HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Օրենքի հետ «խաղ»՝ հօգուտ պատգամավորի կամ ի վնաս սովորական մարդու

Երբ Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվեց քրեական պատասխանատվության ենթարկել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը դիմեց դատարան՝ պահանջելով պարտավորեցնել պատգամավորին վիրավորելու համար իրենից ներողություն խնդրել եւ վճարել 1 մլն դրամի փոխհատուցում:

Հիշեցնենք՝ լրագրող Բալասանյանը հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով զանգահարել էր պատգամավոր Հայրապետյանին: Վերջինս, սակայն, լրագրողին անվանելով «տգետ»՝ հեռախոսն անջատել էր: Գրիշան երկրորդ անգամ էր զանգել պատգամավորին, որպեսզի ճշտի իրեն վիրավորելու պատճառը: Ռուբեն Հայրապետյանն էլ, երբ տեղեկացել էր, որ հեռախոսազրույցը ձայնագրվում է, սկսել էր սեռական բնույթի հայհոյանքներ տալ, հետո ավելացրել էր՝ «լավ արեցի», ու շարունակել էր հայհոյել:

Սկզբում առաջին ատյանը, մոտ 20 օր առաջ էլ վերաքննիչ դատարանը Գրիշա Բալասանյանի հայցը մերժեցին: Դատավորները հիմնավորել են, թե ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ եւ 1087.1-րդ հոդվածներով սահմանված է, որ վիրավորանքն անձի պատիվը եւ արժանապատվությունը արատավորող հրապարակայնորեն կատարված արտահայտությունն է:

Այսինքն՝ ոչ հրապարակային վիրավորանքի համար մեր օրենսդրությամբ պատասխանատվություն նախատեսված չէ: Իսկ քանի որ պատգամավորը լրագրողին հրապարակային չի վիրավորել, «դատարանն էլ չի կարող օրենքով չնախատեսված պարտականություններ սահմանել պատասխանողի, տվյալ դեպքում՝ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ»:

Մի կողմ թողնելով լրագրողի ներկայացուցչի՝ փաստաբան Վահե Գրիգորյանի իրավական հիմնավորումները, թե ինչու էր դատարանը պարտավոր հայցապահանջը բավարարել, անդրադառնանք Քաղ. օր.-ի 19-րդ եւ 1087.1-րդ հոդվածներով մեր ներպետական ատյաններով անցած մեկ այլ գործի:

Մարուսյա Դանիելյանն անցյալ տարվա սեպտեմբերին դիմելով դատարան՝ հայտնել է, որ իր դուստրը՝ Արեւիկ Ասրիյանը, շուրջ մեկ տարի է՝ հետեւողականորեն, հրապարակայնորեն իրենց հարազատների, համագյուղացիների ու տարբեր մարդկանց շրջապատում զրպարտում է իրեն ամենանողկալի, ստոր մեղադրանքներով, որով արատավորում ու վիրավորում է իր պատիվն ու արժանապատվությունը:

Դանիելյանը հայցադիմումին կից դատարան է ներկայացրել նույնաբովանդակ, իր ձեռագրով գրված հայտարարություններ, որոնցից մեկը ստորագրել է Ռայան, մյուսը՝ Էվելինան: Դրանցով վերջիններս հաստատել են Արեւիկի կողմից մորը վիրավորելու եւ զրպարտելու հանգամանքը:

Սակայն հետագայում Ռայան նոր հայտարարություն է տվել, դատարանում էլ պատմել է, որ առաջին հայտարարությունը ստորագրել է առանց կարդալու՝ հիվանդ ժամանակ: Իսկ Էվելինան, պարզվել է, հայցվորի եղբոր կինն է, բացի այդ՝ որդեգրել է Դանիելյանի քրոջ աղջկան, հետեւաբար շահագրգռված էր բացատրություններ տալ վերջինիս օգտին:

Մարուսյա Դանիելյանը դատարան է ներկայացրել նաեւ էլեկտրոնային նամակի տպագիր տարբերակը՝ գրված Արեւիկի կողմից, ուղղված վերջինիս փոքր քրոջը: Թե ինչպես է այս անձնական նամակը հայտնվել հայցվորի մոտ, եւ ինչ տրամաբանությամբ է դատարանն այն դիտարկել իբրեւ ապացույց, բոլորովին այլ թեմա է: Նամակում Արեւիկը քրոջը պատմել է իրենց մոր բարոյական բացասական վարքագծի մասին:

«Գործի նյութերով եւ ներկայացված ապացույցներով հաստատվում է, որ Արեւիկ Ասրիյանն ընդամենը 3 անգամ (մեկ անգամ Ռայայի եւ մեկ անգամ Էվելինայի հետ առանձնազրույցներում, մեկ անգամ էլ՝ քրոջն ուղղված էլեկտրոնային նամակում) է պատմել մոր վերաբերյալ պատմությունները, որոնց ընթացքում միշտ էլ բացահայտել է ինֆորմացիայի աղբյուրը: Դրանք նա լսել է մեծերից՝ պապուց, տատուց, հորեղբայրներից, նրանց կանանցից եւ մեծ քրոջից»,- վճռաբեկ բողոքում նշել է Արեւիկի փաստաբան Գեւորգ Գեւորգյանը:

ՀՀ Քաղ. օր.-ի 1087.1 հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ «անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալներն այլ անձի հրապարակային ելույթի բովանդակած տեղեկության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, եւ դա տարածելիս հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին)»: Ստացվում է, որ եթե նույնիսկ Արեւիկի կատարածը վիրավորանք կամ զրպարտություն դիտվի, այնուամենայնիվ, վերջինս պատասխանատվությունից ազատվում է:

Մյուս կողմից՝ փաստաբանը նկատել է, որ «գործում գտնվող ապացույցներով՝ Արեւիկ Ասրիյանը ոչ թե հրապարակայնորեն, այլ առանձնազրույցների ժամանակ է պատմությունները պատմել բարեկամներին, եւ ոչ թե բաց նամակ է զետեղել ինտերնետում, այլ էլեկտրոնային փոստով անձնական նամակագրություն է ունեցել քրոջ հետ»:

Այսինքն՝ Արեւիկի գործողություններում, ըստ փաստաբանի, բացակայում է «վիրավորանքը» եւ «զրպարտությունը», քանի որ «անձի պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանվում է Քաղ. օր.-ի 19 եւ 1087.1 հոդվածներով, որոնցով վիրավորանքի եւ զրպարտության որակման համար ուղղակիորեն նախատեսված է այն հրապարակային եղանակով կատարված լինելու անհրաժեշտությունը»:

Գեւորգ Գեւորգյանը պաշտպանել է նաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի շահերը: Բայց եթե այս դեպքում նրա վերոնշյալ դիտարկումները դատավորների կողմից աներկբայորեն ընդունվել են, ապա երկրորդ գործով, երբ կողմերը սովորական մարդիկ են, դատավորներից ոչ ոք դրանք հաշվի չի առել: Գործը հասել է Վճռաբեկ դատարան, ու որեւէ բան այդպես էլ չի փոխվել: Վճռվել է, որ Արեւիկը մորը վիրավորելու եւ զրպարտելու համար պետք է նրանից գրավոր ներողություն խնդրի եւ վճարի փոխհատուցում՝ 2 մլն դրամի չափով:

Մեկնաբանություններ (1)

mahmouzian
because they crooks.sono maledeto.ce sont des musician,ce sont des maledetot.that why.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter