HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Փողը տուր, ինչ ուզում ես` արա»

Կոմիտասի 5ա, 3 եւ 7 շենքերի անմիջական հարեւանությամբ «Լիբեր» ՍՊԸ-ն շինարարություն է սկսել: Մոտ 1000 քմ մակերեսով այս տարածքում տրամվայ-տրոլեյբուսները սպասարկող բարձր լարման ենթակայանն է, որի փոխարեն ՍՊԸ-ն պետք է կառուցի նոր` չափսերով ավելի փոքր ենթակայան եւ բազմաբնակարան` 13 հարկանի շենք:

Հիմա ենթակայանը պարսպով առանձնացված է եւ շենքերից մոտ 20 մ հեռու է, իսկ նոր կառուցվելիքը կամ պետք է զգալիորեն մոտեցվի 5ա շենքին, կամ լինի ստորգետնյա, որպեսզի տարածք ապահովի բազմաբնակարան շենքի շահագործման համար: Չնայած նրան, որ «Երեւանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ից գրավոր հավաստիացրել են, որ ներկայիս ենթակայանը, առավել եւս` նոր կառուցվելիքը, բացարձակապես անվտանգ են, հարակից շենքերի բնակիչները պնդում են հակառակը:

«Երեւանի Էլեկտրատրանսպորտը», իբրեւ անվտանգության հիմնավորում, նշում է, որ «ավելի քան 50 տարի է` Երեւանում էլեկտրատրանսպորտի համակարգում սնդիկային ուղղիչով աշխատող ագրեգատներ չկան»: Իսկ բնակիչները, բերելով սեփական փաստարկները, տարակուսում են, թե ինչ «50 տարվա անվտանգության» մասին է խոսքը:

«Ես հիմա վիճակագրություն եմ ասում, որից առողջապահության նախարարությունը տեղյակ է: Ինչպե՞ս է անվտանգ, եթե 5ա շենքի այն մուտքում, որն անմիջապես ենթակայանի դիմաց է, բոլոր ընտանիքներն ունեցել են մեկ կամ երկու ուռուցքով հիվանդներ, որոնք մահացել են: Իսկ կողքի մուտքում, կարելի է ասել, մահացողների կեսի մահվան պատճառը քաղցկեղն էր: Ու այս պայմաններում ուզում են ենթակայանը մոտեցնել շենքին կամ դարձնել ստորգետնյա, որն էլի վտանգավոր է»,- ասում է 5ա շենքի բնակիչ Սուսաննա Թերզյանը:

Ըստ կադաստրի Արաբկիրի ստորաբաժանման տրամադրած տեղեկության` Կոմիտասի 5 հասցեում գտնվող ենթակայանը եւ դրան հարակից տարածքը Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2004 թ. որոշմամբ եւ մի շարք փաստաթղթերի հիմքով մինչեւ 2029 թ. վարձակալության է տրվել «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին: Զախարյանի 2005 թ. մեկ այլ որոշման եւ 2006 թ. կնքված հողի վարձակալության պայմանագրի հիմքով էլ նշյալ տարածքի նկատմամբ գրանցվել է «Լիբեր» ՍՊԸ-ի իրավունքը:

«Լիբերի» տնօրենը Քեշիշ Աբրամն է: Բնակիչները լսել են, որ նա պարսկահայ է: Իսկ Սուսաննա Թերզյանն ասում է, թե խոսակցություններ կան, որ իրականում «Լիբերի» մեջքին երկրի նախագահի եղբայրն է` Սաշիկ Սարգսյանը:

«Կոմիտաս 5-ը քաղաքի յուղոտ կտորներից է, ու ես համոզված եմ, որ եթե այդ տարածքում գոնե մեկ քաղաքացի սեփականություն ունենար, քաղաքապետարանը կգտներ հիմնավորումներ, կդիմեր կառավարությանը, եւ այն կճանաչվեր գերակա հանրային շահ: Այդ դեպքում կաշառքի չափը մեծ կլիներ: Իսկ հիմա, իմ կարծիքով, ոչ մեծ կաշառքի դիմաց «Լիբերին» ասել են` գնա, կառուցիր»,- ասում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

Վերջինիս համոզմամբ` ոչ մեկին չի հետաքրքրում, որ արդյունքում կվտանգվի մարդկանց առողջությունը, կվերանա կանաչապատ տարածքը, հարեւան շենքերը կզրկվեն արեւի լույսից, իսկ շինարարության ընթացքում բնակիչները կխեղդվեն կեղտից ու փոշուց. «Հերն էլ անիծած, փողը տուր, ինչ ուզում ես` արա: Սա է մեր երկիրը»:

«Մինչեւ անցյալ տարի մենք ոչինչ չգիտեինք: Մեկ էլ ինչ-որ մարդիկ եկան, ասացին` «Լիբերի» ներկայացուցիչներն ենք, պետք է կառուցենք: Սկզբում գողականով, հետո խաթրով-բանով փորձում էին համոզել: Բայց բոլորս էլ դեմ ենք»,- ասում է Սուսաննա Թերզյանը եւ շեշտում, որ 100 բնակչի ստորագրությամբ վավերացված դիմում-բողոք են հղել նախագահ Սարգսյանին:

«Ենթակայանի շրջակայքը կանաչապատ էր` դալար ծառերով: Օգոստոսին 10 ծառ հատեցին: Աղմուկ բարձրացրինք, բնապահպանության նախարարությունից եկան ու մի 5 ծառի համար տուգանեցին: Ընդամենը սա»,- հավելում է տարածքի մեկ այլ բնակիչ` Գոհար Սարգսյանը: Իսկ Սեդրակ Բաղդասարյանը նկատում է, թե «ցանկացած այլ երկրում նման բանի համար ՍՊԸ-ին այնքան կտուգանեին, որ ուղղակի կսնանկանար»:

Անցյալ տարվա հուլիսի 28-ին նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ստորագրությամբ եւ կնիքով հաստատված շինարարության թույլտվություն է տրվել «Լիբեր» ՍՊԸ-ին: Ուշագրավ է, որ ԱԺ «ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հարցմանն ի պատասխան` քաղաքապետարանից տրամադրել են հիշյալ թույլտվության պատճենը, որը, սակայն, Բեգլարյանի կողմից կնքված եւ ստորագրված չէ: Այս թույլտվությունների համարները տարբեր են, բովանդակությունը` նույնը, բայց երկրորդը թվագրված է հուլիսի 23-ով:

Համաձայն Բեգլարյանի ստորագրած շինթույլտվության` տարածքում աշխատանքներն իրականացնելու համար անցկացվել է պարզ փորձաքննություն, մինչդեռ, ըստ Կառավարության 2010 թ. մայիսի 6-ի 711-Ն որոշման, նման շինաշխատանքների դեպքում համալիր փորձաքննության առկայությունը պարտադիր է:

Բացի դրանից` առկա փաստաթղթերում, այդ թվում շինարարական նախագծային եւ տարածքի հատակագծում 30-ից ավելի ծառերը ներառված չեն: Իսկ կառուցվելիք բազմաբնակարան շենքի եւ էլեկտրատրանսպորտի ենթակայանի տեխնիկական նախագծի վերաբերյալ «Քաղսեյսմշին եւ փորձաքննություն» ՍՊԸ-ն եզրակացություն է տվել անցյալ տարվա հոկտեմբերին` շինթույլտվության տրամադրումից 3 ամիս հետո: Այսինքն` նախկին քաղաքապետը, առանց սեյսմիկ փորձաքննության, «Լիբերին» տվել է շինարարության թույլտվություն:

Այս տարվա հունիսին գլխավոր դատախազին հասցեագրված դիմումով բնակիչները խնդրել են պարզել, թե «անձնական ի՞նչ շահադիտությամբ է Գագիկ Բեգլարյանը տվել ակնհայտ ապօրինի շինթույլտվություն»: Նրանք դիմումում նաեւ շեշտել են, որ անհրաժեշտ է օր առաջ պատասխանատվության կանչել «Լիբեր» ՍՊԸ-ին եւ «քաղաքապետարանի` առնվազն այս ապօրինությանը մեղսակից անձանց»:

Ծառահատման արդյունքում բնակչության բարձրացրած աղմուկից հետո «Լիբերը» շինաշխատանքները դադարեցրել է: Այդ ընթացքում առողջապահության նախարարությունից գրավոր հայտնել են, որ ներկայացված նախագծում բացակայում են  ենթակայանի աշխատանքի ընթացքում առաջացած աղմուկի մակարդակի հաշվարկները եւ դրանց համապատասխան իրականացվելիք աղմուկակլանիչ միջոցառումները, ուստի իրենք առաջարկել են կառուցելու պարագայում ենթակայանը տեղադրել 5ա շենքից 10 մ հեռավորության վրա` նախատեսելով աղմուկակլանիչ միջոցառումներ:

Իսկ քաղաքաշինության նախարարությունից անցյալ տարվա հոկտեմբերին բնակիչներին տեղեկացրել են, որ քաղաքապետին ուղարկվել է համապատասխան գրություն` շինարարության թույլտվության գործողությունը կասեցնելու վերաբերյալ, քանի որ «նախատեսված բազմաբնակարան շենքի եւ էլեկտրատրանսպորտի ենթակայանի կառուցման դեպքում կխախտվեն ՀՀ-ում գործող քաղաքաշինական նորմերի պահանջները` հարեւան շինություններից պահանջվող նորմատիվային հեռավորությունները»:

«Այդ ընթացքում նշանակվեց նոր քաղաքապետ, որը շռայլ խոստումներ է տալիս, եւ մենք կարծեցինք, թե վերջ, ապօրինություններն ավարտվեցին, էլ ոչինչ չեն անի: Բայց այս տարվա մայիսին առավոտյան շուտ բուլդուզերով եկան, տարածքի ծառերը ջարդուխուրդ  արեցին, լցրեցին գռուզավիկներն ու արագ տարան:

Բնապահպանության նախարարությունից նորից եկան, էս անգամ էլ ասացին` մի անգամ արդեն տուգանել ենք, երկրորդ անգամ էլ չենք կարող, իրենց տարածքն է, ինչ ուզեն, կանեն»,- պատմում է Գոհար Սարգսյանը:

Բնակիչների նոր հարցումներին ի պատասխան` քաղաքապետարանից հայտնել են, որ նրանց «բոլոր մտահոգություններին վերջնական լուծում տալու նպատակով քաղաքապետարանի կողմից կառուցապատողին առաջարկվել էր, անկախ տեխնիկական բարդություններից, դիտարկել ենթակայանը ստորգետնյա տարբերակով իրականացնելու հնարավորությունը եւ կազմակերպել լրացուցիչ ուսումնասիրություններ` հարակից շենքերի բնակարանների շահագործման նորմատիվ պայմանների ապահովման նպատակով»:

«Լիբեր» ՍՊԸ-ն էլ, ընդունելով փոփոխությունների առաջարկը, ներկայացրել է տեխնիկական նախագիծ, որն այս տարվա մարտին համաձայնեցվել է: Ըստ այդմ` «նախատեսված է բազմաբնակարան շենքի լայնական չափերի կրճատում եւ ենթակայանի իրականացում ստորգետնյա տարբերակով»:

Միեւնույն ժամանակ քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետը նույն գրության մեջ նշել է, որ «քաղաքապետարանի կողմից Կոմիտասի 5 հասցեում նոր ենթակայանի եւ բազմաբնակարան շենքի կառուցման համար նոր որոշում չի կայացվել եւ նոր ճարտարապետահատակագծային առաջադրանք չի տրամադրվել»:

«Այսինքն` «Լիբերը» նորից ապօրինություն է անում: Ավելին` մենք պարզեցինք, որ շինաշխատանքները կատարելու համար նա պայմանագիր է կնքել «Ռեմ գրուպ» ՍՊԸ-ի հետ, որին էներգետիկ ոլորտի լիցենզիայից զրկել են»,- հավելում է Գոհար Սարգսյանը:

Բնակիչները դիմել են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով արգելել «Լիբեր» եւ «Ռեմ գրուպ» ՍՊԸ-ներին Կոմիտասի 5 հասցեում իրականացնել շինարարություն եւ ծառահատումներ:

Դատարանը, ընդունելով միջնորդությունը, որպես հայցի ապահովման միջոց` պատասխանողներին արգելել է շինաշխատանքները շարունակել: Իսկ «Լիբերի» ներկայացուցիչը հայտարարել է, թե արգելանքի պատճառով ընկերությունը կորուստներ է կրում, ուստի միջնորդել է բնակիչներից բռնագանձել մոտ 22 մլն դրամ:

«Ճիշտ է, շինարարության վրա առայժմ արգելանք է դրված, բայց մենք դատարանի հետ ոչ մի հույս չենք կապում: Որովհետեւ, եթե այսքան ապօրինություններով, առանց փաստաթղթերի նորից սկսել են, նշանակում է` համոզված են, որ իրենց ուզածին կհասնեն»,- ասում է Սուսաննա Թերզյանը:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Բաղդասարյանն էլ հավելում է, որ «այս վայրագությունների դեմը կարելի է առնել միայն քաղաքացիական ակտիվությամբ»: Ըստ նրա` մարդիկ ուղղակի պետք է չհուսահատվեն եւ իրենց իրավունքների համար մինչեւ վերջ պայքարեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter