HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Ջրի կռիվ»՝ Հյուսիսային պողոտայում

Այս պահին ջրազրկված է Հյուսիսային պողոտա 6 շենքի համատիրության գրասենյակը, շենքի հավաքարարները ևս ջուր չունեն՝ աշխատելու համար: Այս մասին հայտնեցին շենքի բնակիչները:

«Հետքին» արդեն գրել է, որ բնակիչները գանգատվում են տաք և սառը ջրամատակարարման, ջեռուցման և սառնամատակարարման ծառայությունների չափազանց բարձր գներից:

Հյուսիսային պողոտա 6-ի կաթսայատունը պատկանում է «Նորդ Այլենդ» ՓԲԸ-ին, որը կաթսայատունը վարձակալությամբ հանձնել է «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ին: ՍՊԸ-ն էլ որոշում է տաք և սառը ջրամատակարարման, ջեռուցման և սառնամատակարարման ծառայությունների գները:

Այս գործն արդեն դատարանում է: Հայցվոր կողմը՝ «Հյուսիսային պողոտա 6» համատիրությունը, դատարանից պահանջում է անվավեր ճանաչել շենքի բակի և բակում կառուցված կաթսայատան նկատմամբ «Նորդ Այլենդի» սեփականության իրավունքի պետական գրանցումը և բակն ու կաթսայատունը՝ իր բոլոր սարքավորումներով, ճանաչել շենքի սեփականատերերի սեփականություն: Իսկ «Նորդ Այլենդի» և «Նորդ Ավենյուի» ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Մինասյանը համոզված է, որ այս պահանջն անհիմն է ու անհեթեթ և ուրիշի ունեցվածքի նկատմամբ ոտնձգության դասական օրինակ է:

«Հյուսիսային պողոտա 6» համատիրության ներկայացուցիչ, փաստաբան Խաչատուր Օհանյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ որպես հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայտնելով, որ պատասխանողներն ամեն տեսակի միջոցներ ձեռնարկել են, որպեսզի խոչընդոտեն համատիրության ստեղծմանը՝ սպառնալով դադարեցնել շենքի ջրի ու ջեռուցման մատակարարումը:

Հայցվոր կողմը դատարանից խնդրել է արգելել «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ին դադարեցնել շենքի շինությունների այն սեփականատերերի սառը, տաք ջրամատակարարումը, սառեցման ու ջեռուցման մատակարարումը, որոնք պատշաճ վճարել են այդ մատակարարումների դիմաց, իսկ եթե այդ ծառայությունների մատակարարումն արդեն դադարեցվել է այդ սեփականատերերին, ապա պարտավորեցնել ՍՊԸ-ին վերականգնել մատակարարումը:

Դատարանը (դատավոր Էդիկ Ավետիսյան) փետրվարի 25-ին որոշեց մերժել Խաչատուր Օհանյանի միջնորդությունը: Դատարանի հիմնավորումը հետևյալն է. ««Նորդ Ավենյու» ՍՊԸ-ի կողմից Հյուսիսային պողոտա 6-րդ շենքին վճարովի ծառայությունների մատուցումից և դրանց դիմաց «Հյուսիսային պողոտա 6» համատիրության կողմից մատակարարին վճարումներ կատարելու հետ կապված հարաբերություններըւ, ինչպես նաև վճարային պարտավորությունները անպատշաճ /թերի/ կատարելու հետևանքով ծառայություններն ամբողջությամբ կամ մասնակի, մշտապես կամ ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված հարաբերությունները չեն առնչվում սույն գործով հայցի հիմքի և առարկայի հետ»:

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի գրության՝ «Նորդ Այլենդ» ՓԲԸ-ն պատկանում է «Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին: Իսկ «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ի բաժնեմասերի 70 %-ը պատկանում է Բահամներում գրանցված «Մեզվյու» ՍՊԸ-ին: «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ում բաժնեմասեր ունեն նաև Գալինա և Մարինե Եդիգարյանները, Շահբազ Հարությունովը:

Նշենք, որ «Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ն պատկանում է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի եղբայրներին:

Ուղղում
Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը և հայտնում, որ լուրի նախավերջին պարբերության առաջին նախադասության մեջ տեղ է գտել վրիպակ. «պատկանում է» բառը պետք է լինի «պատկանում էր»:

Մեկնաբանություններ (3)

Aa
Armen, shenq@ chi Haruthyunyannerin@, ayl @ndhamen@ katsayatun@.
Կարեն
Հերիք չէ՞ այդքան թալանել են, հիմա ջուր չտալով են ճնշում ժողովուրդին... էս հանրապետակաների մեջ կա՞ մի մարդ որ ավազակ չէ..
արմեն
Նախկին արդարադատության նախարարի եղբայրը որտեղից է այսպիսի գումարներ ձեռք բերել որ շենքեր է կառույցել Հյուսիսային պողոտայում? Արդյոք սա մեր երկրից գողացված գումարները չեն որ Դավիթի ընտանիկքը շահագործում է? հետո, ոնցեն գերակա շահով ստացած տարածքը խափելով բնակիչներին դարցել մենաշնորային ջուր և ջեռուցում մատակարարող գերշահույթի միջոց?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter