HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պղինձը թանկացել է ու մեծ ազդեցություն ունեցել ՀՀ արտահանման վրա

Այս տարի պղնձի համաշխարհային գները շարունակել են աճել, ինչը զգալի դրական ազդեցություն է ունեցել ՀՀ արտահանման վրա։

Ընդհանուր առմամբ 2016 թվականի ամբողջ ընթացքում, հատկապես տարեվերջին, գները հիմնականում աճի միտում են ունեցել։

Իսկ այս տարվա հուլիսից հետո աճի բարձր տեմպ է նկատվում։ Ըստ Լոնդոնի մետաղների բորսայի ներկայացրած տվյալների՝ այս օրերին պղնձի մեկ տոննայի միջին գինը 6900 դոլարի սահմաններում է։ Սա 2014թ.-ի հոկտեմբերից այն կողմ գրանցված ամենաբարձր մակարդակն է։

Ինֆոգրաֆիկաներից առաջինում վերջին տասը տարիների պատկերն է, որն ավելի վաղ ևս ներկայացրել ենք։ Իսկ երկրորդում վերջին մեկ տարվա պատկերն է, որտեղ ավելի պարզ է երևում այս տարվա գնաճը։

Հայաստանի համար պղնձի գնային տատանումները չափազանց մեծ նշանակություն ունեն։ Պղնձի խտանյութն այս տարի էլ մեր արտահանման կազմում առաջատարն է։ Իսկ դրա թանկացումը միջազգային շուկայում բարձրացնում է արտահանման արժեքն ու լրացուցիչ եկամուտներ ապահովում։ Այլ խոսքով՝ դա տնտեսական առումով միայն օգուտ է Հայաստանին։ ՀՀ կառավարությունն ու պղինձ արդյունահանող ընկերությունները, ինչպես երևում է, չեն հապաղել և հնարավորինս օգտվել են այս իրավիճակից։ Այս տարվա առաջին կիսամյակում պղնձի խտանյութի արտահանումն աճել է մեծ տեմպով, ինչն էլ զգալի ազդեցություն է ունեցել արտահանման ընդհանուր աճի վրա։ Եվ դա ոչ թե Կառավարության գործունեության արդյունավետության, այլ՝ համաշխարհային շուկայում նպաստավոր իրավիճակի արդյունքն է։ Այնպես որ, արտահանման աճի մասին խոսելիս  (իսկ այդ մասին առավել շատ խոսում են վարչապետ Կարեն Կարապետյանն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը) պետք է նշել, որ դրա վրա մեծ ազդեցություն ունեն արտաքին գործոնները։ Այլապես, կառավարությունն արտաքին գործոններին հղում է անում միայն անկումների ժամանակ։

Իսկ հիմա այս ամենի մասին՝ թվերով։

Արտահանումն աճել է 172 մլն դոլարով, որի կեսը՝ միայն պղնձի հաշվին

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ այս տարվա առաջին կիսամյակում ապրանքների արտահանումը Հայաստանից կազմել է շուրջ 994 մլն ԱՄՆ դոլար, որը 2016թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է շուրջ 172  մլն դոլարով (կամ  21%-ով)։

Նույն ընթացքում, ըստ ՀՀ մաքսային ծառայության, Հայաստանից արտահանվել է 248 մլն դոլար մաքսային արժեքով պղնձի հանքաքար և խտահանք։ 2016թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 88 մլն դոլարով (կամ 55%-ով):

Այսպիսով, ստացվում է, որ տարվա առաջին կեսին արտահանումն աճել է 172 մլն դոլարով, որից 88 մլն դոլարը կամ 51%-ը՝ միայն պղնձի արտահանման հաշվին է գրանցվել։ Այսինքն՝ արտահանման աճը առնվազն կիսով չափ պայմանավորված է արտաքին շուկայում պղնձի թանկացմամբ և զուգահեռաբար Հայաստանի ընդերքը դատարկելով:

Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների

Այն, որ թանկացումը մեծ ազդեցություն է ունեցել, ապացուցվում է նաև նրանով, որ առաջին կիսամյակում պղնձի խտանյութի արտահանման ֆիզիկական ծավալներն ավելի փոքր տեմպով են աճել, քան մաքսային արժեքը։ Արտահանվել է 222 հազ. տոննա խտանյութ՝ 20%-ով ավելին, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում։

Իսկ նախորդող տարիներին, օրինակ՝ 2016-ին, երբ պղնձի գներն ընդհանուր առմամբ ավելի ցածր մակարդակում են եղել, մեր հանքարդյունահանողները ավելի ինտենսիվ են դատարկել ընդերքը՝ ֆիզիկական ծավալների ավելացման հաշվին ավելացնով ընդհանուր արժեքը։ Սա էլ ՀՀ արտահանման անառողջ երևույթներից մեկն է։ Դեռևս ամիսներ առաջ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ հանդիպմանը «Հետք»-ը հարց ուղղեց նախարարին դրա վերաբերյալ՝ արդյոք արժե՞ ընդերքը դատարկել նման «կատաղի» տեմպով։ Ի պատասխան Արամյանը նշեց, որ 2011 թվականի կեսերից մետաղների միջազգային գները անգամներով նվազել են, Կառավարությունն ու հանքարդյունահանողները ունեցել են որոշում կայացնելու երկու տարբերակ։ «Առաջինը՝ փակել գործարանները, ինչի հետևանքով կփակվեին աշխատատեղեր, կնվազեին պետբյուջե հոսող հարկերը և այլն։ Գումարած՝ վնասներ կլինեին հարակից ոլորտների համար։ Երկրորդը՝ չփակվել ու նույն գնի պայմաններում մեծացնել արդյունահանման ծավալները, աշխատել շահույթով կամ ոչ վնասով՝ զրոյական։ Երկրորդ տարբերակը մեզ համար շատ ավելի նախընտրելի էր։ Եվ ես կարծում եմ՝ պղնձամոլիբդենային կոմբինատները ճիշտ որոշում են կայացրել։ Ընդհանրապես, աշխարհում բացարձակություն չի լինում՝ ինչ-որ մի բան պետք է անել ինչ-որ մի բանի հաշվին։ Պետք է կշռես՝ ինչ ես զոհաբերում և ինչ ես ստանում։ Հակառակ պարագայում՝ մենք կունենայինք տնտեսական բացասական աճ»,-  նշեց նախարարը։ 

Պղնձի խտանյութը Հայաստանից արտահանվել է մեծ մասամբ Բուլղարիա, ինչպես նաև՝ Շվեյցարիա, Չինաստան, Վրաստան, փոքր քանակով՝ Ռումինիա։

Տարվա առաջին կեսին արտահանվել է նաև մոտ 33 մլն դոլարի (5.9 հազ. տոննա) չզտած պղինձ, որն առաքվել է Գերմանիա։ Արտահանման քանակը նվազել է 6%-ով, իսկ արժեքն աճել  7%-ով։

Արտահանվել է նաև մոտ 1 հազ. տոննա պղնձի թափոն և ջարդոն՝ 2.4 մլն դոլարով։ Այն առաքվել է ԱՄՆ, Հնդկաստան և ԱՄԷ։ Արտահանումն ավելի քան կրկնապատկվել է 2016-ի առաջին կիսամյակի համեմատ։

Կես տարում արդյունահանվել է ավելի քան 200 հազ. տոննա պղնձի խտանյութ

Ըստ Ազգային վիճծառայության՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արդյունահանվել է շուրջ 206 հազ. տոննա պղնձի խտանյութ, որը 6.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Միևնույն ժամանակ, չզտած (կոնվերտորային) պղնձի ծավալները կազմել են 5.9 հազ. տոննա, անկումը՝ 5.8%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter