարները որոշել է մի կողմ դնել ու զբաղվել ամպերի նկարներով:
Էլենան ամպերի մեջ տեսնում է տարբեր կերպարներ ու մարդու հոգեվիճակները: «Ցանկացած կերպար կարող ես տեսնել ամպերի մեջ, օրվա տարբեր ժամերին, արևի տարբեր դիրքերից՝ տարբեր գույներ»,- ասում է նա:
Էլենան հետագայում երևի կանդրադառնա բնության ու մարդու բախմանը: Իսկ այսօրվա ցուցահանդեսում ներկայացված ֆոտոշարքի ամպերը նա լուսանկարել է մոտ 5 րոպեում:
Ատամնաբուժարանն ու Վարդավառը
Տիգրան Վասիլյանի ֆոտոշարքում իրար հետ բոլորովին կապ չունեցող երկու բան է՝ ատամնաբուժարան և Վարդավառը: Սակայն լուսանկարները դիտողներից ոմանք կապ են տեսնում ատամնաբուժարանի ու Վարդավառի միջև. մարդը ատամները բուժում է ու դրանից ուրախացած՝ գնում Վարդավառի ժամանակ զվարճանալու: Ոմանք էլ հարցնում են, թե ինչ կապ ունեն ատամնաբուժարանն ու Վարդավառը: «Ով որ նայում է, տարբեր մտքեր է արտահայտում»,- ասում է Տիգրանը:
Նա ուզում է մարդկանց փոխանցել ոչ թե ատամնաբուժարանի ցավը, այլ Վարդավառի ուրախությունը, զվարթությունը: Տիգրանը ֆոտոշարքով ուզում է ասել, որ պետք չէ վախենալ ատամնաբույժի մոտ գնալուց: «Ես ոչ մի բանից էլ չեմ վախենում»,- ասում է նա:
Հրաչի լուսանկարների իմաստը միանգամից չես բացահայտի
Ցուցահանդեսի մեկ այլ մասնակից՝ Հրաչ Սարգսյանն, պատմում է. «Ես նկարել եմ ոչ թե այնպիսի նկարներ, որոնք գեղեցիկ են, որ հրապարուրի մարդկանց, և գեղեցիկ լինի, և մարդը անցնի, այլ նկարել եմ այնպիսի նկարներ, որ մարդ նայի ու մտածի՝ էդ նկարի հետ ինչ է կատարվելու ապագայում ու ինչ է եղել անցյալում»:
Նա փողոցներում լուսանկարել է իրական կյանքի պատկերներ, բայց ասում է՝ լուսանկարներն «աբսուրդի մեջ են կարծես», որովհետև երբ փողոցով անցնես, այդ պատկերները չես նկատի:
Շարքի լուսանկարներից մեկում փողոցում՝ սեղանի տակ, դրված երկու ճամպրուկ է, որոնք ոչ ոք չի հսկում: Ինչո՞ւ, ինչի՞ համար են այս ճամպրուկներն այստեղ դրված, ինչ-մեկը թողե՞լ է այստեղ, կամ գուցե մոռացե՞լ է, կամ գուցե մարդը վստահ է եղել, որ չեն գողանա ճամպրուկները, դրա համար էլ թողել է՝ առանց հսկողության: «Հենց միանգամից չես բացահայտում, թե ինչ է նկարի իմաստը»,- ասում է Հրաչը:
Երաժիշտները նվագում են դատարկ դահլիճում
Տաթև Ավետիսը Ճարտարագիտական համալսարանում ռադիոտեխնիկա է սովորում, բայց ասում է, որ արվեստի մարդ է: Տաթևը նախկինում երգել է երգչախմբում, նվագել դաշնամուր, խաղացել թատերախմբում: Հետո ռադիոտեխնիկան է ընտրել որպես մասնագիտություն, բայց 2-րդ կուրսից վերադարձել արվեստին ու սկսել «Թումոյում» մանակցել թվային մեդիայի հետ կապված տարբեր նախագծերի:
Ցուցահանդեսում ներկայացված նրա ֆոտոշարքը նվիրված է երաժշտությանը: Ֆոտոշարքի երաժիշտները Տաթևի ընկերներն են, որոնց Տաթևը տարել են Երևանի խարխուլ, կիսաքանդ շենքեր ու լուսանկարել այդ միջավայրում: Ֆոտոշարքում կան նաև դատարկ դահլիճի ու նստարանների նկարներ:
«Ընդհանուր իմաստն էն է, որ իրենք նվագում են դատարկ հանդիսատեսի առաջ: Արվեստը ու մասնավորապես երաժշտությունը մեր ժամանակներում մեր ժողովրդի կողմից էդքան էլ փառաբանված չեն, ինչպես օտար երկրներում»,- ասում է Տաթևը:
Նրա նպատակն է եղել արվեստը ներկայացնել այնպես, ինչպես հիմա հայաստանցիների «գիտակցության մեջ նստած է»: Միաժամանակ Տաթև Ավետիսը տեղ է թողել, որ լուսանկարները դիտող յուրանքաչյուր ոք իր ձևով մեկնաբանի և «իր միտքն ու ներդրումն ունենա»:
Առաջին լուսանկարի վերևի շարքում ձախից՝ Արա Օշական, Սառա Անջարգոլյան
Մեկնաբանել