HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

«Հրազդան» մարզադաշտի հեռանկարում առեւտրի կենտրոնի տեսլականն է

Այն, որ կառավարությունն անփույթ է վերաբերվում սեփական ժառանգությանը, վաղուց արդեն գաղտնիք չէ, սակայն որ կարելի է բացահայտ անտեսել «Հրազդան» մարզադաշտի պես կառույցը` արդեն զարմանալի է: «Հրազդանը» հայ հասարակության սեփականությունն է, եւ մինչ այդ հասարակության ուշադրությունը սեւեռված է ոչ պակաս կարեւոր հրապարակի գմբեթի կամ կաթողիկոսական նստավայրի շուրջ, այն ծածուկ ու մտածված կերպով վերածվում է դամբարանի: 

Եվ Հայաստանը շատ շուտով հրաժեշտ կտա ֆուտբոլային նախկին բումը կրկին վերապրելու տեսլականի գաղափարին, քանի որ մարզադաշտի անվտանգ գործունեությունն ապահովելու համար նախատեսված գոտիում կառուցվում է բարձրահարկ առեւտրի կենտրոն:

«Հրազդան» մարզադաշտին հարող տարհանման գոտում` մոտ մեկ հա մակերես զբաղեցնող տարածքի վրա, կառուցվելու է Աթենքի փ., թիվ 10 հասցեն կրող բարձրահարկ շինություն, որի ճարտարապետահատակագծային առաջադրանքն արդեն հաստատված է այլեւս նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից:

Տարհանման գոտին մարզադաշտը սպասարկող անհրաժեշտ ու անփոխարինելի տարածություն է, որն ապահովում է խաղի ավարտից հետո մարդկանց անվտանգ հեռացումը մարզադաշտի տարածքից:

Համաձայն շինարարական նորմերի եւ կանոնների, որը կոչվում է ՍՆԻՓ, յուրաքանչյուր հազար մարդու անվտանգ տեղաշարժը պահանջում է 0.7-0.9 հա ազատ տարածություն: Հրազդան մարզադաշտը կառուցված է 75,000 մարդու համար, հետեւաբար այն պահանջում է մոտ 5 հա տարհանման տարածք, որտեղ մարդիկ կկուտակվեն, որպեսզի կամաց-կամաց հեռանան:

Ֆուտբոլային բումի խորհրդային տարիներին, երբ «Հրազդանում» հավաքվում էր մոտ 100 հազար մարդ, «Հաղթանակ» կամրջից սկսած` լեցուն էր: Հաշվարկները ցույց են տվել, որ մարզադաշտը դատարկվում էր 7-10 րոպեի ընթացքում, սակայն մարդիկ բուն տարածքից հեռանում էին 1-1.5 ժամվա ընթացքում, որի համար շնչելու եւ ազատ կանգնելու տեղ պիտի լինի: Մարզադաշտի ելքերը, որտեղից մարդիկ դուրս են գալիս, 4 անգամ ավելի շատ են, քան փողոցների քանակը:

Իսկ կանգառները պետք  է ամենաքիչը 500-600 մ հեռու լինեն տարածքից, որպեսզի մեքենաների ու մարդկանց հոսքերը միմյանց չխանգարեն:

Մարզադաշտը` հարակից հողամասերով, ընդհանուր առմամբ` մոտ 14 հա, վարձակալության էր տրված «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ին, որի սեփականատերը Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է: 

Հանրապետության բոլոր մարզադաշտերում խորհրդային կարգերի փլուզումից հետո տոնավաճառներ կազմակերպվեցին, որովհետեւ երկիրը ծանր դրության մեջ էր, աշխատատեղեր չկային, եւ տարածքը պահպանելու համար դրանք տրվում էին վարձակալության, որոպեսզի ժամանակավոր առեւտրից ստացված եկամուտներով մարզադաշտերը պահպանվեին: Հրազդանի տոնավաճառը կազմակերպված է հենց տարհանման գոտում, որը ժամանակավոր բնույթ էր կրում: Այժմ տոնավաճառը քանդվում է` տեղում առեւտրի կենտրոն կառուցելու նպատակով:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ուսումնասիրելով խնդիրը, եզրակացրել է, որ «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում նոր առեւտրի կենտրոնի կառուցումը  անթույլատրելի է. «Մարզադաշտին կից տարածքի գործառնական նշանակությունը փոխելու, այդ տարածքներում արդեն իսկ կառուցված ոչ կապիտալ շինությունների եւ նոր առեւտրի կենտրոնի կառուցմամբ անտեսվում են անվտանգության ապահովման նպատակով առաջադրվող պահանջները, ինչը կխաթարի մարզադաշտի լիարժեք շահագործումը, կխոչընդոտի մարզադաշտից մարդկանց անարգել եւ անվտանգ տարհանմանը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպման, իրականացման եւ հետեւանքների վերացման գործընթացներին»:

«Հրազդանի» սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը «Հետքին» ասաց, որ այդպիսով իրենք փորձում են բացել անվտանգության գոտիները, եւ օգտագործվում է տոնավաճառի տարածքի մի մասը: «Այդ տարածքը չի խանգարում Հրազդան մարզադաշտի գործունեությանը,- ասում է նա,- մասնագետները կնայեն` կամ թույլ կտան, կամ թույլ չեն տա: Մենք ամեն ինչ նախապատրաստել ենք թույլտվություն ստանալու համար, հետո կկառուցենք»:

Թեպետ «Հրազդանի» նշանակությունը ընդգծելու կարիք չկա, սակայն Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ավելորդ չի համարում մեկ անգամ եւս հիշեցնել, որ այս մարզադաշտի պես կարեւոր կառույց Հայաստանը միշտ չէ, որ կարող է ունենալ: «Իսկ երբ այնտեղ 50 հազարանոց հանդիսատես է լինում, պետք է կարողանալ ապահովել մարդկանց տեղաշարժը,- ասում է նա,- մարզադաշտին հարող բոլոր տարածքները անձեռնմխելի տարածքներ են, եւ որեւէ նորմով չի կարելի թույլատրել այլ նպատակների համար օգտագործել դրա ցանկացած մասը»:

Հանրապետական պատգամավորը բոլորին հիշեցնում է, որ Խորհրդային Հայաստանում ապրում էր 3,5 մլն մարդ, իսկ Երեւանում` 1,5 մլն:  «Իսկ ամեն տարի Հայաստան էր գալիս 50 մլն տուրիստից ոչ պակաս մարդ (այո, պատգամավորը նշեց 50 մլն-հեղ.),- ասում է նա,- էսօր էդ թվերը ամբողջությամբ փոխված են, եւ Հրազդան մարզադաշտը նման ծանրաբեռնվածություն չունի»:

Աղաբաբյանն ընդգծեց, որ տոնավաճառի գործունեությունը չի խանգարել այդ ընթացքում միջազգային խաղեր անցկացնելուն: «Էդ ընթացքում ոչ մի խոտան չի եղել մարդկանց շարժի կամ անվտանգության հետ,- հիմնավորում է նա,- այսօր մեկ քառորդն ենք օգտագործում, մնացածը ազատում ենք, հիմա ի՞նչ անեմ, տոնավաճառը ամբողջությամբ վերացնե՞մ»:

Տոնավաճառի սեփականատիրոջ կարծիքով` իր մարտավարությունը չի հակասում հզոր Հայաստան ունենալու տեսլականին, եւ նա կանխագուշակում է հնարավոր տարբերակները, թե ինչպես կլուծվի մարդկանց մեծ հոսքերի տարհանման խնդիրը, երբ Հայաստանը կրկին զարթոնքի ժամանակներ վերապրի:

«Հիսուն տարի հետո Հայաստանը էնքան ուժեղ կլինի ու էնքան մեծ բյուջե կունենա, որ Հրազդանի պես 70 հատ ստադիոն կունենա, եթե այն դառնա ֆուտբոլային»,- ասում է նա:

«Հրազդան» մարզադաշտ, 1973 թ.

Մի քիչ պատմություն

«Վազգեն Սարգսյան» եւ Հայաստանի այլ` Գյումրիի, Աբովյանի մարզադաշտերում կարող են անցկացվել տեղական նշանակության մրցումներ, բայց բարձր մակարդակով մրցումներ անելու համար պայմանները բավարար չեն:

1970 թ. լրանալու էր ՀՍՍՀ 50-ամյակը, եւ երկրի ղեկավարները այդ առիթով ցանկանում էին մեծ սպորտային պալատ կառուցել: Բազմաթիվ առաջարկներից հետո որոշվել է Հրազդանի կիրճում կառուցել մարզադաշտ: «Հրազդանը» կառուցվել է 19 ամսում` 1969-70 թթ. ընթացքում: Նախագծի վրա աշխատել է ճարտարապետների խումբ. Գուրգեն Մուշեղյան, Էդուարդ Թոսունյան, Կորյուն Հակոբյան:

«Հրազդան» կենտրոնական մարզադաշտի կողքին կառուցվել է նաեւ փոքր խաղադաշտ, որը նախատեսված էր լուրջ խաղերից առաջ մարզումներ անցկացնելու համար:

Աշխարհում, սովորաբար, օլիմպիադաներ եւ լուրջ մրցումներ անցկացնելու համար նախատեսված կառույցներն ունենում են  փոքր սպորտային բազաներ, որպեսզի հնարավոր լինի անցկացնել բազմապրոֆիլային մարզական միջոցառումներ:

«Հրազդանի» գործարկումից հետո Հայաստանն ապրեց ֆուտբոլային բումի տարիներ, ու պատահական չէր, որ 1973 թ. Երեւանի «Արարատը» դարձավ ԽՍՀՄ գավաթակիր չեմպիոն:

Երբ 2007 թ. «Հրազդանում» վթար եղավ, կազմված հատուկ հանձնաժողովն ուսումնասիրեց վթարի պատճառը, ինչպես նաեւ ներկայացրեց մարզադաշտն ամբողջությամբ վերանորոգելու համար պահանջվող գումարը:

Պարզվեց, որ արեւելյան տրիբունայի տարհանման ճանապարհներից մեկի վրա փլուզում էր տեղի ունեցել հարթակը վատ խնամելու պատճառով. ջրամեկուսացումը վատ կազմակերպելու հետեւանքով ջուրը ներթափանցել էր, եւ արմատուրան անջատվել էր բետոնից:

«60 հազար նստատեղ ունեցող «Զենիթը» Սանկտ-Պետերբուրգում կառուցվել է 250 մլն դոլարով, 50 հազար նստատեղով «Սպարտակը» Մոսկվայում՝ 150-200 մլն դոլարով, իսկ «Հրազդանի» վերանորոգումը պահանջում է 10 մլն դոլար»,- ասված է հանձնաժողովի եզրակացության մեջ:

1982 թ. Վարշավայում լույս տեսած մի ճարտարապետական ստվարածավալ հանդեսում ներառված են աշխարհում` անտիկ ժամանակներից մինչ այդ գոյություն ունեցող բոլոր սպորտային եզակի կառույցները, որոնց թվում է նաեւ «Հրազդանը»: Ավելին, Հրազդանը պատկերված էր հանդեսի շապիկին:

75,000 տեղանոց մարզադաշտն այն տարիների համար ունեցել է բացառիկ տեխնոլոգիայով աշխատող խաղադաշտ, երբ դաշտի կանաչը սնվում էր ոչ թե վերեւից, այլ ներքեւից:

Սովորաբար մարզադաշտերը ջրվում էին վերեւից, իսկ այս դեպքում խոտի տակ դրենաժային համակարգ էր. երբ ուզում էին ոռոգել, ջուրը բարձրանում էր մինչեւ արմատները, իսկ ավել հեղուկը հեռանում էր, եւ դաշտը մնում էր կանաչ ու չոր, իսկ երբ անձրեւ էր գալիս, ջուրը տակից գնում էր: Այժմ գոյություն ունեն այլ տեխնոլոգիաներ, սակայն այն տարիներին դա եզակի էր ամբողջ աշխարհի համար: 1975 թ. մարզադաշտը ներկայացվում է միութենական մրցանակի, որին հավակնում էր ընդամենը երկու կառույց: Մրցանակը ստացավ Զելինոգրադի Մոսկովսկի ինստիտուտը, իսկ երկրորդ անգամ ներկայացնելու իրավունք չկար, եւ «Հրազդանը» ստացավ ՀՍՍՀ պետական մրցանակ:

Սակայն հետաքրքիր է, որ «Հրազդան» մարզադաշտն ընդգրկված չէ պետության կողմից պահպանվող անշարժ հուշարձանների ցանկում:

1991 թ. Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ հաստատվել է պետության կողմից պահպանվող անշարժ հուշարձանների ցանկը` մոտ 1500 օբյեկտով, որտեղ «Հրազդան» մարզադաշտը եղել է, սակայն այդ որոշումը չեղյալ է հայտարարվել 2000 թ. եւ մինչեւ 2004 թ., երբ հաստատվել է նոր ցանկը` հիմնվելով 1982 թ. ցուցակի վրա, գործել է հենց 1982 թ. ցուցակը` 180-190 կառույցներով, որոնց մեջ «Հրազդանը» չի եղել:

Կառավարության որոշմամբ` կառույցները ցանկում ներառելու հայտ ներկայացնում են իրավաբանական կամ ֆիզիկական անձինք:

Մշակույթի փոխնախարար Ա. Սամուելյանը, գրավոր պատասխանելով «Հետքի» հարցմանը, ասել է, որ ուսումնասիրելով փորձագիտական հանձնաժողովի նիստերի արձանագրությունները` պարզվել է, որ «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի հարցը չի ներկայացվել եւ չի քննարկվել հանձնաժողովում. «Այդ  ժամանակ որեւէ մեկը «Հրազդանը» չի ներկայացրել»:

Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը պատճառաբանում է, որ այն ժամանակ խնդիր է եղել տարիքային որոշակի ցենզ սահմանել, որպեսզի նորակառույցները ցանկում չընդգրկվեին: «Օրինակ է բերվել Ֆրանսիան, որտեղ ընդգրկում էին մինչեւ 50 տարեկան կառույցները, իսկ մեզ մոտ առաջարկվում էր 20-30 տարվա ցենզ»,- ասում է նա:

Նորակառույցների համար եղել են որոշ բացառություններ, երբ ճանաչվել է կառույցի բացառիկությունը: Այդպիսին է, օրինակ, մարզահամերգային համալիրը, սակայն «Հրազդանի» մասին «մոռացել են», եւ այն դուրս է մնացել ցանկից: Թեպետ անհրաժեշտության պարագայում դժվար չէր լինի ցուցակից հանել, ինչպես եղավ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի դեպքում: Ներկայումս գործող ցանկը ներառում է 900 կառույց:

Հավանաբար, այն պատճառով, որ ՀՀ Հողային օրենսգիրքը թույլ չի տալիս հուշարձանի տակի հողը օտարել, «Հրազդանը» «մոռացել են» ներկայացնել ցանկի հաստատման ժամանակ:

Որովհետեւ հենց նույն՝ 2004 թ. հուլիսի 22-ի կառավարության որոշմամբ` «Հրազդան» մարզադաշտը ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցվել է գույքը վարձակալող ձեռնարկությանը:

Կառավարության որոշման մեջ նշված է, որ Հրազդան մարզադաշտի հաշվեկշռային գնահատված արժեքը մոտ 350 մլն դրամ է, սակայն այն մասնավորեցվել է 88 մլն դրամով:

Գույքը մարզադաշտը վարձակալող ձեռնարկությանը տրվել է 5 տարվա ընթացքում 2 մլն դոլարին համարժեք դրամի չափով ներդրումներ կատարելու պայմանագրով: Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի փոխանցմամբ` ներդրումն ամբողջապես կատարվել է:

Դրանից հետո այս տարի` հողի վարձակալման պայմանագրի եւ Երեւանի քաղաքապետի որոշումների հիման վրա, տրվել է տոնավաճառների քանդման թույլտվություն, ընդհանուր 14 հա տարածքից անջատվել է մոտ 1 հա, ավելի կոնկրետ՝ 10147 քմ մակերեսով տարածք, փոխվել է այդ տարածքի գործառնական նշանակությունը եւ կառուցապատման իրավունքով տրվել «Եվրոպարկ առեւտրի կենտրոն» ԲԲԸ-ին (միակ բաժնետերը Աշոտ Աղաբաբյանն է), որն էլ պատրաստվում է իրականացնել եռահարկ առեւտրի կենտրոնի կառուցումը: 

Այս տարածքում կկառուցվի Աշոտ Աղաբաբյանի առեւտրի կենտրոնը

Ինչպես են օրինականացվում անօրինականությունները

Տարածքը զբաղեցնող հողամասը, որտեղ կառուցվելու է առեւտրի կենտրոնը, Երեւանի քաղաքապետարանի 01.03.06 թ. որոշմամբ ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ եւ կարող է մասնավորեցվել  սեփականության իրավունքով: Սեփականության վկայականի գրանցումը կատարվել է Կենտրոնի կադասատրում 04.05.2011թ.` առանց տեղազննման:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասում է, որ այդ հողը վաճառելու իրավունք չունեին, որովհետեւ ի սկզբանե այն տրված է եղել վարձակալության: «Գոտեւորման նախագիծը երբ կազմվել է, ամրագրվել է, որ այդ տարածքը մարզական համալիրի տարածք է եւ այլ գործառնական ֆունկցիա չի կարող ունենալ,- ասում է նա,-  եւ եթե այդ ընթացքում գործողություն է կատարվել, որի ընթացքում այդ տարածքից հողամաս է վաճառվել, եւ հողի գործառնական նշանակությունը փոխվել է, դա օրենքի խախտում է»:

Քալաշյանն ասում է, որ քաղաքապետարանը, ամենայն հավանականությամբ, արել է Բրազիլիայի հրապարակի կառուցապատման ֆոնին` Բրազիլիայի դեսպանատուն կառուցելու պատրվակով, եւ անտեսելով գոտեւորման նախագիծը` որոշել է կառուցապատել այդ հատվածը: «Գոտեւորման նախագծով այդ տարածքը թողնված էր որպես մարզական համալիր,- ասում է նա,- իսկ այդ հրապարակը ես ամբիցիոզ եմ անվանում, որովհետեւ այդպիսի հրապարակ գոյություն չունի»:

Բրազիլիայի հրապարակը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղու եւ Աթենքի փողոցի հատման հատվածում` Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ: Այն անվանակոչվել է 2000 թ.:

Չափազանց հետաքրքիր փաստ է, որ տարհանման գոտում առեւտրի օբյեկտ կառուցելու թույլտվություն է տրվում այն դեպքում, երբ ամբողջ 14 հա տարածքը գոտեւորման նախագծով հստակ նշված է որպես մարզական նշանակության հող` ամրագրված 2004 թ. Երեւանի քաղաքապետի որոշմամբ տրված հողհատկացման հիման վրա: Այս տեղեկությունը «Հետքին» փոխանցեց «Երեւաննախագիծ» ինստիտուտը, որը 2007 թ. կատարել է Երեւան քաղաքի կենտրոնի գոտեւորումը:

 «Հետքն» այդպես էլ չկարողացավ մեկնաբանություն ստանալ Երեւանի քաղաքապետարանից: «Ե՞րբ եւ ինչի՞ հիման վրա է փոխվել Հրազդան մարզադաշտի տարածքում ներառված` մարզադաշտի տարհանման տարածքի գործառնական նշանակությունը» հարցին քաղաքապետարանի հասարակայնության բաժինը փոխանցեց ճարտարապետական բաժնի պատասխանը, որը ոչ մի կապ չուներ մեր հարցադրման հետ:

«Մարզադաշտի  ավտոկանգառների եւ տարհանման կազմակերպմանը վերաբերող, ինչպես նաեւ  տոնավաճառի վերակառուցման խնդիրները ներառված են  առաջիկա օրերին տեղի ունենալիք  Երեւանի քաղաքաշինական խորհրդի նիստի օրակարգում»,- ասված էր պատասխան նամակում:

1982 թ.-ից հետո Երեւանի գոտեւորման նախագիծ արվել է 2007 թ.: Պետական բյուջեից ծախսվել են միլիոնավոր դրամներ, սակայն Սաշուր Քալաշյանի խոսքով` այսօրվա մշակած գոտեւորման նախագծերը գործնականում պիտանի չեն, որովհետեւ օրենսդրական դաշտում կատարվել են փոփոխություններ եւ օրինակացվել են այնպիսի բաներ, որոնք չպետք է օրինականացվեին:

Գոտեւորման նախագիծն արվում է քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա, որտեղ հստակորեն սահմանվում են հասարակական օգտագործման կանաչ գոտիները, արդյունաբերական նշանակության հողերը, հեռանկարային մայրուղիները եւ այլն: Հետո դրա հիման վրա մանրամասնում են, թե ինչ կարգի արդյունաբերական շենքեր կարող են նախագծվել, նախագծվում են բնակելի թաղամասերը, դրանց խտությունը, հարկայնությունը եւ այլն:

Գլխավոր հատակագիծն արվում է 10-15 տարվա, իսկ գոտեւորումը` 5-10 տարվա հեռանկարով: Այդ տարիների ընթացքում, եթե  ինչ-որ փոփոխություններ են առաջանում, հարկ է լինում վերանայել գոտեւորման նախագիծը:

«Փոխելու համար այն պետք է մտնի կառավարություն, սակայն փոխել կարելի է պետական նշանակության խնդիրներ, մանր-մունր խնդիրները փոփոխման ենթական չեն,- մեկնաբանում է Սաշուր Քալաշյանը,- իսկ մեր մոտ գոտեւորման նախագծի փոփոխության հիմնական շահարկումը կամայական հիմքի վրա է: Ինչ-որ մեկին պետք է լինում, որ կանաչ գոտու վրա կառուցված անօրինական օբյեկտը օրինականացնի, եւ նա հարցը սրում է այն աստիճան, որպեսզի այն վերանայվի, որովհետեւ ըստ գոտեւորման նախագծի՝ այդ հատվածում այդ կարգի կառույց չպետք է լիներ, եւ եթե այն արդեն կառուցված է, ապա դա ֆիքսվում է որպես կանաչ գոտու մեջ կառուցված օբյեկտ, որը հեռանկարում պետք է քանդվի, իսկ օբյեկտի տերը իր լծակներն օգտագործում է, որպեսզի գոտեւորման նախագիծը վերանայվի, եւ իր օբյեկտը օրինականացվի»:

Քաղաքաշինության մասին օրենքով ապօրինի շինարարությունն արգելված է, բայց երկու տարին մեկ` կառավարության որոշմամբ եւ ԱԺ վավերացմամբ, բազմաթիվ ապօրինի շինություններ են օրինականացվում:

«Եվ դա գլխավոր հատակագծի հերն անիծում է,- ասում է  Քալաշյանը,- իսկ այդ ամենը լինում է ՏԻՄ-երի որոշմամբ, օրենքը չի ճանաչում ՏԻՄ կամ քաղաքի գլխավոր ճարտարապետ հասկացությունը, եվրոպական ոչ մի երկրում գլխավոր ճարտարապետ չկա, դա սովետական կարգերից մնացած ատավիզմ է, որը հիմնված էր մենաշնորհային ինստիտուտի վրա. սովետի ժամանակ պետությունը մենաշնորհային դեր ուներ, հիմա մենք անցանք ուրիշ համակարգի, բայց դա մնաց: Հենց ՏԻՄ-երի որոշմամբ են հողահատկացումներ արվում»:

Քալաշյանը հստակեցնում է. գոտեւորման նախագիծը օրենսդրական ուժ ունի:

«Քաղաքաշինական փաստաթուղթը` գոտեւորման նախագիծը, առեւտրի առարկա լինել չի կարող,- ասում է նա,- բայց պարզվեց, որ այդ փաստաթղթերը մնացին դարակներում, որովհետեւ դրանք խանգարում են քաղաքապետարանին: Ու որպեսզի համաձայնեցնեն հակասող փաստաթուղթը օրենքին, քաղաքաշինությունը մեղսակից դարձրին օրինախախտումներին»:

Եվ հենց այս բոլոր օղակների միջամտությամբ եւ ակտիվ մասնակցությամբ էլ, հավանաբար, տեղի է ունեցել այդ 1 հա հողի ֆունկցիոնալ փոփոխությունը: Որովհետեւ Աշոտ Աղաբաբյանը հստակ ընդգծեց. «Ես առանց օրենսդրական դաշտի եւ առանց թույլտվության ոչ մի բան չեմ կառուցում: Եթե քաղաքապետը թույլտվություն է տալիս, ինքն է որոշում կայացնում»:

Սաշուր Քալաշյանի կարծիքով` քաղաքապետարանի այս որոշմամբ  մարզադաշտը «մեռցվում» է: «Եթե 70 հազար մարդ տարհանելու տեղ չլինի, դա նշանակում է, որ մարզադաշտը որպես այդպիսին պետք չի լինի, եւ հարց կդրվի քանդելու,- ասում է նա,- եւ վաղը չէ մյուս օրը ինքը (նկատի ունի Աղաբաբյանին - հեղ.) կասի՝ էվակուացիայի տեղ չկա, ես էս մարզադաշտը էլ չեմ կարում շահագործել, դուք եք թույլտվություն տվել, ես էլ սարքել եմ, չտայիք` չսարքեի»:

Ամբողջ խնդիրն այն է, որ մարզադաշտը չի պատկանում որեւէ սպորտային ակումբի, այդ պատճառով գերիշխող է դառնում առեւտուրը: Իսկ Հայաստանում գործող ֆուտբոլի ակումբները լուրջ սպորտային բազաներ չունեն: Պատասխանելով «Հետքի» հարցին, թե ինչու «Հրազդանում» չեն անցկացվում մեծ ֆուտբոլային խաղեր այն դեպքում, երբ «Վազգեն Սարգսյան» մարզադաշտում անցկացվող խաղերի ժամանակ տոմսերի արժեքը սեւ շուկայում հասնում է 50-60 հազար դրամի, Աղաբաբյանն ասաց, որ հարցը պետք է ուղղել «ֆուտբոլի կազմակերպիչներին»:

Իսկ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մի քանի առիթով նշել է, որ «Հրազդանը» սեփականություն է, եւ ֆուտբոլային հասարակությունը պետք է հենց սեփականատիրոջից պահանջի խնդրի լուծումը:

««Հրազդան» մարզադաշտն այսօր նպատակային չի օգտագործվում,- ասուլիսներից մեկում ասել է նա,- սեփականատերը օգտագործում է միայն գերշահույթ ստանալու համար, իսկ մարզադաշտը վերանորոգելու եւ այն հայ ֆուտբոլասեր հանրությանը «նվիրելու» մասին խոսք անգամ լինել չի կարող: Դե, ինչո՞ւ պետք է վերանորոգի, եթե մարզադաշտն այս վիճակում էլ մեծ եկամուտի աղբյուր է»:

Ռուբեն Հայրապետյանը «Հետքին» խոստացել է հարցազրույց տալ, որտեղ մանրամասն կհստակեցնի իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ, ինչպես նաեւ կներկայացնի մարզադաշտին ներկայացվող միջազգային պահանջները:

Այժմ, երբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթանակներ է տոնում Եվրոպայի առաջնությունում, երբ կրկին ֆուտբոլային բումի ժամանակներ են, հայ ֆուտբոլասեր հանրությունն ու, ընդհանրապես, երեւանցին պետք է տեր կանգնի իր սեփականությանն ու պահանջի սեփականատիրոջից մարզադաշտը ծառայեցնել իր նպատակին:                       

Մեկնաբանություններ (5)

armen
vonc haskaca mer futboli federacai naxagahi ashkn hrazdan stadioni vraya vor chi toghum xagher anckacvi himael arestakanoren joghovrdin ugharkuma vor hasni ira npatakin
VOVA
PASTOREN STACVUM E VOR TONAVACHARI STACVAC GUMARI @NDAMEN@ 5% E DRVUM MARZADASHTI VERANOROGMAN HAMAR,,,TESNES VOR XELOKN A NMAN PAJMANAGIR KNKEL ?
VARDAN
PETAKAN GERAKA SHAHI HAMAR MARDKANC TNERIC HANUM EN,,,CHEN KAROX VOROSHUMOV PAKEN TONAVACHAR@ ? MORACA ARJEVUM @NTRUTUNNER EN ISK AGABABYAN@ SAHAKYANNER@ AVEL SHAT EN PETK KAN KAN MARZADASHT@ JOXOVRDIN....
Armine
https://www.facebook.com/pages/%D5%80%D6%80%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%A1%D5%A4%D5%A1%D5%B7%D5%BF/282751615098680
GEGHAM
Cavali e vor nman karujcum sportain mijocarumner texi chi unenum,,,,Jamanakin grum ein vor tonavachari gumarneri mi masov petk e veranorogver dasht@,,,,88 miln dramov haziv mi kargin bnakaran arnes,isk mer ishxanavorner@ petakan unecvack@ nver en talis...............AMOT

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter