HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական ոչ մի կառույց տեղյակ չէ, թե քանի անօթևան կա երկրում

44-ամյա Սեդրակ Ջիլավյանն արդեն 15 տարի է` բնակվում է Հրազդանի կիրճում գտնվող քարե շինությունում։ Սեդրակի մի քանի քառակուսի մետրանոց այդ «բնակարանում» առանց ներքնակի երկաթյա մի մահճակալ կա, մի վառարան, երկու աթոռ, մեկ սեղան և մի քանի սրբապատկեր։ Տարածքում լուսավորություն չկա. մի մոմ է, որի միակ «հնարավորությունը» կիսախավար միջավայրի ապահովումն է։

Սեդրակը 15 տարի առաջ կնոջ հետ բնակվում էր Ռուսաստանում։ Պատմում է, որ կնոջը լքել և վերադարձել է Հայաստան, որի համար զղջում է, զրույցի ընթացքում անընդհատ ասելով. «Իզուր եկա, պիտի մնայի...»։

Կնոջն ասել է՝ գնում է Մոսկվա գործի համար փայտ բերի, բայց ավտոբուսով Հայաստան եկել։ Երեխաներ չունի, Լեռնային Ղարաբաղում բնակվում է մայրը, որի մոտ չի ցանկանում գնալ, միայն հեռախոսազրույցներ են ունենում։

Սեդրակի օրը սկսվում է կիրճին կից Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող պատարագով, այնուհետ վերադառնում է տուն։ Ձմռան այս ամիսներին պատարագից հետո վերադառնալով` պառկում է քնելու, քանի որ դրսում ցուրտ է, իսկ ներսում էլ վառելու փայտ չունի:

Տարիներ առաջ կաթված է ստացել, աջ ձեռքը գրեթե անզգայացել է, գլուխը, ողնաշարն ու ոտքը վիրահատված են։ Ասում է՝ իր ունեցած հիվանդությունների պարագայում նման ցուրտ պայմաններն արգելվում են, բայց, իր խոսքով, Աստծո կամոք, դեռևս շարունակում է ապրել։

Զրույցի ընթացքում մեզ է դիմում՝ խնդրելով, հնարավորության դեպքում, մի փոքր սեղան բերել, որպեսզի իր ունեցած փայտե մեծ սեղանը կարողանա կոտրել և մի շաբաթ տաքանալ։ Չնայած կիրճում շատ ծառեր կան, բայց չի էլ մտածում դրանցից մի ճյուղ կտրելու և վառելու մասին։

«Աշխատանք էի ման գալիս, ասեցի՝մի հատ գործ գտնեմ, մի հատ զբաղմունք, գոնե մի բանով զբաղվեմ, մարդիկ ասում են՝ դու կես մարդ ես, ախպեր ջան, դու չես կարա աշխատես, դու հիվանդ ես։ Չեն տալիս գործ, ինձ օգնում են, բայց ըտենց մինչև ե՞րբ։ Որ մի հատ գործ տան, մի բանով զբաղվեմ, այ տենց լավ կլինի»,-ասում է Սեդրակը։

Պետական ոչ մի մարմին տեղյակ չէ, թե հանրապետությունում քանի անօթևան կա։ Հանրապետությունում քանի՞ անօթևան կա հաշվառված հարցմանն ի պատասխան ոստիկանությունը ուղղորդել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից էլ, սակայն, հայտնել են, որ նախարարությունը հանրապետությունում անօթևան մարդկանց թվաքանակի և նրանց վերաբերող որոշ հարցերի վերաբերյալ ստույգ տեղեկատվության չի տիրապետում։

Նախարարությունը միայն տիրապետում է այն անօթևանների տվյալներին, ովքեր ապաստանել և ծառայություն են ստացել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի և Երևանի N 1 տուն-ինտերնատին կից անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանում (վերջինս գործել է 2006-2014թթ-ին, այնուհետ՝ ծրագիրը փոխանցվել է բարեգործական հիմնադրամին):

Այդ պատճառով նախարարությունը միայն անօթևանների տվյալներ է դիտարկել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամում հաշվառվածներին, սակայն դրանք ամբողջական չեն, քանի որ երևանյան փողոցներում դեռևս կան անօթևաններ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ անօթևանների ժամանակավոր այդ կացարանում վերջին տվյալներով բնակվում է 106 անօթևան։ Ամենամեծ թվաքանակով՝ 199 անօթևան, այս կացարանն ընդունել է 2014 թվականին։

5 տարվա ընթացքում «Հանս Քրիստիան Կոֆոեդ» և Երևանի N 1 տուն-ինտերնատի կացարաններում  ապաստանած ավելի քան 1000 անօթևան մարդկանցից շուրջ 650-ը եղել են Երևանից, իսկ մնացածը՝ մարզերից։

Այժմ այդ միակ կացարանում բնակվող 106 անօթևաններից 89-ը, մինչև 65 տարեկան է, 8-ը՝ 65-ից բարձր տարիքի։ 65-ից բարձր այդ ութ անօթևանների փաստաթղթերն էլ նախապատրաստվում են՝ համապատասխան խնամքի հաստատություններ տեղափոխելու համար։

«Հանս Քրիստիան Կոֆոեդ»-ի կացարանում բնակվող 106 անօթևաններից 66 տղամարդ է, 40-ը՝ կին։ 106 բնակվողներից 19-ը հաշմանդամություն ունեն, որոնց համար ևս նախապատրաստավում են համապատասխան փաստաթղթեր՝ խնամքի հաստատություններ տեղափոխելու համար։

Անօթևանների կացարան մարդկանց հոսքն առավել մեծ թվաքանակով լինում է ձմռան ամիսներին, որով նրանք փորձում են խուսափել  ցրտահարությունից։ Չնայած ձմռան ամիսներին մամուլում դեռևս հրապարակվում են տեղեկություններ անօթևանների ցրտահարության և դրա հետևանքով մահացության դեպքերի մասին։

Սակայն առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ բժշկական հաստատություններից  անօթևանների ցրտահարության դեպքերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ չեն հավաքագրվում, քանի որ, նրանց փոխանցմամբ, գործող հաշվետվության ձևերով տվյալ հիվանդության վերաբերյալ տեղեկատվություն չի պահանջվում։ Անօթևանների ցրտահարության դեպքերի, անդամահատումների մասին տեղեկատվություն ճշգրտելու համար նախարարությունը մեզ ուղղորդեց  Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, սակայն այնտեղից էլ հայտնեցին, որ նրանք ևս չեն տիրապետում այդ տեղեկատվությանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը ևս չի թաքցնում, որ իրականում հանրապետությունում 106-ից ավել անօթևան կա, սակայն պնդում է, որ ոստիկանությունը պետք է հավաքագրված ունենա անօթևանների քանակային տվյալները։ Կարծում է՝ անօթևանների խնդիրը կարգավորելու համար պետք է հանրապետության մարզերում և համայնքներում ևս ստեղծվեն անօթևանների ժամանակավոր կացարաններ, որպեսզի նրանք մնան նաև մարզերում։

«Ես չեմ ասում, թե անօթևանների խնդիրը պետական չէ, պետությանը չի հետաքրքրում, սակայն առավել ճիշտ կլիներ, որ համայնքային ծառայություններ լինեին, իսկ անօթևանները հիմա որ «Հանս Քրիստիան Կոֆոեդ»-ի կացարանում ապրում են, բոլորը Երևանի բնակիչներ չեն։ Եթե մարզերում մարզային իշխանությունները նաև իրենց մոտ ստեղծեին փոքր կացարաններ, այդ մարզի բնակիչը չէր գա Երևան, մնար փողոցում, ու ստիպված լինեինք Երևանի կացարանում նրան տեղավորել։ Մոսկվայում անօթևանների համար 1000-ից ավել գիշերակաց տներ կան, իսկ ամբողջ Հայաստանում մենակ մի կացարան է։ Դրա համար էլ խնդիրը սենց սրվել է»,-ասում է նա։

2015 թվականին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանը անօթևանների համար նախատեսված բաշխիչ-ախտորոշիչ կենտրոն ստեղծելու առաջարկ էր ներկայացրել, որը, սակայն, չիրականացավ ֆինանսական խնդիրների՝ մասնավորապես դոնորների բացակայության պատճառով։ Անահիտ Գևորգյանը այդ նախագծի ներկայացումը պայմանավորում է այն հանգամանքով, որ նախկինում խնդիրներ էին առաջանում, երբ հոգեկան խնդիրներ ունեցող անօթևանը  մնում էր փողոցում, քանի որ ոստիկանները նրան չէին տեղափոխում հատուկ կենտրոններ, իսկ նախարարությունն էլ նրանց միանգամից չէր կարող տեղափոխել կացարան, քանի որ կարող էին այլ անօթևանների համար վտանգ ներկայացնել։

Բաժնի պետի խոսքով՝  նման պարագայում նրանց պետք է տեղափոխեին հիվանդանոց, ախտորոշեին, բուժեին, որից հետո տեղավորեին համապատասխան հաստատությունում։ Մանրամասնում է, որ կառավարության հավանության արժանացած այդ նախագծի համաձայն, այդպես էլ պետք է լիներ, քանի որ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» կացարանին կից պետք է ստեղծվեր 10 տեղանոց ընդունիչ-ախտորոշիչ կենտրոն, որտեղ կաշխատեր հոգեբույժ և, ոստիկանության հետ համագործակցելով, անօթևաններին փողոցից կբերեին այնտեղ, կախտորոշեին նրանց առողջական վիճակը, այնուհետ, եթե տեսնեին հոգեպես առողջ է, կպահեին կացարանում, իսկ հակառակ պարագայում կտեղափոխեին հոգեբուժական հիվանդանոց։

«Այս նախագծի իմաստն այն էր, որ ախտորոշեր անօթևանի ընդհանուր վիճակը և տեսներ՝ ինքը ուր պետք է գնա։ Չնայած մենք այդպես հարուստ և բազմաշերտ ծառայություններ չունենք, որ կարողանանք տարանջատված՝ ըստ տարբեր կարիքների պահենք։ Մեր ունեցածն այդ մեկ կացարանն է ու մի խնամքի հաստատություն»,-ասում է Անահիտ Գևորգյանը։

Նրա դիտարկմամբ՝ թեև այս նախագիծը «կյանքի չկոչվեց», դրա փոխարեն  ձմռան ամիսներին կացարանի հետ պայմանավորվել են, որ յուրաքանչյուր դիմող անօթևանին անհապաղ կընդունեն։ Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանին ևս խնդրել են, որ հոգեկան խնդիր ունեցող անօթևանին, եթե փողոցից տեղափոխեն հիվանդանոց, անմիջապես ընդունեն, ախտորոշեն՝ տեսնելու համար ինչ հաստատություն նրան պետք է տեղափոխեն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հետք»-ը նաև այցելել էր Հայաստանում գործող անօթևանների կացարան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter