HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հերքման որոշում՝ առանց հայցվորի պահանջի եւ լրատվամիջոցին գործում ներգրավելու

Լրատվության միջոցով տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու, զրպարտությունը հերքելու եւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջի մասին հայցադիմում Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Համբարձում Մաթեւոսյանը ներկայացրել էր նոյեմբերի 7-ին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի համոզմամբ` «Ազգ» թերթի 02.10.2012թ. համարում Անուշ Մնացականյանի, Իվետա Չարխիֆալակյանի, Վարդան Պապոյանի եւ Լեւոն Գեւորգյանի կողմից տարածվել է զրպարտող տեղեկատվություն՝ իր պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառելով վնաս: Որպես վնասի փոխհատուցում Համբարձում Մաթեւոսյանը պահանջել է նշված 4 անձանցից համապարտության կարգով բռնագանձել 8 մլն դրամ եւ նույն լրատվամիջոցում հերքում հրապարակել:

«Ազատեք մեզ այդ արատավոր «ղեկավարից»» վերտառությամբ բաց նամակը՝ ուղղված երկրի նախագահին, տպագրվել էր «Ազգ» օրաթերթում եւ թերթի ինտերնետային կայքում: Սննդամթերքի ծառայության նախկին աշխատակիցները նախագահի ուշադրությունն էին հրավիրել Գյումրիում գործող կենտրոնում ստեղծված լարված իրավիճակի վրա՝ այդ ամենը բացատրելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմամբ: Մեջբերում բաց նամակից.

«Երբ ծառայության պետ նշանակվեց Աբրամ Բախչագուլյանը, Գյումրիի կենտրոնում նույնպես տեղի ունեցավ այն, ինչ ծառայության մյուս ստորաբաժանումներում: Մասնավորապես հեռացվեցին կամ ազատման դիմում գրելու պարտադրանքի առաջեւ կանգնեցին մասնագետները: Նրանց փոխարինեցին մարդիկ Բախչագուլյանի շրջապատից, որոնք մարդու առողջության եւ կյանքի համար այս կարեւորագույն ոլորտի մասնագետներ չեն:

Սակայն նախ 2010-ին վերացվեց Գյումրու կենտրոնի պետի հաստիքը, ապա սույն թվականի հունվարին վերականգնվեց` Բախչագուլյանը կենտրոնի պետ նշանակեց իր համախոհ Համբարձում Մաթեւոսյանին, որը սկսեց ահաբեկել եւ հետապնդել, որպեսզի ազատվի գիտակ մարդկանցից: Նշանակվելով այս պաշտոնում, նա անմիջապես գործի անցավ` սեփական բիզնեսների համար բարենպաստ դաշտ ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես, մթերային խանութների սեփականատերերից Համբարձում Մաթեւոսյանը պահանջել է իրացնել միայն իր թռչնանոցի արտադրած ձուն եւ հացի արտադրամասի հացամթերքը: Նրա որդին ծառայությանը պատկանող պետական մեքենայով` դեղին «Նիվա», սեփական ապրանքը հասցնում է առեւտրի կետերին»:

Հայցվոր Համբարձում Մաթեւոսյանն իր հայցադիմում նշել է, որ նախկին աշխատակիցների հրապարակած բաց նամակը ծայրից ծայր վիրավորանք եւ զրպարտանք է իր հասցեին, ուստիեւ, համաձայն ՀՀ քաղ. օր. 19, 22 հոդվածների եւ Քաղ.օր. 60 գլխի կանոնների, դիմում է դատական պաշտպանության: Համբարձում Մաթեւոսյանը հայցադիմումում գրել է, որ ինքը որոշել է հրապարակումներին արձագանքել օրենքով սահմանված կարգով, ոչ թե բամբասանքներով: Ըստ այդմ՝ նախ դիմել է «Ազգ» օրաթերթին բաց նամակի կապակցությամբ հերքում տալու համար: Նամակը խմբագրություն է ուղարկել հոկտեմբերի 9-ին, սակայն արձագանք չի ստացել: Սպասել է երկու շաբաթ, այնուհետեւ որոշել է դիմել դատարան:

Հ. Մաթեւոսյանի հայցադիմումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել 2012թ. նոյեմբերի 9-ին: Բացի 4 պատասխանողներից՝ դատական այս վեճում որպես 3-րդ կողմ ներգրավվել է «Ազգ» օրաթերթը:

Նշենք, որ նույն աշխատակիցները դիմել էին նաեւ «Հետքի» խմբագրություն եւ խնդրել անդրադառնալ իրենց խնդրին: «Հետքի» կայքում 2012թ. հոկտեմբերի 4-ին տեղադրվել էր երկու հոդված՝ «Կարելի է ոչխարը գրել «վօչխար», «փրայս լիստ»-ի փոխարեն «սփռայթ լիստ», բայց տնօրեն աշխատել» եւ «Շան գլուխը սառնարանում պահելով՝ հասան աշխատանքից ազատման բաղձալի դիմումին», որոնց առնչությամբ մեկամսյա ժամկետում ոչ հեռախոսազանգ, ոչ հերքում պահանջող նամակ Համբարձում Մաթեւոսյանից չի ստացվել:

Այնուամենայնիվ, հայցադիմումում հայցվորը մեկ տողով նշել է, որ պատասխանողներն իր հասցեին զրպարտանք են տարածել նաեւ hetq.am կայքում եւ հայցադիմումին կից, բացի «Ազգ» օրաթերթի նշված համարից, ներկայացրել է էլեկտրոնային լրատվամիջոցում տեղադրված հոդվածների պատճենները: Չնայած սրան՝ Համբարձում Մաթեւոսյանը հայցադիմումով միայն մեկ լրատվամիջոցի կողմից է հերքման տեքստի տպագրում պահանջել.

«Քանի որ պատասխանողները թերթում եւ ինտերնետային կայքում չեն վկայակոչել եւ չեն կարող որեւէ ապացույց ներկայացնել իրենց գրածը հիմնավորելու, դատարանից խնդրում եմ հայցային վարույթի կարգով քննության առնել իմ հայցը եւ վճռել՝

1. «Ազգ» թերթի 02.10.2012թ համարում տպված «Ազատեք մեզ այդ արատավոր «ղեկավարից»» հոդվածը համարել իրականությանը չհամապատասխանող:

2.Նույն թերթով հերքել զրպարտություն պարունակող նշված հոդվածն իմ կողմից գրավոր պատասխանի տպագրությամբ:

3.Պատասխանողներից յուրաքանչյուրից, համաձայն Քաղ. օր. 1087.1 հոդվածի 8.2 կետի, բռնագանձել 2 մլն դրամ՝ որպես իմ պատվի եւ արժանապատվությանը պատճառած վնաս:

4. Դատական ծախսերի մեջ ներառել եւ պատասխանողներից հօգուտ ինձ բռնագանձել նաեւ փաստաբան Սուսաննա Մխիթարյանին իրավաբանական ծառայության դիմաց վճարած գումարը՝ 75 հազար դրամ»:  

Դեկտեմբերի 6-ի կայացած առաջին նիստում հայցվորի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել, որով հրաժարվել են «Ազգ» թերթը որպես 3-րդ կողմ ներգրավելու իրենց պահանջից: Երրորդ դատական նիստի ժամանակ՝ դեկտեմբերի 21-ին, կողմերը որոշել են հաշտության պայմանագիր կնքել: Ըստ այդ պայմանագրի՝ հայցվոր Համբարձում Մաթեւոսյանը հրաժարվել է 8 մլն դրամ գնահատված վնասի փոխհատուցումից, փոխարենը պատասխանողները պետք է «Ազգ» թերթում եւ «Հետք» ինտերնետային կայքում հերքում տպագրեն:

Հունվարի 29-ին կայացած նիստում դատավոր Գեւորգ Նարինյանը, հաշվի առնելով կողմերի միջեւ կնքված հաշտության պայմանագիրը, վճռել է.

«Պարտավորեցնել պատասխանող կողմին վճռի հրապարակման օրվանից 7 օրվա ընթացքում հերքումով հանդես գալ «Ազգ» թերթում եւ «Հետք» ինտերնետային կայքում»:

Տարօրինակ է դատավորի որոշումը՝ «Հետքին» պարտավորեցնել հերքում հրապարակել այն պարագայում, երբ հայցադիմումում հայցվորը նման պահանջ չէր ներկայացրել, եւ «Հետքը» որեւէ կարգավիճակով գործում չէր ներգրավվել:

Մեկնաբանություններ (1)

Լևոն Բաղդասարյան
Լրատվությունը՝չորրորդ իշխանությունը,ոչ մեկի,այդ թվում՝դատարանի, սեփականությունը չի,որ վարվեն այնպես,ինչպես հարմար են գտնում:Ըստ էության, տվյալ լրատվամիջոցի իրավունք-պարտականությւնների վերաբերյալ դատական ակտ է կայացվել,առանց վերջինիս մասնակցության,որը,գտնում եմ ,չի կարող համարվել իրավաչափ դատական ակտ www.levgroup.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter