HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

8 տարեկան երեխան ինքնակամ շինություններ է կառուցել. հարուցվել է քրեական գործ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի 19-րդ շենքին հարող կանաչապատ պուրակի ու հանգստի գոտու սեփականաշնորհման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դրա համար հիմք է հանդիսացել 19-րդ շենքի  բնակիչ Միհրան Մելիքյանի և նրա ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի դիմումը՝ Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: «Թեև հողամասերի օտարման փոխհարաբերություններն ինքնին վերաբերում են վարչաիրավական ոլորտին, սակայն այդ ամենը չի բացառում, որ այդ գործընթացում հանցագործության հնարավոր դեպքերի առկայությունը…»,- նշված է դատարանի` բնակիչների բողոքը բավարարելու և քրեական գործ հարուցելու որոշման մեջ: Դատարանի նման եզրահանգման համար հիմք են հանդիսացել բնակչների բերած բողոքի հիմքերը:

Ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներն օտարվել են`  նախկին քաղաքապետեր Երվանդ Զախարյանի և Գագիկ Բեգլարյանի որոշումներով

Սեփականաշնորհված կանաչապատ հողատարածքները գտնվում են 19 շենքի դիմաց՝ 5-7 մետր հեռավորությամբ: Այդ տարածքները` երկու առանձին հողակտորներ, օտարվել է ոմն Դմիտրի Անդրիասյանի: Դմիտրին այդ տարածքի բնակիչ չէ: Հողամասերից մեկը` 308,07քմ ընդհանուր մակերեսով, օտարվել է նրան` Երվանդ Զախարյանի 2009թ. որոշմամբ, իսկ մյուսը` 93,54քմ մակերեսով, Գագիկ Բեգլարյանի 2010թ. որոշմամբ: Համաձայն վիճելի տարածքների օտարման որոշումների՝ կանաչապատ պուրակում Դմիտրի Անդրիասյանը ունեցել է երկու ինքնակամ քարե շինություն և երկար տարիներ տիրապետել է դրանց:

Բնակիչները վկայում են, որ իրենք այդ տարածքներն օգտագործել են որպես կանաչապատ խաղահրապարակ, հանգստի և զբոսանքի վայր:

Միհրան Մելիքյանի` դատարանին ուղղված բողոքում նշված է, որ այդտեղ երբևէ երկու քարե շինություն չի եղել: Վիճելի հողատարածքներում եղել  է ընդամենը մեկ մետաղյա կրպակ:

Ինքնակամ կառույցներն օրինականցնելու և օտարելու համար հստակ օրենսդրություն չկա, դրա հիմքը կարող է լինել կառույցների հասարակական նշանակությունը` նշում է բնակիչների փաստաբանը` Տիգրան Հայրապետյանը: Այսինքն` ինքնակամ կառույցներն օրինականցվում են այն դեպքում, երբ դրանց քանդելը վնաս կտա համայնքին: Այս դեպքում նախկին քաղաքապետերի որոշումներով օտարված շինություններից մեկը, բնակիչների վկայությամբ, ընդհանարապես գոյություն չի ունեցել, իսկ մյուսը՝ վերոնշյալ մետաղյա կրպակը, սեփականաշնորհվելուց անմիջապես հետո հանվել է: Սա, ըստ Տիգրան Հայրապետյանի, հուշում է, որ այդ «բուտկան» չի ունեցել հասարակական նշանակություն:

Ինքնակամ քարե կառույցները, որոնք, բնակիչների վկայությամբ, գոյություն չեն ունեցել, քաղաքապետարանի որոշումներով օտարվել, ապա որպես սեփականություն հանձնվել են Դմիտրի Անդրիասյանին: Որպես այդ կառույցների սպասարկման տարածք` օտարվել է նաև հարակից հողամասերը և, ընդհանուր առմամբ, Դմիտրի Անդրիասյանը սեփականաշնորհել է 400քմ մակերեսով հողամաս:

«Եթե նույնիսկ ինքնակամ կառույցը տալիս են անձին, այդ կառույցի սպասարկման համար պետք է տրամադրեն զբաղեցրած հողամասի երկու անգամ ավել չափով հողամաս, իսկ այս դեպքում տվել են մոտ 20 անգամ ավել հողամաս` իբրև սպասարկման տարածք»,- ասում է փաստաբանը:

18,7 քմ տարածքով ինքնակամ կառույցն ու դրա 308,07 քմ սպասարկման հողամասը Դմիտրի Անդրիասյանը գնել է 1 միլիոն 831 հազար 289 դրամ, իսկ մյուսը` 7 քմ ընդհանուր մաեկերեսով կառույցն ու 93,54 քմ սպասարկման հողամասը, 586 հազար 975 դրամ կադաստրային արժեքներով:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասում է, որ մինչև դատարան դիմել բնակիչները դիմել էին նաև ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանին` օտարված, ապա սեփականաշնորհված հողամասերն ընդհանուր օգտագործման տարածք ճանաչելու համար` համաձայն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի: Սակայն դիմումին ընթացք չի տրվել: Ձեռք բերված հողատարածքների վրա, քաղաքապետարանի թույլտվություններով, կառուցապատող Դմիտրի Անդրիասյանը պատրաստվում էր կառուցել հասարակական նշանակության օբյեկտ (հավանաբար՝ առևտրի կենտրոն), որի շինարարությունը բնակիչների պայքարի շնորհիվ չի սկսվել:

Լուսանկարներն արվել են 2012թ. հուլիսին, երբ սկսված շինարարական գործողությունները կանխվեցին բնակիչների բոյկոտի արդյունքում:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը պարզվել է, որ կադաստրային գործում առկա փսատաթղթերում և քաղաքապետարանի եզրակացությունների միջև կան մի շարք ակնհայտ հակասություններ, որոնք նույնպես կարող են այժմ դառնալ քննչական մարմնի քննության առարկան: Կառույցներից մեկի  սեփականության վկայականում նշված է, որ դրա ավարտվածության աստիճանը 50 տոկոս է, իսկ, ըստ կադաստրային վկայականի` 80 տոկոս: Կադաստրային վկայականում նշված է նաև, որ շինությունները մետաղյա են, իսկ քաղաքապետարանի որոշումներում դրանք քարից են: Այս անհամապատասխանությունները, փաստաբանի կարծիքով, հուշում են համայնքային սեփականությունն անօրիանական կարգով` կեղծ փաստաթղթերի միջոցով օտարելու մասին:

Հենց այդ փաստաթղթերի համաձայն` շինություններն կառուցվել են  այն ժամանակ, երբ կառուցապատողը եղել է 8 տարեկան

Շենքի բնակիչները դեռ երկու տարի առաջ դիմում էին ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ փաստարկելով, որ իրենց պուրակի սեփականաշնորհումն անօրինական է, և խնդրել էին հարուցել քրեական գործ: Բնակիչների հաղորդումը դատախազությունից քննարկման էր ուղարկվել ոստիկանություն, սակայն քննչական գլխավոր վարչության՝ Երևանի ՔՎ կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ Գայանե Երիցյանը որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը մերժել: Բնակիչները քննիչի որոշումը բողոքարկել էին Երևանի դատախազին, սակայն վերջինս ևս որոշել էր բողոքը մերժել՝ համարելով այն անհիմն:

Գործը փակած քննիչը` Գայանե Երիցյանը, ինչպես երևում է փաստաթղթերից, ծանուցում է ուղարկել կառուցապատող Դմիտրի Անդրեասյանին և կանչել ցուցմունք տալու: Դմիտրին չի ներկայացրել: Թեև հարցաքննության կանչված և չներկայացած մյուս անձանց վերաբերյալ քննիչը կազմել է տեղեկանք, սակայն Դմիտրի Անդրիասյանի չներկայանալու և դրա պատճառի վերաբերյալ որևէ տեղեկանք չկա: Քննիչը փակել է գործը` այդպես էլ առանց կառուցապատողից (համաձայն քաղաքապետարանի որոշումների) ցուցմունք վերցնելու:

Փոխարենը բացատրություն է տվել նրա հայրը` Աշոտ Անդրիասյանը և իր բոլոր փաստաթղթերը համարել օրինական: Նա գրել է, որ 2008-2010թթ. ձեռք է բերել 2 կտոր հողամաս, որոնք քաղաքապետի որոշումներով օտարվել են իրեն և օտարման պահին գրանցվել են որդու անունով:

«Ժամանակին այդ տարածքներում ունեցել եմ կրպակներ, որոնք պատրաստած էին մետաղից և քարից: 1998-1999թթ. Մալաթիայի տոնավաճառի մոտ, որտեղ գտնվել են այդ կրպակները, իրականացրել եմ մանրածախ առևտուր: Հետագայում տեղեկացա, որ նախադեպ է եղել իրենց կողմից օգտագործված կրպակները օրինականցնելու քաղաքապետարանի միջոցով և նույն հարցով դիմել եմ նրանց, քաղաքապետարանից ստացել եմ շինթույլտվություն նշված տարածքների համար, սակայն 19 շենքի բնակիչները թույլ չտվեցին շինարարություն կատարեմ, քանի որ բողոքել էին դատարան: Ներկայումս բնակիչները շենքի տակ գտնվող ատամնաբուժարանի հետ պայքար են սկսել իմ դեմ և այդ հողատարածքում  նստարաններ են տեղադրել իբրև թե իրենք այդտեղ հանգստանում են և դա խաղահրապարակ է: Ես ցանկանում էի այդ կրպակների փոխարեն լինի մեծ խանութ, ստեղծեի աշխատատեղեր տարածքի բնակիչների կենսապայմանները բարելավելու համար: Կարծում եմ, եթե այդ տարածքները կանաչ գոտի համարվեր, քաղաքապետարանը դրանք ինձ չէր օտարի, քանի որ այդ տարածքների երկայնքով իրար հարևանությամբ գտնվում են ուրիշ խանութներ»,- գրել է Աշոտ Անդրիասյանը:

Գործը քննող քննիչին` Գայանե Երիցյանին, բավարարել են իր վերցրած ցուցմունքները. նա ևս բոլոր փաստաթղթերը համարել է օրինական` մերժելով քրեական գործի հարուցումը:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը ծանոթացել է ինքնակամ երկու շինությունների` Անշարժ գույքի կադաստրում առկա փաստաթղթին, որի «շենքի բնութագիրը» բաժնում գրված է դրանց կառուցապատման տարեթիվը` 1998թ.:

Հողամասերի օտարման` քաղաքապետարանի ոոշումներում (2009թ. փետրվարի 27 1074-Ա, 2010թ. մարտի 1, 369-Ա) նշված է, որ կառուցապատումն իրականացրած անձը Դմիտրի Անդրիասյանն է: Դմիտրի Անդրիասյանը ծնվել է 1990թ., և ստացվում է, որ կառուցապատման ժամանակ նա եղել է 8 տարեկան: Փաստաթղթերից որևէ մեկը կեղծ է: Իսկ թե որոնք, պետք է որոշի այժմ, դատարանի որոշմամբ, քրեական գործ հարուցած քննչական մարմինը:

Փաստաբանը դիմում է ուղարկել ՀՀ ՔԳվ Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ Ս. Սամվելյանին` «գործի բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ և արդյունավետ քննություն իրականացնելու նպատակով քննչական գործողություններ կատարելու մասին»: Արդեն մոտ չորս ամիս է անցել գործի քննությունից, սակայն մեղադրյալ դեռևս չի առաջադրվել:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter