HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պատասխան գլխավոր դատախազության պատասխանին

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է «Հետքի» նախորդ համարում տպագրված «Էժան «պրծնելու» գինը` 50000 եվրո + 20000 դոլար + ընկերոջ զոհողություն» հոդվածին: Դրանով «Հետքն» անդրադարձել էր միջազգային հանցավոր խմբի պարագլուխ, Ռումինիայի քաղաքացի Օլիվեր Ռադուկու Մարիանի նամակին` հասցեագրված ՀՀ նախագահին, արդարադատության նախարարությանը, դատախազությանը եւ ԱԱԾ-ին: Դատախազությունը շատ արագ արձագանքեց: Մենք հույս ունեինք, որ այս հրապարակումը լուրջ քննության նյութ կդառնար, դատախազությունը կուսումնասիրեր հրապարակման մեջ եղած փաստերը եւ հանդես կգար որպես անաչառ կողմ, ոչ թե շահագրգիռ: Սակայն հաշվի առնելով այդքան արագ տրված պատասխանը` կարելի է ենթադրել, որ ոչ մի ուսումնասիրոթյուն, քննություն չի եղել:

Նամակագիրը, նշելով կոնկրետ անուններ, մանրամասնում է նաեւ, թե ինչպես է Հայաստանում կաշառքի դիմաց արժանացել մեղմ պատժի` 2 տարվա ազատազրկման, այն դեպքում, երբ իրեն առաջադրված մեղադրանքի համար սահմանված նվազագույն պատիժը 4 տարվա ազատազրկումն է:

«Եթե Օլիվեր Ռադուկու Մարիանի անունից հնչեցվող մեղադրանքները որեւէ աղերս ունեն իրականության հետ, ապա ՀՀ գլխավոր դատախազությունն առաջարկում է, որպեսզի տվյալ անձը վերադառնա Հայաստան եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացնի` մանրամասն շարադրելով, թե երբ, ում եւ որտեղ որպես կաշառք ինչքան գումար է տվել եւ ինչի համար, ինչը հնարավորություն կտա իրավապահ մարմիններին ձեռնարկել օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Հակառակ պարագայում տպավորություն է ստեղծվում, որ նրա անունից ինչ-որ մարդիկ զբաղված են զրպարտությամբ»,- իր պատասխանում գրում է գլխավոր դատախազությունը:

Առնվազն տարօրինակ է, որ գլխավոր դատախազությունը չգիտի, բայց, այնուամենայնիվ, տեղեկացնենք` Օլիվեր Ռադուկու Մարիանը նամակն ուղարկել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան միջոցով: Ինչ վերաբերում է առաջարկին, որ Օլիվերը վերադառնա Հայաստան ու հանցագործության մասին հաղորդում տա, ապա սրան անդրադառնալն ուղղակի ավելորդ է:

Հարգարժան գլխավոր դատախազության պատասխանի հեղինակ(ներ), եթե ծանոթացել եք նշված գործով դատավճռին, ապա դատական ակտի 10-րդ էջի ներքեւից 4-րդ պարբերությունում կկարդայիք դատավոր Գագիկ Ավետիսյանի շարադրած հետեւյալ տողերը. «Դատարանը որպես պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք դիտում է այն, որ ամբաստանյալներ Օլիվեր Ռադուկու Մարիանը եւ Դանիել Ֆլորին Ֆեռառուն նախկինում դատված չեն…»: Սա այն դեպքում, երբ նույն քրեական գործում առկա է Մեծ Բրիտանիայի Ինտերպոլի տեղեկանքը, ըստ որի` Օլիվեր Մարիանը խարդախության համար երկու անգամ դատապարտվել է եւ անցնում է իրենց երկրի քրեական հաշվառումներով: «Հետքը» հենց այս հանգամանքի վրա էր շեշտը դրել, ինչը դուք ձեր պատասխանում շատ սահուն շրջանցել եք:

Միեւնույն ժամանակ, եթե չզլանայիք եւ ծանոթանայիք ՀՀ Քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, կիմանայիք, որ «Հանցանքը մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կազմում կատարելը» պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ են: Իսկ դատավոր Գագիկ Ավետիսյանը, Օլիվերին մեղավոր ճանաչելով «Կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու» մեջ (Քր. օր.-ի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետեր), նույն դատավճռի 10-րդ էջի ներքեւից 3-րդ պարբերությունում գրել է. «Պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան»:

«Երկրորդ` եթե դիմումում մատնանշված հանգամանքները` տարբեր պաշտոնատար անձանց ինչ-որ կաշառքներ տալու մասին, գեթ մեկ տոկոսով համապատասխանում են իրականությանը, ապա առնվազն տարօրինակ է, թե ինչու մինչեւ Հայաստանից հեռանալը նա չէր բարձրաձայնում այդ մասին, երբ քրեակատարողական հիմնարկում պարբերաբար հանդիպումներ է ունեցել միջազգային կառույցների ներկայացուցիչների, Ռումինիայի դեսպանատան աշխատակիցների հետ: Ավելին` դատաքննության ընթացքում Կոռնել Ստենգաչուի հարցադրումներին ի պատասխան` նա հայտարարել է, որ իր նկատմամբ նախաքննության ընթացքում ցուցմունքներ տալիս որեւէ ճնշում, բռնություն, խոստում չի եղել, նշված ցուցմունքները տվել է քննությանն օգնելու նպատակով: Մինչդեռ Կոռնել Ստենգաչուն նախաքննության ընթացքում բազմիցս հրաժարվել է ցուցմունքներ տալուց եւ քննչական գործողություններին մասնակցելուց, այդ թվում Օլիվեր Ռադուկու Մարիանի հետ առերես հարցաքննությունից, որպիսիք հավաստվում են համապատասխան քննչական գործողությունների արձանագրություններով»,- հավելում է գլխավոր դատախազությունը:

Ի գիտություն ձեզ, հարգելի գլխավոր դատախազություն, Կոռնել Ստենգաչուի դատաքննության ընթացքում Օլիվերը հայտարարել է, որ Կոռնելին մեղադրող ցուցմունքներ է տվել, որպեսզի հեշտացնի իր նախաքննությունը: Իսկ Դանիել Ֆլորին Ֆեռառուն նույնիսկ նշել է, որ Կոռնելի դեմ ցուցմունք է տվել Օլիվերի դրդմամբ, որը նրա հետ մեկուսարանում, չգիտես ինչու, հանգրվանել է նույն խցում:

Ինչ վերաբերում է ձեր այն պնդմանը, թե Կոռնել Ստենգաչուն նախաքննության ընթացքում բազմիցս հրաժարվել է ցուցմունքներ տալուց եւ քննչական գործողություններին մասնակցելուց, ապա խնդրում ենք ուսումնասիրել քրեական գործը: Կոռնել Ստենգաչուն նույնիսկ դիմել է Ռումինիայի դեսպանատուն, իսկ այստեղից խնդրել են ՀՀ արտգործնախարարությանը, որպեսզի միջնորդեն ՀՀ քննչական մարմիններին իրենց քաղաքացուն` Կոռնելին հարցաքննել: Այս համատեքստում ուշագրավ է այն, որ նախաքննական մարմինը Կոռնել Ստենգաչուի գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկել միայն այն բանից հետո, երբ Օլիվերի եւ Դանիելի դատավճիռները օրինական ուժ են ստացել: Սա այն դեպքում, երբ, ինչպես դուք եք նշել, Կոռնելի նկատմամբ քննչական գործողություններ չեն կատարվել:

«Հատկանշական է նաեւ այն, որ հոդվածագիրը չի փորձել ստուգել Օլիվեր Ռադուկու Մարիանի անունից ներկայացվող հայտարարության մեջ մատնանշված հանգամանքները ոչ իրավապահ մարմիններից, եւ ոչ էլ նրա պաշտպաններից: Նախաքննության փուլում նրա շահերի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, իսկ դատաքննության փուլում` հանրային պաշտպան Անուշ Հովհաննիսյանը: Եվ ցանկության դեպքում հոդվածագիրը կարող էր փաստաբաններից ճշտել` արդյո՞ք նրանք կաշառք բաժանել են իրավապահ մարմիններին, թե՞ ոչ, եւ ընթերցողներին փոխանցեր ստուգված տեղեկատվություն»,- գրում է գլխավոր դատախազությունը:

Գլխավոր դատախազության պատասխանի մեծարգո հեղինակ(ներ), եթե փաստաբանը կամ փաստաբանները կաշառք են բաժանել իրավապահներին, ի՞նչ եք կարծում` մեզ հետ զրույցում պետք է ասեի՞ն` այո, բաժանել ենք: Նշենք, որ հոդվածը հրապարակելուց առաջ փաստաբան Անուշ Հովհաննիսյանի հետ զրուցել ենք: Այս գործից առաջիկայում նոր մանրամասներ կներկայացնենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter