HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ավելի ինտենսիվ դատարկելով ընդերքը. Հայաստանից պղնձի արտահանման քանակը 28.5%-ով աճել է

Համաշխարհային շուկայում պղնձի ոչ նպաստավոր գները չեն խանգարել, որ դրա արտահանումը Հայաստանից աճի նախորդ տարի, սակայն այդ աճը հաջողվել է ապահովել ընդերքն ավելի մեծ տեմպերով դատարկելու հաշվին։ Գումարած դրան՝ ոչ մի կերպ չի թուլանում Հայաստանի տնտեսական կախվածությունը գունավոր մետաղների համաշխարհային գներից։

Պղինձը կրկին առաջատարն է Հայաստանի արտահանման կազմում։ 2016 թվականին, ըստ ՀՀ մաքսային ծառայության, արտահանման մաքսային արժեքով պղնձի խտանյութը գերազանցել է բոլոր ապրանքատեսակներին։

Շարունակվում է նույն մտահոգիչ միտումը՝ պղնձի արտահանման արժեքն աճում է ֆիզիկական ծավալների շատ ավելի զգալի աճի հաշվին. 2016 թվականին արտահանման ֆիզիկական ծավալները, 2015-ի համեմատ, աճել են 28.5%-ով, մինչդեռ դրա արժեքն աճել է ընդամենը 12.7%-ով։ Սա նշանակում է, որ երկրի ընդերքն ավելի ինտենսիվ է շահագործվում։ Ասվածի մասին են վկայում նաև արդյունահանման ծավալները (տե’ս երրորդ ինֆոգրաֆիկան)։

Նախորդ տարի, ընդհանուր առմամբ, Հայաստանից արտահանվել է ավելի քան 397 հազ. տոննա պղնձի հանքաքար և խտահանք, որի մաքսային արժեքը կազմել է շուրջ 357 մլն ԱՄՆ դոլար։ 2015 թվականի համեմատ արժեքն աճել է 40 մլն դոլարով, քանակը՝ 88 հազ. տոննայով։

Նախորդ տարվա երրորդ եռամսյակի վերջում և չորրորդի ընթացքում համաշխարհային շուկայում պղնձի գնաճ արձանագրվեց։ Ու չնայած այս թանկացմանը՝ Հայաստանից արտահանվող պղինձի խտանյութի մեկ տոննայի միջին գինն ավելի ցածր է եղել, քան 2015-ին։ Այսպես, եթե 2015-ին այն կազմել է շուրջ 1020 դոլար, ապա 2016-ին՝ 890 դոլար։ Համեմատության համար՝ հինգ տարի առաջ (2011թ.), օրինակ, մեկ տոննայի արժեքը գերազանցում էր 2000 դոլարը։ Նախորդ տարվա ժամանակավոր թանկացումը, ենթադրվում է, որոշակի ազդեցություն թողած կլինի Հայաստանից արտահանվող պղնձի խտանյութի գնի վրա, սակայն այն, ինչպես տեսանք, մեծ չի եղել։

Պղնձի համաշխարհային գներն այս պահին ևս լավատեսություն չեն ներշնչում։ Քանի որ պղնձի խտանյութը Հայաստանի արտահանման կազմում առաջատարն է ու զգալի տեղ է գրավում, հետևաբար՝ միջազգային շուկայում գնային ցանկացած տատանում ազդում է դրանից ստացվող եկամուտների վրա։ Այսինքն՝ մեր երկիրն այս պահին չափազանց զգայուն է այդ գների նկատմամբ, ինչն էլ խոսում է մեծ կախվածության մասին։ Ի դեպ, սա այն արտաքին գործոններից մեկն է, որին սիրում են հղում անել մեր տնտեսության պատասխանատու պաշտոնյաները, երբ արտահանման ոլորտում նվազման միտումներ են գրանցվում, և նրանցից բացատրություն է պահանջվում։

Լոնդոնի մետաղների բորսայի (The London Metal Exchange) տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա հունվար-փետրվարի ընթացքում պղնձի մեկ տոննայի միջին գինը հատել է 6 հազ. դոլարի շեմը, իսկ մարտից նվազում է գրանցվում։ Այսօրվա դրությամբ այն շուրջ 5700 դոլար է։ Ներկայացված երկու գծապատկերներից առաջինում կտեսնեք այն, ինչի մասին նշեցինք։ Իսկ երրորդում գները ներկայացված են ավելի լայն կտրվածքով՝ սկսած 2007 թվականից, ինչը թույլ է տալիս տեսնել, որ պղինձ գնի ամենաբարձր մակարդակը 2011-ին է գրանցվել։ Դրան հաջորդող տարվանից հետո պարբերաբար գնանկում է տեղի ունենում, ինչից Հայաստանն ու պղինձ արտահանող մյուս երկրները տուժում են։

Հայաստանից պղինձը դուրս է գալիս նաև չզտած (կոնվերտորային), ինչպես նաև՝ որոշակի քանակության թափոն-ջարդոնի տեքսով։ Նախորդ տարի արտահանվել է մոտ 63 մլն դոլարի չզտած պղինձ (12.5 հազ. տոննա), ինչպես նաև՝ մոտ 3 մլն դոլարի թափոն-ջարդոն (1.5 հազ. տոննա)։  Չզտած պղնձի արտահանումը նվազել է 2.9 մլն դոլարով կամ 4.4%-ով, իսկ թափոն-ջարդոնինը՝ 3.5 մլն դոլարով կամ ավելի քան կրկնակի։

Պղինձը Հայաստանում վերջնական մշակման չի ենթարկվում՝ արտահանվելով «հում» տեսքով։ Շատ է խոսվում մեր երկրում դրա վերջնական մշակման համար համապատասխան պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին, նույնիսկ որոշ քաղաքական ուժեր իրենց նախընտրական ծրագրերում այս մասին կետեր են ներառել, բայց անհրաժեշտության դեպքում չեն կարողանում սպառիչ հիմնավորել, թե ինչպես և ինչ միջոցներով կարելի է այն իրագործել։


Create line charts

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2016 թվականին Հայաստանում արտադրվել է ավելի քան 388 հազ. տոննա պղնձի խտանյութ (հանքահքար և խտահանք)։ 2015-ի համեմատ այս ցուցանիշը 23.1%-ով աճել է։ Պղնձի արտահանումը, բնակաբանար, աճում է արդյունահանման նույնչափ արագ տեմպերով աճի հաշվին։

Խտանյութի գերակշիռ մասն առաքվել է Չինաստան ու Բուլղարիա

Այսօր Հայաստանում արդյունահանվող պղնձի խտանյութի հիմնական գնորդներն են Բուլղարիան, Շվեյցարիան, Չինաստանը, Ռումինիան ու Վրաստանը։

2016-ին Հայաստանից արտահանված 357 մլն ԱՄՆ դոլար պղնձի խտանյութի ավելի քան 40%-ն առաքվել է Բուլղարիա, 27%-ը՝ Վրաստան, 18%-ը՝ Չինաստան, 7%-ը՝ Ռումինիա, 6%-ը՝ Շվեյցարիա, մնացածն՝ այլ երկրներ։ Ուշագրավ է, որ դեպի Վրաստան Հայաստանից պղնձի խտանյութի արտահանումը 2015 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվել է, նույնն  էլ՝ դեպի Բուլղարիա արտահանումը։ Վրաստանի մասով ևս որոշակի աճ կա։ Փոխարենը կրկնակի պակասել է դեպի Չինաստան արտահանումը։ Դեպի Ռումինիա արտահանումը ևս որոշակի անկում է ապրել։

Ինչ վերաբերում է չզտած պղնձին, ապա` գնորդը շարունակում է մնալ Գերմանիան։ Իսկ պղնձի թափոն և ջարդոնն առաքվել է մեծամասամբ ԱՄՆ և Բելիզ։

Այսպիսով, Հայաստանից պղնձի արտահանումը 2016 թվականին ևս շարունակել է աճել, ինչը հաջողվել է երկրի ընդերքն ավելի ինտենսիվ դատարկելու շնորհիվ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի կախվածությունը պղնձի շուկայից չի թուլանում։ Առհասարակ, Հայաստանի արտահանման կազմում անառողջ երևույթների պակաս չկա, մինչդեռ մեր երկրում որպես տնտեսական աճ ապահովող հիմնական գործոններից մեկը դիտարկվում է արտահանումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter