HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

ՊԵԿ-ը մերժեց նորաբաց փոքր բիզնեսի տնօրենի բողոքը

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի գանգատարկման հանձնաժողովը մերժել է նորաբաց «Ժասմին» գեղեցկության սրահի տնօրեն, անհատ ձեռներեց Հասմիկ Ավագյանի գանգատը և անփոփոխ թողել գեղեցկության սրահում իրականացված ստուգման ակտը:

«Հետքն» արդեն գրել է, որ Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության վերոնշյալ՝ դեկտեմբերի 29-ի թիվ 2109869 ստուգման ակտով Հասմիկ Ավագյանը տուգանվել է 150 հազար դրամով՝ հաճախորդին ՀԴՄ կտրոն չտրամադրելու հիմքով:

«Հաճախորդը» Արմինե Պետրոսյանն է: Դեկտեմբերի 22-ին գեղեցկության սրահի աշխատակից Գայանե Հարությունյանը մերսել էր Արմինեի աչքերի հատվածը, հարդարել հոնքերը և ամանորի զեղչ արել՝ ամբողջի համար պահանջելով 1000 դրամ: «Հաճախորդը» հերթագրվել է նաև դեկտեմբերի 29-ին գալու համար: Երբ Գայանեն «հաճախորդին» առաջարկել էր տալ ՀԴՄ կտրոն, վերջինն ասել էր՝ «պետք չի, ես 29-ին գալու եմ», ու հեռացել: Քանի որ Գայանեի ձեռքերին կրեմ էր եղել, նա որոշել էր լվացվել, նոր տպել ՀԴՄ կտրոնը: Հենց Գայանեն լվացվել հետ էր եկել, ներս էր մտել հարկային երկու տեսուչ և արձանագրել ՀԴՄ կտրոնը չտրամադրելը, ինչը պատժվում է 150 հազար դրամ տուգանքով:

Փետրվարի 1-ին տեղի ունեցած գանգատարկման հանձնաժողովի նիստի ժամանակ Հասմիկ Ավագյանը ստուգման ակտի դեմ ներկայացրել էր վարչական բողոք, որով հիմնավորում է, որ ակտը կայացվել է ի խախտումն ՀՀ օրենսդրության, որի հիմքով էլ անվավեր է:

Հղում անելով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2009թ-ի թիվ ՎԴ 1/0097/05/08 որոշմանը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթներին՝ անհատ ձեռներեցը, մասնավորապես, գրել էր, որ հարկային տեսուչներն իր մոտ ստուգումն իրականացրել են դեկտեմբերի 8-ին տրված ստուգման հանձնարարագրում նշված 10 աշխատանքային օրվա ժամկետն ավարտվելուց հետո, իսկ ստուգումը տեսուչները պարտավոր էին սկսելու դեկտեմբերի 8-ից ևեթ:

«…դա ընդամենը օրենսդրի պահանջն է՝ իր աչքի առաջ ունենալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասը, որը ոչ թե իրավունք է սահմանում, այլ ուշադրություն, անվերապահ պարտականություն: Դրա մասին է ուղղակիորեն ասում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածը, որը վերնագրված է «Վարչական մարմնի արագ գործելու պարտականություն» վերտառությամբ: Նշված հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում»,- իր բողոքում գրել էր Հասմիկ Ավագյանը:

Մինչդեռ ՊԵԿ-ն այլ դիրքորոշում ունի: Գանգատարկման հանձնաժողովի որոշման մեջ հանձնաժողովի նախագահ Տ.Բարսեղյանը գրել է, որ հանձնաժողովը լսել է Հասմիկ Ավագյանի, նրա ներկայացուցչի, ստուգումն իրականացրած պաշտոնատար անձանց փաստարկները, ուսումնասիրել գործին առնչվող նյութերն ու ապացույցները և եկել եզրակացության, որ անհատ ձեռներեցի գանգատը հիմնավոր չէ:

Գանգատարկման հանձնաժողովը համաձայն չէ անհատ ձեռներեցի այն պնդմանը, որ ստուգումը չէր կարող իրականացվել դեկտեմբերի 22-ին, և հղում է արել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածին: Ըստ այդ հոդվածի 1-ին կետի՝ «Տնտեսվարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր՝ յուրաքանչյուր տարվա համար, ընդ որում, ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը»:

«Քննարկվող դեպքում Հանձնարարագրով ստուգման ժամկետը սահմանվել է 10 աշխատանքային օր: Հանձնարարագիրը տնտեսվարող սուբյեկտին ներկայացվել է, ինչպես նաև ստուգումը փաստացի սկսվել և ավարտվել է 22.12.2011թ.-ին: Այսինքն, ստուգման ժամկետը Հանձնարարագրով սահմանվել է 10 աշխատանքային օր, սակայն փաստացի այն տևել է ընդամենը 1 օր»,- գրված է հանձնաժողովի որոշման մեջ՝ ընդգծելով, որ ստուգման ժամկետի սկիզբ է համարվում ոչ թե հանձնարարագրի հրապարակման, այլ ստուգումը փաստացի սկսելու օրը:

Ստուգումը փաստացի 1 օր տևելու մասին ՊԵԿ-ի դիտարկումը հակասում է Հասմիկ Ավագյանի և գեղեցկության սրահի աշխատակիցների պնդումներին: Նրանք «Հետքին» ասել են, որ բացի դեկտեմբերի 22-ից՝ նույն «հաճախորդը»՝ Արմինե Պետրոսյանն, իրենց սրահի ծառայություններից օգտվել է նաև նոյեմբերին ու հոկտեմբերին, այսինքն՝ հանձնարարագրի տրվելուց առաջ:

Գանգատարկման հանձնաժողովը համարել է, որ անհատ ձեռներեցը խախտել է ՀՀ կառավարության 2004թ. 1325-Ն որոշմամբ հաստատված կանոնների պահանջները, որի համար էլ նրա նկատմամբ կիրառվել է տուգանք:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ եթե Հասմիկ Ավագյանը խախտման փաստն արձանագրելուց հետո երկամսյա ժամկետում չմուծի 150 հազար դրամ տուգանքը, ապա այն կկրկնապատկվի:

Հասմիկ Ավագյանը պատրաստվում է վճարել տուգանքը, թեև, նրա խոսքերով, մոտ 8 ամիս առաջ բացված գեղեցկության սրահը շատ քիչ հաճախորդներ ունի և դեռևս եկամուտ չի ապահովում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter