HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դատախազության պատասխանի հետքերով

«Հետք» շաբաթաթերթում տպագրված (N 31, սեպտեմբերի 9-15) «Էժան «պրծնելու» գինը` 50000 եվրո + 20000 դոլար + ընկերոջ զոհողություն» հոդվածին «պատասխանում» են ոչ միայն իրավապահները (գլխավոր դատախազությունը), այլեւ լրատվամիջոցները:

Սեպտեմբերի 17-ին թերթերից մեկը «Համագործակցողը «խաղեր է տալիս»» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որով տեղեկացնում էր, թե Մեծ Բրիտանիայում Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված պատասխանում ասվում է, որ, մասնավորապես, Օլիվեր Ռադուկու Մարիանն անցնում է իրենց երկրի ոստիկանական հաշվառումներով, իսկ հաշվառված լինելը դեռ չի նշանակում դատապարտված լինել, քանի որ քրեական գործի նյութերում ընդհանրապես չկան դատավճիռներ:

Թերթը հոդվածին զուգահեռ տպագրել էր նաեւ «Ինտերպոլի»` ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ս. Մելքոնյանին հասցեագրված գրությունը: Այն, սակայն, ամբողջական չէր: Տարօրինակ կերպով տպագրությունից դուրս էր մնացել այն հատվածը, որտեղ բառացիորեն գրված է. «Օլիվեր Ռադուկու Մարիանը նախկինում երկու անգամ դատապարտվել է` խարդախություն կատարելու համար»:

Ուստի, «Հետքը» ստիպված տպագրում է հիշյալ գրությունը: Հրապարակում ենք նաեւ դատավոր Գագիկ Ավետիսյանի կայացրած դատավճռի այն հատվածը, որտեղ վերջինս արձանագրել է, թե դատարանը, որպես պատիժը եւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք, դիտում է այն, որ Օլիվեր Ռադուկու Մարիանը նախկինում դատված չի եղել:

Միաժամանակ տպագրում ենք նույն անձի վերաբերյալ Ռումինիայում Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկատվությունը, ըստ որի` Օլիվեր Ռադուկու Մարիանը «հայտնի է կեղծ վճարման քարտերի օգտագործմամբ Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Իսրայելում, Մարոկկոյում, Ֆրանսիայում: Նա ձեռք է բերել խոշոր չափի գումարներ, որոնցով գնել է շինություններ, թանկարժեք ավտոմեքենաներ եւ բացել է բանկային հաշիվներ: Նա հանդիսանում է հանցավոր խմբի պարագլուխ, որի անդամներն են…»:

Ինչ վերաբերում է նրան, որ քրեական գործում առկա չեն Օլիվերի նախկին դատվածությունների մասին դատավճիռները, ապա դա չի նշանակում, որ Մեծ Բրիտանիայում Ինտերպոլի ԱԿԲ-ի հաղորդած տեղեկությունները ստույգ չեն: Եթե, այնուամենայնիվ, ՀՀ իրավապահները չեն վստահում Ինտերպոլին, թող բարի լինեին պահանջել հիշյալ դատավճիռները, ոչ թե չիմանալու տային այն, ինչն արդեն գիտեին:

«Համագործակցողը «խաղեր է տալիս»» հոդվածի հեղինակը գրել է նաեւ, թե Օլիվերի գործը քննվել է արագացված դատաքննության կարգով, ինչի պարագայում դատավորը պարտավոր չէ ուսումնասիրել գործում եղած ապացույցները, այդ իսկ պատճառով էլ չի պարզվել Օլիվերի` նախկինում խարդախության համար դատված լինելու հանգամանքը:

Սա, իհարկե, անհեթեթություն է: Աձի բնութագրական հատկանիշները, մասնավորապես` նախկինում դատված լինել-չլինելու հանգամանքը, դատավորը պարտավոր է իմանալ մինչեւ դատական ակտ կայացնելը` անկախ նրանից, թե ինչ կարգով է դատաքննությունն անցկացվում: Դա նույնն է, թե դատավորը չիմանա այն անձի անուն-ազգանունը, ում նկատմամբ դատական ակտ է կայացնում:

Բացի դրանից, մի մոռացեք, որ տվյալ դատաքննությանը մասնակցել է նաեւ գործի նկատմամբ վերահսկողություն իրականացրած դատախազը: Ու եթե նույնիսկ դատավոր Գագիկ Ավետիսյանը «տեղյակ չէր» Օլիվերի նախկին դատվածություններից, մեղադրողը պարտավոր էր նրան այդ մասին հայտնել:

Թե ինչու է չտեսնելու տվել այս կարեւոր հանգամանքը դատավոր Գագիկ Ավետիսյանը, հազար ու մի բացատրություն կարելի է տալ, բայց միեւնույն է` փաստն այն է, որ գործում առկա նյութերի հիման վրա նա իրավունք չուներ կեղծիքներ թույլ տալ դատավճռում:

Կարծում ենք` Արդարադատության խորհուրդը գոնե մի անգամ պետք է քննարկման նյութ դարձնի մամուլի հրապարակումները եւ համապատասխան որոշում կայացնի դատավորի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter