HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիգոր Պապյանի սպանության գործով վկաները պնդում են նախաքննական ցուցմունքները

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայում փետրվարի 28-ին շարունակվեց Գրիգոր Պապյանի սպանության գործով Գեւորգ, Կարապետ, Ջորջ Թոսունյանների, Վիլեն Գրիգորյանի եւ Սահակ Սահակյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ամբաստանյալները մեղադրվում են 2010թ. օգոստոսի 28-ին Քաջարանում Գրիգոր Պապյանին «միասնական դիտավորությամբ» բռունցքներով, դանակով հարվածելու համար, ինչի հետեւանքով Գրիգորը մահացել էր:

Ամբաստանյալների պաշտպան Վահագն Մանուկյանը նիստի սկզբում հայտարարեց, որ հետ է վերցնում նախօրեին դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ բանավոր հայտարարված ինքնաբացարկի միջնորդությունը: Փոխարենը փաստաբանը միջնորդեց զինծառայող, իր պաշտպանյալ Ջորջ Թոսունյանին, ով ազատությունից զրկվել է 1 տարի երեք ամիս առաջ, ազատել կալանքից եւ նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառել՝ հանձնելով հրամանատարության հսկողությանը:

Դատախազ Ա. Հակոբյանը չառարկեց միջնորդության դեմ, նշելով, որ միջնորդությունը հիմնավոր է, պատճառաբանված եւ պետք է բավարարել: Դատարանը բավարարեց պաշտպան Վահագն Մանուկյանի միջնորդությունը` ամբաստանյալ Ջորջ Հակոբի Թոսունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխեց եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Այնուհետեւ դատարանը լսեց վկաներ Արթուր եւ Մարտին Մարությաններին, Ռոմա Առաքելյանին: Վերջիններս երեքն էլ նշեցին, որ հաստատում են նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները: Պատասխանելով  դատախազ Ա. Հակոբյանի այն հարցին` հիշո՞ւմ են, թե կոնկրետ ումի՞ց են լսել Գրիգոր Պապյանի սպանության մասին, եւ արդյոք դեպքի հետ կապված շոշափվե՞լ են դատարանում ներկա մեղադրյալների անունները, վկաները նշեցին, որ շրջանառվող զրույցներից են տեղեկացել կատարվածի մասին եւ որեւէ անուն չի հիշատակվել:

Դատական նիստի ընթացքում դատավոր Դավիթ Գրիգորյանը դատավարության կողմերին տեղեկացրեց, որ սույն գործում վկաներ ներգրավված մի շարք անձինք, մասնավորապես տուժող Գրիգոր Պապյանի հայրը եւ մեղադրյալ Սահակ Սահակյանի մայրը դիմել են դատարանին, նշելով, որ առողջական խնդիրների պատճառով չեն կարող ներկայանալ դատական նիստին եւ պնդել են  իրենց նախաքննական ցուցմունքները:

Ամբաստանյալների շահերի պաշտպաններն այն կարծիքին էին, որ նրանք դատարանում կարող են գործի բացահայտման համար ուշագրավ տեղեկություններ հաղորդել, ուստի որոշվեց նրանց մեկ անգամ եւս ծանուցագիր ուղարկել` մարտի 20-ին եւ 21-ին կայանալիք դատական նիտերին մասնակցելու համար:

Ամբաստանյալ Սահակյանը հայտարարեց, թե բացի այն, որ իր մայրը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն «պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ», նաեւ վատառողջ է եւ չի կարող ներկայանալ դատարան: Դատարանն, այնուամենայնիվ պնդեց իր որոշումը, շեշտելով, որ վկա Կարինե Վարդանյան ցուցմունքը կարեւոր է մյուս մեղադրյալների համար: Իր պաշտպանյալի մոր դատական նիստին մասնակցելու անհրաժեշտությունը պնդեց նաեւ փաստաբան Կարմեն Սահակյանը:

Փետրվարի 28-ին դատարանը կշարունակի լսել 4 վկաների, այնուհետեւ հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 20-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter