HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

«Ճանապարհային քարտեզ»-ը չեն հրապարակում. Մոսկվայի մեկնաբանությունը

Բազմիցս անդրադարձել ենք, որ Հայաստանի իշխանությունները  հրաժարվում են տրամադրել Մաքսային միությանը անդամակցելու «ճանապարհային քարտեզը»:

Օրեր առաջ նաև պարզել էինք, որ ԱԳՆ-ն բանակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ մաքսային միության ճանապարհային քարտեզը հրապարակային դարձնելու հարցով: Եվ քանի որ, ի հեճուկս մեր օրենսդրության, հրապարակել - չհրապարակելը դարձավ Մոսկվայի որոշելիք հարցը, մենք «ճանապարհային քարտեզը» տրամադրելու խնդրանքով հարցում ուղարկեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողով (ԵՏՀ):

Մոսկվայի կարծիքը

Ի պատասխան մեր հարցման՝ ԵՏՀ մամլո ծառայությունը մեզ ուղարկեց «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ մեկնաբանություն: Դրանում, ի հավելումն ճանապարհային քարտեզի մասին այլ (մեզ արդեն հայտնի) տեղեկությունների, ասված է, որ այն պատրաստված է ԵՏՀ աշխատանքային` ռուսերեն լեզվով:

«Հայաստանի Հանրապետությունում բոլոր հետաքրքրված անձինք կկարողանան ծանոթանալ «ճանապարհային քարտեզի» բովանդակության հիմնական մասին այն ժամանակ, երբ հայ մասնագետները կավարտեն «ճանապարհային քարտեզի» իրագործման գործողությունների ծրագրի նախապատրաստման աշխատանքները: Այդ ծրագիրն ի սկզբանե կլինի հայերեն»,– ասված է ԵՏՀ մամլո ծառայության մեկնաբանության եզրափակիչ մասում:

Այստեղից կարելի է անել մի քանի եզրակացություն.

1. Մեկնաբանության մեջ որևէ խոսք չկա գաղտնիության մասին: Ուստի, «ճանապարհային քարտեզ»-ը գաղտնի չէ:

2. «Ճանապարհային քարտեզը» թե՛ Մոսկվայի, թե՛ Երևանի կողմից չի հրապարակվում անհասկանալի պատճառներով, քանի որ դրա ռուսերեն լինելը չէր կարող խոչընդոտել դրա հրապարակմանը:

3. Մոսկվան Երևանի հետ չի վարում «ճանապարհային քարտեզը» հրապարակային դարձնելու բանակցություններ:

4. Պատասխանում ասված է՝ «հետաքրքրված անձինք կկարողանան ծանոթանալ «ճանապարհային քարտեզի» բովանդակության հիմնական մասին»: Ուստի, դրա որոշ մասը, միևնույնն է, գաղտնի կմնա:

Մի կողմ թողնելով այս բավականին հետաքրքիր պնդումներն ու դրանցից բխող նշված եզրակացությունները` նախ արծարծենք մի քանի զավեշտալի փաստ:

Կառավարությունն ու կոծկման շարունակությունը

Հինգշաբթի օրը ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում օրակարգի 36-րդ կետով քննարկեց  «Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզ») իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը հաստատելու մասին» հարցը (զեկուցող` Վահրամ Ավանեսյան, Էկոնոմիկայի նախարար):

Ու թեև նման հարցեր քննարկելիս կառավարությունը կամ գրում է, որ այն գաղտնի է, կամ համապատասխան որոշման նախագիծն է տեղադրում կայքում, այս անգամ ո՛չ նախագիծ կար, ո՛չ էլ՝ գաղտնիության մասին նշում:

Այսինքն՝ կառավարությունն ընդունում է ոչ գաղտնի որոշում, որը հանրությունից գաղտնի է պահվում:

Քանի դեռ հունվարի 24-ին ԵՏՀ մամլո ծառայությունը պնդում է, որ մանրամասները կհրապարակվեն գործողությունների ծրագրի պատրաստ լինելուն պես, դրա նախորդ օրը` հունվարի 23-ին, ՀՀ կառավարությունը արդեն հաստատել էր գործողությունների ծրագիրը: Իսկ  «ճանապարհային քարտեզը»` գործողությունների ծրագրի հետ միասին, դեռ գաղտնի է:

Այստեղ նաև ակներև են Մոսկվայի և Երևանի տեսակետների հակասությունները: Տեսակետները, իսկ ավելի ճիշտ` մեկնաբանությունները զավեշտի աստիճան իրարամերժ են, սակայն կարևորը դա չէ:

Կարևորն այն է, որ Հայաստանի հանրությունը չի կարողանում ծանոթանալ մի փաստաթղթի, որը ստորագրվել է իր անունից ու չի պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք:

Տպավորությունն այնպիսին է, որ կամ իրականում «ճանապարհային քարտեզ» գոյություն չունի, կամ Մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումն այն աստիճանի ոչ շահավետ է ընթանում, որ դրա մասին խոսելը կարող է տապալել մեր իշխանություններին այդ ինտեգրման հետ միասին:

Մեկնաբանություններ (1)

patron
Айастанум жоховурд чка .Ум hамар hрапаракен?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter