HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Միջնադարյան Գանձասարի պարիսպը նորից երեսպատվում է, իսկ ՀՀ և ԼՂՀ իշխանություններն անտարբեր են

2011թ. ամռանը Արցախի Վանք գյուղի 13-րդ դարի Գանձասար վանական համալիրի պարսպի երեսպատումը դադարեցվեց Արցախի կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության և ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով այն բանից հետո, երբ երեսպատման դեմ մեծ աղմուկ բարձրացավ մասնագիտական շրջանակներում, լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում:

Արցախցի ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանի կողմից իրականացվող երեսպատման առթիվ 2011թ. հուլիսի 7-ին Գանձասար էին այցելել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Չնայած այս ամենին՝ 15-20 օր առաջ Լևոն Հայրապետյանի ֆինանսավորմամբ վերսկսվեց 13-րդ դարի վանական համալիրի պարսպի երեսպատումը:

«...նման բարերարությունը թքած ունի թե պետության, թե հասարակության վրա: Բարերարը սկզբունքորեն որոշել է երեսապատել վանքը` հաստատելու իր գերիշխանությունը հայկական երկու պետությունների նկատմամբ, որոնք որոշում էին ընդունել խայտառակությունը դադարեցնելու վերաբերյալ»,- իր նամակում նշել է Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի անդամ, ՀՀ ճարտարապետների միության անդամ Մանուշակ Տիտանյանը, ով թերևս առաջինն էր, որ ահազանգեց երեսպատման վերսկսման մասին:

Դեկտեմբերի 6-ին Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան բաց նամակ հղեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Արցախի նախագահ Բակո Սահակյանին:

Գանձասարի պարիսպը 2011-ի ամռանը երեսպատումից հետո

«Հուսով ենք՝ Ձեր միջամտությամբ կատարվող աշխատանքները անհապաղ կդադարեցվեն, և այս խնդիրը կստանա ճիշտ լուծում»,- մասնավորապես ասվում էր նամակում՝ նախագահներին խնդրելով «ներազդել հիշյալ գործընթացը օրինական և մասնագիտական դաշտ բերելու» վրա և հիշեցնելով, որ Գանձասարը «համաշխարհային նշանակություն և ճանաչում ունեցող հուշարձան» է:

Բաց նամակի և Գանձասարի երեսպատման վերաբերյալ ՀՀ նախագահի դիրքորոշումն իմանալու համար զանգահարեցինք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն: Վարչության պետ Մերի Հարությունյանն ասաց, որ կոնկրետ «նախագահի մասով պատասխանելը» նախագահի մամուլի քարտուղարի լիազորությունն է: Այս առավոտ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը տեղում չէր, իսկ մեր հաջորդ 4 հեռախոսազանգին առհասարակ որևէ մեկն այլևս չպատասխանեց:

Գանձասարի պարսպի երեսպատման վերաբերյալ Արցախի նախագահի դիրքորոշումն իմանալու համար այսօր զարգահարեցինք ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն: Վարչությունում, սակայն, խորհուրդ տվեցին զանգել համապատասխան՝ հուշարձանների պահպանության հարցերով վարչություն:

Դեկտեմբերի 7-ին, 10-ին և 11-ին «Հետքը» բազմիցս զանգահարել է Արցախի կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի բջջային հեռախոսին, սակայն նա չի պատասխանում զանգերին: Դեկտեմբերի 11-ի տարբեր ժամերին մեր արած 3 հեռախոսազանգին չպատասխանեց նաև վարչության քաղաքային հեռախոսահամարը: Սերգեյ Շահվերդյանից ուզում էինք ճշտել, թե վարչությունը գործարարին թույլատրե՞լ է երեսպատել 13-րդ դարի վանքի պարիսպը, թե՞ դա Լևոն Հայրապետյանի անձնական նախաձեռնությունն է:

Դեկտեմբերի 7-ին՝ երեսպատման վերսկսումից 10-15 օր անց, Արցախի թեմի երիտասարդական ուղղության պատասխանատու, Արցախի երիտասարդական կազմակերպությունների Արցախի թեմին կից հոգևոր խորհրդի համակարգող Սամվել սարկավագ Մկրտչյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասել էր, որ հայտնի չէ՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը տեղյա՞կ է երեսպատումից, թե՞ ոչ, քանի որ արքեպիսկոպոսն այդ օրերին գտնվել է ԱՄՆ-ում, իսկ այնուհետև՝ Երևանում:

Գանձասարի պարիսպը մինչ երեսպատումը

ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն այսօր մեզ ասաց. «Երեսպատմանը դեմ եմ»: Նրա խոսքով՝ ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը հետաքրքրված է այս խնդրով, բայց այս պահին փոխնախարարը Հայաստանում չէ, կգա 2 օրից: Սակայն, Արմեն Աբրոյանի խոսքով, ՀՀ մշակույթի նախարարությունը գուցե չկարողանա դադարեցնել Գանձասարի պարսպի երեսպատումը, քանի որ չնայած Արցախը «մեր երկիրն է, մեր խնդիրներն են», բայց երեսպատման դադարեցումը Արցախի իրավասությունների ներքո է:

ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների պահպանության բաժնի պետ Սուրեն Շաքարյանը խորհուրդ տվեց տեղեկություններ ստանալու համար զանգահարել Սլավա Սարգսյանին:

Սակայն ԼՂՀ հուշարձանների պահպանության բաժնի աշխատակից Սլավա Սարգսյանը դեռ դեկտեմբերի 10-ին «Հետքին» ասել էր, որ այս օրերին հիվանդ է եղել, և դեռ չի տեսել երեսպատումը. երբ տեսնի, այն ժամանակ էլ կարծիք կհայտնի: «Ես բաժնի աշխատող եմ ընդամենը, դրա համար ես հիվանդ ժամանակ չէի իմանում: Զանգեք էնտեղ, վերադաս կա, թող իրանք ձեզ պատասխանեն»,- ասել էր Սլավա Սարգսյանը:

2011թ. հուլիսի 6-ին Լևոն Հայրապետյանը «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանն ասել էր, որ Գանձասարը շրջապատող պարիսպը կառուցվել է ոչ թե 13-րդ դարում, այլ 20-րդ դարի 80-ականներին: Ներկայում պարիսպն իր անորակության պատճառով սկսել է քանդվել, ինչը կանխարգելելու համար ինքը որոշել է երեսպատել այն տրավերտինե սալիկներով, որոնք նույն հանքից են, որի քարերով 13-րդ դարում կառուցվել է Գանձասարի վանական համալիրը:

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը ևս 2011թ. կողմ էր արտահայտվել երեսպատմանը: «Պարիսպը ընդամենը դրսից պնդացվում է եկեղեցու նույն քարից: Կամ էլ` թե պատը պետք է անպայման կեղտո՞տ լինի, որ հին լինի»,- ասել էր նա՝ հավելելով, որ «մարդն ուզեցել է լավ գործ անի, լավ գործ արել է»:

Սակայն մասնագետները հերքեցին պարսպի՝ 20-րդ դարի 80-ականներին կառուցված լինելու վերաբերյալ Լևոն Հայրապետյանի վարկածը՝ ասելով, որ պարիսպն անհամեմատ ավելի հին է: 2011թ. հուլիսի 13-ի ասուլիսում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Գանձասարի պարսպի երեսպատումն անվանեց «հանցագործություն» և «անգրագետ հայրենասիրություն»:

Գանձասարի պարիսպը մինչ երեսպատումը

Այսօր «Հետքի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց նաև Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխքարտուղար, ճարտարապետ Սուրեն Մելիք-Քարամյանը:

«Ես դեմ եմ: Ես մեղադրում եմ, դատապարտում եմ: Չի կարելի միջնադարյան հուշարձանը «աբլիցովկա» անել: Իմ մասնավոր մասնագիտական, անձնական կարծիքն է, որ դա հանցագործություն է: Եվ միայն իմը չի: Ես բոլոր ինստանցիաներում դա կարող եմ ասել, նույնիսկ Լևոն Հայրապետյանին՝ «բարերարին», ոչ բարերարին: Կարող է՝ մշակույթի նախարարությունը այլ կարծիք ունի: Նոր տարուն ձմեռ պապիներով, լույսերով, բաներով սիրուն, լպստած մի հատ օբյեկտ է դառնալու միջնադարյան հուշարձանը»,- ասաց Սուրեն Մելիք-Քարամյանը:

Նա մտավախություն ունի, որ Գանձասարի երեսպատումից հետո հերթը հասնելու է մյուս հուշարձաններին, որոնք ևս մեծահարուստները կփոփոխեն` ըստ իրենց ցանկության: Սուրեն Մելիք-Քարամյանի խոսքով՝ հայերը բարձրաձայնում են, որ ուրիշները հայկական պատմական հուշարձանները փչացնում են, բայց իրենք իրենց պատմական հայրենիքում իրենց հայկական հուշարձանը փչացնում են:

Իր վերանշյալ նամակում Մանուշակ Տիտանյանը ևս երեսպատումը համարել է «ծաղրուծանակ Գանձասարի շքեղ վանքային համալիրի նկատմամբ»:

«Հավանաբար հույս ունեին, թե ձմռանը ոչ ոք չի այցելի սրբատեղին, և աննկատ իրենց սև գործը կավարտեն: Այսքանից հետո արդեն հույս էլ չկա, թե ինչ-որ բան կարելի է անել: Պարզվում է, որ մեր ավանդական և ազգային արժեքները մենք ի վիճակի չենք պաշտպանել, քանզի դրանում շահագրգռված չեն ոչ իշխանավորները, ոչ էլ, ցավոք սրտի, եկեղեցականները (բայց ոչ եկեղեցին): Այսօր նորից կանգնել ենք կոտրած տաշտակի առջև, ուր իրենց կեղտոտ լվացքն են անում անդեմ ու օտարամոլ բարերարները»,- գրել էր Մանուշակ Տիտանյանը:

Սուրեն Շաքարյանը ևս պարսպի երեսպատումը որակեց «միջնադարյան հուշարձանի պատմական տեսքը խեղաթյուրող», «այլանդակող» և համոզում հայտնեց, որ վնասը վերականգնելու համար սալիկները պետք է հեռացվեն:

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Սա ուղղակի անհեթեթութիւն է: Իսկ կառավարական կարոյցներուն անտարբերութիւնը ողբալի: Ո՛չ ճաշակ կայ, ոչ էլ խելք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter