HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Դատարանը աջակցեց Երեւանի քաղաքապետարանին` մերժելու բաց փաստաթղթերի տրամադրումը

Հունիսի 9-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց «Հետաքննող լրագրողներն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի» գործի քննությունը: Հիշեցնենք, որ կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը 2003թ. հոկտեմբերին դիմել էր քաղաքապետարան՝ խնդրելով թույլ տալ ծանոթանալ Ազգային օպերայի եւ բալետի պետական թատրոնի տարածքի հանրային այգում սրճարաններ կառուցելու համար 1997-2003թթ. կատարված հողհատկացումների մասին որոշումներին:

«Ձեզ անհրաժեշտ է ճշտել՝ ի՞նչ կոնկրետ տեղեկություններ եք ակնկալում ստանալ Երեւանի քաղաքապետարանից»,-եղել էր քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Կոշեցյանի պատասխանը: Կազմակերպության՝ ՀՀ Նախագահին հասցեագրված դիմում-բողոքը կրկին ուղարկվել էր քաղաքապետարան, որին դարձյալ հետեւել էր պրն Կոշեցյանի պատասխանը. ««Մամուլի եւ ԶԼՄ մասին» օրենքի 4-րդ եւ 27-րդ հոդվածները սահմանում են լրագրողի իրավունքները, բայց չեն սահմանում պաշտոնատար անձի պարտականությունները: Ձեր բարձրացրած հարցերի ոչ կոնկրետության պարագայում Երեւանի քաղաքապետարանը հնարավոր չի համարում նման տվյալների տրամադրումը»: Չկարողանալով օրենքով սահմանված կարգով ստանալ անհրաժեշտ տեղեկությունները՝ կազմակերպությունը դատական կարգով բողոքարկեց քաղաքապետարանի մերժումը: 

Դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ սկսված առաջին դատական նիստի հենց սկզբում «Հետաքննող լրագրողներ»-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանը հայտարարեց, որ պատրաստ է հաշտություն կնքել, «եթե քաղաքապետարանը եռօրյա ժամկետում տրամադրի պահանջվող տեղեկությունները»: Քաղաքապետարանի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Կարինե Դանիելյանը նշեց, որ քաղաքային իշխանությունները պատրաստ են տեղեկություններ տրամադրել, եթե նշվի, թե հատկապես ո՞ր օբյեկտների հողհատկացումների մասին է խոսքը:

Է. Բաղդասարյանը մեկնաբանեց, որ իրեն անհրաժեշտ են Օպերայի հրապարակին հարակից փողոցներով շրջապատված տարածքում վերջին 7 տարիներին արված հողհատկացումների վերաբերյալ որոշումները: Լրագրողը չէր կարող թվարկել բոլոր օբյեկտները, քանի որ դրանց մի մասը դեռ կառուցվում են եւ անանուն են: Քաղաքապետարանի ներկայացուցիչը մեկ շաբաթ ժամանակ խնդրեց Է. Բաղդասարյանի հարցին պատասխանելու հնարավորությունն ուսումնասիրելու համար: Դատական նիստից անմիջապես հետո կազմակերպությունը Երեւանի քաղաքապետարան ուղարկեց տեղեկություն ստանալու հարցման լրացումը. «Խնդրում ենք դատարանի սահմանած մեկշաբաթյա ժամկետում տրամադրել Ազգային օպերայի եւ բալետի պետական թատրոնի՝ Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի, Մաշտոցի պողոտայի եւ Սայաթ Նովա փողոցի, Սայաթ Նովա եւ Տերյան փողոցների, Տերյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկներով սահմանափակված տարածքների ներսի հատվածում գտնվող սուբյեկտների ցանկը, դրանց հողհատկացման վերաբերյալ որոշումները եւ հիմքերը»: Թեւե մինչեւ դատական հաջորդ նիստը՝ հունիսի 21-ը, լրացել էր քաղաքապետարանի ներկայացուցչի խնդրած եւ դատարանի նշանակած մեկշաբաթյա ժամկետը, քաղաքապետարանն այդպես էլ ոչ տրամադրեց պահանջված տեղեկությունները, ոչ էլ որոշում կայացրեց դրանց «տրամադրման հնարավորության» մասին:

Հունիսի 21-ին` դատական երկրորդ նիստի ժամանակ, քաղաքապետարանի ներկայացուցիչ Կարինե Դանիելյանը հետին թվով` 16.06.04 թվագրված մի գրություն ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի ստորագրությամբ, որտեղ նշված էր. «Ձեր կողմից ներկայացված դիմումից պարզ չէ, թե կոնկրետ որ սուբյեկտների մասին եք ակնկալում տեղեկություններ ստանալ: Նշված պայմաններում Երեւանի քաղաքապետարանը չի կարող Ձեզ որեւէ տեղեկատվություն տրամադրել»: Ինչպես դատական առաջին, այնպես էլ երկրորդ նիստի ժամանակ քաղաքապետարանի ներկայացուցիչը պնդեց, թե «կոնկրետ սուբյեկտների անունները նշելու դեպքում տեղեկատվությունը կտրամադրվի»: «Հետաքննող լրագրողներ»-ի փաստաբան Արա Զոհրաբյանն առարկեց` ասելով, թե կազմակերպության հարցումը առավել քան հստակ է, հարցման մեջ անգամ նշված են այն փողոցները, որոնց ներսում գտնվում են այդ տարածքները եւ դրանց վրա կառուցված սրճարանները: Բացի այդ, կազմակերպությունն իրավունք ունի հարցումը կատարել ինչպես ըստ սուբյեկտների, այնպես էլ ըստ տարածքների: 

Քաղաքապետարանի չհիմնավորված համառությունը կոտրելու համար Արա Զոհրաբյանը դատարանում հարցրեց. «Ինչպե՞ս եւ ու՞մ կողմից կարող էր դիմող կողմը այդ տարածքի սուբյեկտների վերաբերյալ տեղեկություններ ստանալ, եթե ոչ քաղաքապետարանից, այն է` այդ հողամասերի ճակատագիրը տնօրինող պետական մարմնից»: «Հարցրեք կոնկրետ տնտեսվարող սուբյեկտներից»,-ասաց քաղաքապետարանի իրավաբանը: Քաղաքապետարանի ներկայացուցչին «օգնության հասավ» դատավոր Գայանե Կարախանյանը. «Ինչու՞ չեք դիմում անշարժ գույքի պետական կադաստր: Դիմեք, անունները ճշտեք, հետո կոնկրետ անուններով դիմեք քաղաքապետարան»: Առավել զարմանալի էր դատավոր Գ. Կարախանյանի երկրորդ հարցը. «Ինչու՞ այլ ճանապարհով չեք փորձում ստանալ այդ տեղեկատվությունը»: «Քաղաքապետարանից ռեալ աղբյուր տվյալ տեղեկատվությունը ստանալու համար չկա, նա է տիրապետում այդ հողատարածքների հատկացումների մասին ինֆորմացիային»,-ասաց փաստաբան Զոհրաբյանը: Իր ավարտական խոսքում փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ «պատասխանող կողմը չկարողացավ ապացուցել իր անգործության հիմքում ընկած հանգամանքները, չապացուցեց նաեւ, որ դիմող կողմի նմանօրինակ պահանջը հնարավոր չէ կատարել այդ տեղեկատվության բացակայության պատճառով»: «Քաղաքապետարանը ուղղակիորեն խուսափում է տեղեկություններ տրամադրել, ընդ որում` չի նշում որեւէ իրավական ակտ, որի հիման վրա մերժում է տեղեկության տրամադրումը»,-դատավորին դիմեց Արա Զոհրաբյանը: 

Դուրս գալով խորհրդակցական սենյակից` դատավոր Գայանե Կարախանյանը հրապարակեց իր վճիռը. ««Հետաքննող լրագրողների ընկերակցություն» ՀԿ դիմումը ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձի անգործությունը վիճարկելու մասին` մերժել»: 

Կազմակերպությունը առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկելու է Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: 

Տես նաեւ` 

ՀՀ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին 

Դիմողներ՝ «Հետաքննող լրագրողների ընկերակցություն» հասարակական կազմակերպություն 

Լրագրող՝ Էդ. Բաղդասարյան (ք.Երեւան, Մաշտոցի 2, բն 40, հեռ. 523571) 

ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի (ք., Երեւան 15, Գրիգոր Լուսավորիչ -13 ) 

«14» ապրիլ. 2004թ.

ԴԻՄՈՒՄ

 (պաշտոնատար անձի անգործությունը վիճարկելու մասին) 

«Հետաքննող լրագրողների ընկերակցություն» հասարակական կազմակերպության լրագրողները լրագրողական հետաքննություն են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի կողմից Երեւանի կանաչ տարածքներում հողհատկացումների, դրանց իրական տերերի եւ այնտեղ կառուցվող ապօրինի շինությունների վերաբերյալ: Շարքի 7 հոդված տպագրվել է «Առավոտ» օրաթերթում` «Մենք գիտենք` ովքեր են տերերը» խորագրով: 

 ՀԿ-ի նախագահ եւ լրագրող Էդ. Բաղդասարյանը (այսուհետ՝ ՀԿ) 02.10.2003թ. դիմել էր Երեւանի քաղաքապետ Ե.Զախարյանին խնդրելով թույլատրել ծանոթանալու նախկին Երեւանի քաղաքապետեր Վ.Սիրադեղյանի, Ս.Աբրահամյանի, Ա.Բազեյանի եւ Ռ.Նազարյանի 1997թ-ից մինչեւ 2003թ-ը ընդունված ՀՀ ազգային օպերայի եւ բալետի թատրոնի մերձակա տարածքներին վերաբերող որոշումներին, պատճառաբանելով, որ ՀԿ-ն հոդվածաշար է պատրաստում այդ տարածքում գտնվող սրճարանների վերաբերյալ: 

 2003թ. նոյեմբերի 12-ին (դիմումն ստանալուց 40 օր անց) Երեւանի քաղաքապետարանը, ի դեմս աշխատակազմի ղեկավար Ս.Կոշեցյանի, պատճառաբանելով, որ «..անհրաժեշտ է ճշտել ինչ կոնկրետ տեղեկություններ եք ակնկալում ստանալ Երեւանի քաղաքապետարանից» հնարավորություն չի ընձեռել (չի թույլատրել) ՀԿ-ին ծանոթանալու նախկին քաղաքապետերի ընդունած որոշումներին: 

 ՀՀ նախագահին հղված ՀԿ-ի դիմում-բողոքին նմանաբովանդակ պատասխան է տվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ս.Կոշեցյանը: 

 Գտնում ենք, որ Երեւանի քաղաքապետարանն ի հակասումն ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի, «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Կոնվենցիայի (այսուհետ` Օրհուսի կոնվենցիա) 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածների, «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ «ԶԼՄ մասին» ՀՀ օրենք) 4-րդ եւ 27-րդ հոդվածների, «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ, 4-րդ, 6-րդ հոդվածների պահանջների դրսեւորել է բացարձակ անգործություն խախտելով ՀԿ-ի՝ 

- տեղեկություններ եւ ազատություններ ստանալու եւ տարածելու ազատությունը երաշխավորված ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածով, Կոնվենցիայի 10-րդ հոդվածով եւ վերոհիշյալ նորմերով հետեւյալ պատճառաբանությամբ. 

 ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք` ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատություն տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:

 Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից:»: 

 Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն էկոլոգիական տեղեկատվությունը տրամադրվում է առավելագույն սեղմ ժամանակամիջոցում, սակայն ոչ ուշ, քան խնդրանքի ներկայացման օրվանից մեկ ամիս հետո....: Իսկ նույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն էկոլոգիական տեղեկատվություն է համարվում նաեւ մարդկանց առողջության եւ անվտանգության, կյանքի պայմանների, մշակույթի օբյեկտների եւ շենքերի ու շինությունների մասին տեղեկությունները, այն չափով, որ չափով նրանց վրա կարող է ազդել շրջակա միջավայրի բաղադրիչների վիճակը...: 

 «ԶԼՄ մասին» ՀՀ օրենքի՝ 

 - 4-րդ հոդվածի համաձայն «մամուլը եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներն իրավունք ունեն ցանկացած պետական մարմիններից, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպություններից, դրանց ղեկավարներից ստանալու տեղեկություններ, եթե պահանջված լրատվության տրամադրումը չի հակասում տվյալ կազմակերպության կանոնադրությանը եւ սույն օրենքի 6 հոդվածի պահանջներին.», 

 - 27-րդ հոդվածի համաձայն «լրագրողն իրավունք ունի հավաքել եւ հրապարակել լուրեր եւ տեղեկություններ»: 

 Վերոհիշյալ նորմերի համաձայն ՀԿ-ն իրավասու է եղել Երեւանի քաղաքապետարանից պահանջել տեղեկություններ: 

 Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն քաղաքացիների, իրավաբանական անձանց դիմումներին ընթացք է տրվում հարցն ըստ էության լուծելու համար պետական մարմնում դիմումը մուտքագրվելուց հետո մինչեւ մեկ ամսվա ընթացքում, այնինչ Երեւանի քաղաքապետարանը դիմումին միայն ձեւական անհիմն պատասխան է տվել 40 օր հետո: Հիշյալ նորմի համաձայն քաղաքապետարանը պարտավոր էր ըստ էության լուծել դիմումում նշված հարցը, այսինքն թույլատրել ՀԿ-ին ծանոթանալու համապատասխան տեղեկություններին: 

 Անհիմն է եւ անօրինական նաեւ Երեւանի քաղաքապետարանի պատճառաբանությունն առ այն, որ ՀԿ-ի դիմումում բարձրացված հարցերը կոնկրետ չեն, քանի որ ՀԿ-ի 02.10.2003թ. դիմումում նշված է եղել կոնկրետ հարցերը, այն է՝ նախկին Երեւանի քաղաքապետեր Վ.Սիրադեղյանի, Ս.Աբրահամյանի, Ա.Բազեյանի եւ Ռ.Նազարյանի 1997թ-ից մինչեւ 2003թ-ը ընդունված այն որոշումները, որոնք վերաբերում են ՀՀ ազգային օպերայի եւ բալետի թատրոնի մերձակա տարածքում գտնվող սրճարաններին: 

 Անհիմն է նաեւ Երեւանի քաղաքապետարանի 22.12.2003թ. գրության մեջ նշված պատճառաբանություն առ այն, որ «ԶԼՄ մասին» ՀՀ օրենքի 4-րդ եւ 27-րդ հոդվածները սահմանում են լրագրողների իրավունքները, բայց չի սահմանում պաշտոնատար անձի պարտականությունները, քանի որ՝ 

 - Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն պետական մարմինները եւ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ընդունել եւ իրենց լիազորությունների սահմաններում, նույն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում քննարկել դիմումները, պատասխանել դրանց եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, 

 - ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը, 

 - «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն պետական մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակում աջակցել անձանց նրան իրավունքներն իրականացնելիս: 

 Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 26-րդ գլխով. 

Խնդրում ենք` 

1. Անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետարանի անգործությունը՝ նախկին Երեւանի քաղաքապետեր Վ.Սիրադեղյանի, Ս.Աբրահամյանի, Ա.Բազեյանի եւ Ռ.Նազարյանի 1997թ-ից մինչեւ 2003թ-ը ընդունված ՀՀ ազգային օպերայի եւ բալետի թատրոնի մերձակա տարածքներին վերաբերող որոշումների մասին տեղեկություններ չտրամադրելու վերաբերյալ: 

 2. Պարտավորեցնել Երեւանի քաղաքապետարանին տրամադրելու նախկին Երեւանի քաղաքապետեր Վ.Սիրադեղյանի, Ս.Աբրահամյանի, Ա.Բազեյանի եւ Ռ.Նազարյանի 1997թ-ից մինչեւ 2003թ-ը ընդունված ՀՀ ազգային օպերայի եւ բալետի թատրոնի մերձակա տարածքներին վերաբերող որոշումների մասին բոլոր տեղեկությունները (ներառյալ հիմքերը): 

Կից ներկայացնում ենք` 

 1. ՀԿ-ի գրությունների պատճենները,

 2. Երեւանի քաղաքապետարանի գրությունների պատճենները,

 3. պետական տուրքի վճարման անդորրագիրը,

 4. դիմումի կրկնօրինակը:

 «Հետաքննող լրագրողների ընկերակցություն» ՀԿ Նախագահ եւ Լրագրող՝ Էդ. Բաղդասարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter